Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվականի ռուսների հաղթանակեց հետո, Ադրիանապոլսի դաշնագրով մեղմացավ հայ ու վրացի գերիների առևտուրը։

Բայց չէ՞ որ աղջիկների ու կանանց հափշտակություններով ու հարեմները լցնելով պատուհասը չէր վերջանում։ Էդ հարեմները պետք է պահվեին։ Հարեմն ինքն իրեն պահել չէր կարող, որովհետև նա ինքը պարապ ու անգործ կանանց մի բանտ էր կամ տուն, ինչպես կուզեք։ Հարեմի տերն էլ ո՛չ վաճառական էր, ո՛չ արհեստավոր, ո՛չ երկրագործ։ Վերջապես ինչ էլ որ լիներ, անկարելի բան էր մի մարդու արդար աշխատանքով էս ամենի ծախքը հոգալ։ Եվ ահա անխուսափելի կերպով սկսվում էր մի նոր արշավանք՝ այժմ էլ պետք էր ապրուստ կողոպտել։

— Ո՞րտեղից։

— Իհարկե, դարձյալ նույն տեղից, չորս կողմից, կողքի հարևանից…

Սկսվում էին նոր կեղեքումներ, նոր անիրավություններ, նոր բողոքներ ու նոր ընդհարումներ։

Եվ եթե էստեղ Կովկասի պատմությունից, գրականությունից ու դոկումենտներից էս առարկային վերաբերյալ փաստեր առաջ բերեի, ընթերցողը միանգամայն պարզ կտեսներ, թե ինչո՞ւ էին հայն ու վրացին դարերով անդադար դիմումներ անում Ռուսաստանին՝ գալ իրենց ազատել մահմեդական տերությունների լծի տակից, ինչո՞ւ էին հանձն առնում ամեն զոհաբերություն և ինչո՞ւ էր նրանց հարցի անունր «կյանքի, գույքի ու պատվի» հարց։

Եվ, պատերազմ սկսելով մահմեդական աշխարհքի հետ, ճիշտ էին ասում ռուս դիպլոմատները, թե մեզ պրոպագանդիստներ չեն հարկավոր Պարսկաստանում ու Տաճկաստանում, մեր ամենալավ պրոպազանդիստները իրենք պարսիկներն ու թուրքերն են։

Էս բանը չէր նկատում միայն հարեմում հյուծված, մեղկության մեջ միտքն ու հոգին թմրած, ու՝ ոչ թե պետական իմաստությունը, այլև հասարակ մարդկային խղճմտանքն ու առողջ դատողությունը կորցրած, մահմեդական տիրող ու