Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընդունում է հայրը յուր որդուն (թե մեռած է լինում) թե ոչ, չգիտեմ, մեռնելու ժամանակ պատռում է նա յուր ճորտերի թուղթը, պատռում է խաբելով յուր որդուն՝ Ղազարին։ Նա մեռնում է հարյուր տասնևյոթ տարեկան, նրա պատանը 3 պրանգատը և երկու հատ նշխարք Իսպահանիցն են եկել ընծա (105 տարի առաջ)։

Հովակիմ4- մեծ որդին է Մեհրապի. հոր մահից հետո առնում է ազգի կառավարության ղեկը յուր ձեռը և կառավարում ամենայն հմտությամբ, բայց առանձին ուղղությամբ նա միանգամայն սուր է դնում յուր սրասեր ազգի ձեռքը և ընկճում բոլոր մահմեդական [ազգին] տիպի տարրը, որը յուր ավազակություններով ու բարբարոսություններով, ինչպես ասում են, կոտրել էր հայի աչքի որդը, Տերսանց անունը մի առանձին սարսափանքով էին հիշում նորա ժամանակ թուրքերն ու հայերը, յուր հոր կենդանության ժամանակ, ինչպես ասացի և նրա հրամանավ, նա դուրս եկավ յուր փոքրիկ խմբովն պատերազմ Հասան խանի աշխարհավեր զորքի առաջ և առաջին անգամ հաղթեց Ճեփան կոչված ձորումն, երկրորդ անգամ՝ Գյուլլարագյանա ձորումն, որից հետո մարդ են ուղարկում Հասան խանը և սարդարը՝ առանձին խոսալու և հաշտություն կապելու համար։ Գնում է այնտեղ յուր հոր հրամանով և տեսակցում ու խոսակցում նոցա հետ Մայմեխ լերան գլխին, ուր առաջարկում են բացի դաշինքը և օգնություն մերոնցից ընդդեմ Ռուսաց. բայց հրաժարվում է արթուն և հեռատես Հովակիմ պապը, հաշտությունը Մայմեխի ահա թե ինչումն է կայանում. որ թողնեն ուզբաշիները Հասան խանի զորքը անցնի մյուս գյուղերը ասպատակության համար՝ առանց դիպչելու և վնասելու Դսեղի և առհասարակ ուզբաշիների ժողովրդին ու կալվածներին կամ ով որ կդիմի նոցա անվան հովանավորությանը, տալիս են այնտեղ նաև ալ բինեկ կոչված նշանազգեստ, Հովակիմին, Աստվածատուրին և Առաքելին, ուղարկում մի թանկագին ղայլան և մի ալ բինեկ ևս Մեհրապ պապին։