Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
18. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս — Շուլավեր

1890, 7 հոկտեմբերի, Թիֆլիս

Օլա ջան,

Հենց այս րոպեիս ստացա քո նամակդ1 և նրա տպավորության տակ եմ դրում, թե ինչպես է ազդել, այդ կտեսնես։ Ես անհամբեր սպասում էի քո նամակին, որ տեսնեմ՝ ինչ սրտով ես ընդունել իմ զինվորագրությանս լուրը, չնայելով, որ արդեն համոզված էի, թե կտխրեցնե, սրան ապացույց այն քանի օրվան լռությունս, բայց գլխավորը, ես սպասում էի, թե ինչ կասես ազատվելու հնարքի մասին, արդյոք կշի՞ռ կունենան քո առաջ իմ պատճառաբանություններն և իմ «և այլն»երն։ Բանից երևաց, որ ես խաբված էի, կարծելով, թե դու հավատացած կլինես, որ ես չարիքներից փոքրագույնն եմ ընտրում։ Այո՛, ես, գոնե իմ կարծիքով, որ հիմնվում է իրականությանց վերա, չեմ ուզում փորձանքից ազատվելու համար պատուհասի մեջ ընկնել. — այսինքն, պարզ ասեմ, զինվորագրությունից խուսափելու համար, որ ո՞վ գիտե կընկնի թե չէ, ընկնեմ… այս ընկնեմը ամեն բան պարունակում է յուր մեջ, և սա զինվորագրության նման «կլինի, թե չէ լինիլ» չէ, այլ ուղղակի «կլինի» և ակներև է. գործին այս կողմից երևի դու շատ թեթև աչքով ես նայում, կամ բոլորովին չես կարողանում գուշակել, այդ պատճառով ես գրում, թե «ինչով որ լինի, միայն թե ազատվես, ուսուցչությամբ չլինի, թեկուզ մշակությամբ լինի…»։ Դու չկարծես, թե ես վրդովվել եմ նրա համար, որ դու, իբրև միջոց, մշակությունն էլ ես առաջարկում. հազար անգամ ոչ. ընդհակառակը, մշակությունը շատ բարձր է, եթե նա ազատ և ապահով է հոգեմաշ շշունջներից2։ Այո՛, ինձ այսօր էլ տեսուչն առաջարկեց երեք տեղ. Փիբ, Գանձակ և Դիլիջան, բայց ես մերժեցի։ Այստեղ քեզ պարզ չեմ կարող գրել, կամ գուցե թե որ գրեմ շատ երկարի, թե ինչու մերժեցի, սակայն այսքանն իմանաս, որ ես չեմ կարող աչքերս