Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Հրամանք ես. մին էլ էն ա, որ դա խո տերտերի տղա չի, որ ինքն էլ տերտեր դառնա։

— Էլ ուրիշ բան ունի՞ս նրա դեմ ասելու։

— Ոչ… էս մի՞թե քիչ ա։

— Դու ի՞նչ ունիս ասելու,— հարցնում է մյուսին։

— Ես էլ էն եմ ասում, որ դա, թե տերտեր դառնալու միտք ուներ, ընչի չէր մի ստաքան արաղ վեր ունում, գալիս իմ տունը―հլա մի երկու հետ էլ խնդրվում, որ ես էլ իրան կողմն էի խոսացել։

— Էլ ուրիշ ի՞նչ գիտես նրա մասին։

— Էլ ուրիշ բան չի գիտեմ։ Դե նա ուսումի գնացած էր, նոր ա եկել, իսկի թամամ ճանաչում էլ չեմ։

— Բաս ինչի՞ ես խնդրի տակին ստորագրել―թե մենք քաջ ճանաչում ենք, անբարոյական է ևն։

— Նրա համար, որ խափանեմ դրա գործը։

— Ընչի՞ խափանես։

— Դե էնա էնհենց խափանեմ էլի։

Մի ուրիշն է առաջ գալիս։

— Ես բան չի գիտեմ, տերտեր ջան, մեր տղերքն ասին արի ձերք քաշի, ես էլ ձերք քաշեցի․ հմի դու էլ ինչ որ ասում ես, թող քու ասածն ըլի։

Գալիս է հետևյալը։

— Մեր տերտերը 50 տարի մեզ վրա քահանայություն ա արել․ դրա խաթեր էլ ես ուզում եմ, որ նրա տղերանցից մնին քահանա շինենք, որ նրա ծուխը չկտրի…

Այս բոլորից հետո հայր քննիչը դիմեց ժողովրդին, յուր զարմանքը հայտնեց, որ այսպիսի պատճառներով ժողովուրդը հակառակում է, ուզում է խափանել պ. Տ. Վ.-ի ձեռնադրությունը, և որ ժողովուրդը չի հասկանում յուր օգուտը, առաջ է քաշում մի տգետ հովվի և չի ընդունում մի ուսումնական մարդու քահանայությունը։

— Ուսումնական ա, թող գնա իրան ուսումը կարդա,― աղաղակում է ամբոխը և յուր անմիտ, ծիծաղելի պատճառաբանություններով, որ հիշեցի (և որ մուծված են քննության արձանագրության մեջ), գնում է սինոդ, գալիս կոնսիստոր―բան ու գործ թող արած, հույսերը կաշառքի վրա դրած։

37