Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմակերպության ջատագովն է հայտնվել, մյուս կողմը ժողովրդական լայն իրավունքների ու սկզբունքների պաշտպանը։ Այժմ էլ նրանք գալիս են իրար դեմ այսօրվան կաթողիկոսական հարցում։ Մինը ոգևորում է նոր հոգևորականություն ստեղծելու, եկեղեցին կազմակերպելու ծրագրով, մյուսը ուզում է ժողովրդի ձայնն ու իրավունքներն ապահովի հայոց եկեղեցու գործերի և նրա միջոցով մեր կուլտուրական-դպրոցական հաստատությունների վրա։ Այսօր եկեղեցական հոսանքն ավելի է կազմակերպված ու շահագրգռված, նրա թեկնածուներն էլ ավելի են շեշտված իրենց ուղղության մեջ, այս պատճառով էլ նա հենց առաջին օրից սկսեց իր պրոպագանդան ավելի եռանդուն ու պայքարն ավելի կրքոտ, իրար ետևից մեջտեղ քաշելով իր թեկնածուներին՝ Օրմանյան, Կարապետ, Սուքիաս և Կյուլեսերյան եպիսկոպոսներին, հակառակ կողմը հրելով Սուրենյան, Դուրյան, Մեսրոպ և Մուրադբեկյան եպիսկոպոսներին ու Բագրատ վարդապետին։ Հառաջադիմական կամ ժողովրդական բանակն ավելի դաժան է ու ցրիվ, ուժերն իրարից հեռու, հեռու նույնիսկ իրենց կողմը կանգնած թեկնածուներից, դրա համար էլ ավելի շատ զբաղվել է հակառակորդի աճապարանքով առաջ բերած թեկնածուները տապալելու գործով։

Նրա հարվածներից Օրմանյան եպիսկոպոսը, որ իր բանակի կենտրոնն է կազմում, արդեն այնքան է վտանգված, որ եկեղեցականները նրանից հետո այժմ առաջ քաշելով Կարապետ եպիսկոպոսին, հավատացնում են, որ նա ոչ մի հողեղեն կամ հոգեղեն կապ չունի Օրմանյանի հետ։ Իհարկե, անհաջող է այս հավաստիացումը և հարվածներն այժմ կենտրոնանում են Կարապետ եպիսկոպոսի վրա։

Եկեղեցական հոսանքի և նրա թեկնածուների ամենաջերմ ախոյանները հանդիսացան պ․ Ս․ Չերքեզյանը, հայտնի Կատոնն ու պ. Ե. Տեր-Մինասյանը։ Կատոնը, որ առանձնապես Օրմանյան եպիսկոպոսին է առել իր պաշտպանության առարկա, ընտրել պայքարի մի այլանդակ եղանակ և շարունակ ձգտում է քաղաքական անբարեհուսության կասկած հարուցանելով լռեցնել հակառակ կողմը և կասկածելի դարձնել նրա թեկնածուներին։ Պ<արոն> Ե․ Տեր-Մինասյանը