Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեց և շարունակեց Արծրունին, միևնույն ժամանակ իր սրտին մոտ ընդունելով նաև տաճկահայ խնդիրը։

Սակայն մյուս կողմից, թեև Արծրունին օժտված լուսավոր գաղափարներով, բայց և այնպես հայ գրականության վերաբերմամբ շատ տարօրինակ դիրք բռնեց։ Այն բոլոր գրողները, որոնք չեն մասնակցում «Մշակին», չուզեց ճանաչել և դրա արդյունքն այն եղավ, որ Գ․ Պապյանի և Հ․ Տեր-Գրիգորյանի նման գրողներ արժանացան «Մշակի» էջերում վիպասան անվան, իսկ իրոք հայտնի գրողները մոռացության տրվեցին «Մշակի» կողմից, թեև նրանք ներկայումս մեր գրականության մեջ պատվավոր տեղ ունեն գրաված։

«Մշակից» հետո եկավ մի ուրիշ շրջան։ Գամառ Քաթիպան, Րաֆֆին, Նալբանդյանն արդեն իջել են գերեզման, սակայն նրանց ձայնը հնչում էր ամենուրեք և հայ ժողովուրդն սկսում էր կազմակերպվել։ 90-ական թվականների շրջանն էր այդ։ Կազմակերպվում էր հայ հեղափոխությունը, որ իր վրա վերցրեց տաճկահայ եղբայրների ծանր լուծի թեթևացման դժվարին միսիան։ Հայ իրականության հարազատ ձայնն էր, որ արթնանում էր և այդ արթնացումը, ըմբոստացումը ունեցավ իր զանազան շրջանները։

Հայ երիտասարդությունը Արաքսի այն ափում կռվի գործունեության միսիան իր վրա վերցրած, եռանդուն կերպով առաջ էր տանում իր գործը։

Անմասն չէր մնում նաև Արաքսի այս ափը։ Այստեղ էլ բնաշխարհիկ գրողներ իրենց գրվածներով գյուղի ցավն ու դարդն էին բերում։ Հանդես էր գալիս գյուղի վաշխառուն, հարուստ աղան, աշխատավոր, զրկված հայ շինականը, իրավազուրկ հայ կինը, թեև անկերպարան ու անորոշ վիճակում։ Դրանք, սակայն, այն հարցերն էին, որոնք այսօր զանազան անունների տակ դարձել են մեծ, այրող խնդիրներ։

Այժմ դասակարգերի անուններ են տալիս նրանց, ճնշող ու ճնշվող, հարստահարող ու հարստահարվող, որոնք նոր չեն մեր գրականության համար։ Սակայն սիստեմատիկ կերպով մեր գրականությունը դեռևս հնարավորություն չի ունեցել