Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ուզում եմ օրինակով խոսել Ձեզ հետ։ Դուք գիտեք, որ ես սիրում եմ մեր ժողովրդի առասպելներն ու հեքիաթները։ Ահա էդ հեքիաթներից մինը ասում է՝ [հերոսը] մի ժողովուրդ պատուհասված էր։ Էդ ժողովրդի ընտիր զավակը, հերոսը [գնում է] ճանա<պարհվում է> ճար գտնելու և փրկելու իր ժողովուրդը պատուհասից։ Իմանում է, որ ճարը անմահական ջուրն է, բայց անմահական ջուրն էլ գտնվում է կախարդական աշխարհքը։ ճանապարհին նրան պատահում է իմաստունը։ Ասում է՝ [իմացիր կախարդական աշխարհքի] քո ճանապարհին գետ կա, որ լեղի է հոսում։ Նրա ջրից պիտի խմես, և ասես` ի՜նչ անուշ, անմահական ջուր է։ Քո ճանապարհին փշով ու տատասկով ծածկված անապատ կա։ Փուշը պիտի պոկես, հոտոտես ու ասես` ի՜նչ անուշահոտ ծաղիկ է։ Դու չպիտի զգաս ո՛չ ջրի դառնությունը, ո՛չ տատասկի դաժանությունը։ Եթե զգացիր` վերջացավ։ Այլևս չես հասնելու քո նպատակին։

էդպես էլ դուք, որ գնում եք Հայաստան, նրան օգնելու, իմացեք, որ էնտեղ ցուրտ կա, սով կա, և շատ ուրիշ նեղություններ։ Եթե դուք էդ դժվարությունները, դառնությունները զգացիք, չեք հասնելու ձեր նպատակին և չեք փրկելու նրան։ Պետք է էդ դառնությունները չզգաք ու դրանցից չհաղթվեք, միայն էն ժամանակ դուք կհաղթեք։ Այո՛, սա հերոսի համար է ասված։ Բայց չէ՞ որ դուք էլ արդեն գնում եք հերոսության։

Սրա հետ միասին իմացեք, [որ եթե գնում եք բժշկելու] և՛ դուք, և՛ ձեզ հետ էլ էն ամեն օտարները, որոնք գնում են Հայաստանի վերքերը բուժելու, իմացեք, որ հայ ժողովուրդը և Հայաստանը մի որևէ աղետյալ չի, այլ մի բարձր աղետյալ [և ձեր գործը] որ առողջանալով՝ շատ բան ունի տալու մարդկությանն ու աշխարհքին։ Եվ էսպեսով] Հետևաբար՝ Ձեր գործը լոկ մարդասիրությունով չի սահմանափակվում, այլ դա մի ծառայություն է, որ անում եք քաղաքակրթությանը և մարդկությանը։