Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի երկու օր առաջ նամակս տարա փոստը ձգեմ, տեսնեմ տեր Գեորգի (Մելիքյանի) տղեն։ Ասում է քրոջս բերել եմ, հիվանդ է։ Աշխատեցի օգտակար լինել սենյակ վարձելու գործում, բայց հարմար սենյակներն արդեն բռնված են։

Այժմ բավականին ծանոթներ կան։ Բայց ես լինում եմ սրանց մոտ. Մելիք-Հայկազյանի մոտ գրեթե ամեն օր, որովհետև ստիպում է, որ ամեն օր իր մոտ ճաշեմ, մոտիկ էլ ենք. շաբաթը մի երկու անգամ՝ Թումանյանների մոտ, Շխյանների մոտ, երբեմն, ուշ-ուշ՝ Լիզայի մոտ, նա շատ է հեռու, ներքև է։ Եկել են ուրիշ ծանոթ ընտանիքներ։ Երբեք շեմ գնում ռոտոնդան- մուզիկան էլ շատ անպետք է։

Մի քանի օր կարգին ցրտեր արավ։ Այնպես որ ստիպված էի վերմակի հետ ծածկելու մի ամառվան օդեալ վերցնելու։ Զբոսանքի ժամանակ էլ, որ շուտ-շուտ քրտնում էի ու շորերս փոխում, դրա համար էլ մի քանի շապիկ-փոխան եմ տվել կտրելու։

Այստեղ է և տիկին Սոֆյան (ախալքալաքցի), երբեմն իրար այցելում ենք ու միշտ ինձ վարդի մուրաբա է ուտեցնում։ Բարևում է քեզ։ Մի երկու տեղից նամակներ եմ ստացել, որ ցավակցություն են հայտնում հիվանդությանս համար և այլն։

Ուրեմն չմոռանաս, շաբաթը մի երկու անգամ դու կգրես (եթե ավել չես կարող)։ Մնացած օրերն էլ երեխաները կգրեն։ Բարևներ բարեկամներին ու տանըցոնց, համբուրում հմ երեխաներին ու քեզ։ Երանի թե երեխաներից մի երկուսը հետս բերել էի։ Եկող տարի ես կարծում եմ բոլորս այստեղ կգանք։ Կրկին համբուրում եմ։

Քո Հովհաննես