Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արագությամբ նետվեց դեպի որսը: Եվ գայլն արդեն գնալու տեղ չունի: Քարարծիվն ուժեղ ճիրաններով բռնել է գազանին և գետնին սեղմել։ Այժմ հեծյալ որսորդին մնում է միայն մոտենալ և կապոտել գայլին:

Քարարծիվներն ապրում են նաև Սովետական Միության հարավում, ուր շատ են անմատչելի ժայռերը։ Հանդիպում են նաև սիբիրյան տայգայում և ՍՍՀՄ-ի եվրոպական մասի անտառներում: Մեր հանրապետությունում տարածված է արծվի չորս տեսակ՝ քարարծիվը, թզուկ, փոքր և տափաստանային արծիվները:

Անտառում արծիվներն իրենց բույնը շինում են հնամենի բարձր ծառերին, ամենախուլ թավուտում, ճանապարհներից և բնակավայրերից հեռու: Զգուշավոր թռչունները սակավ են մարդկանց աչքին երևում:

Եվ աշնան մոտ միայն, երբ մեծացած են լինում արծվի ձագուկները, երբեմն կարող ես տեսնել, թե ինչպես բարձր երկնքում դանդաղասահ ու վեհորեն ճախրում է արծվային ամբողջ ընտանիքը:

Երբ վրա են հասնում ցրտերը, քարարծիվները պատրաստվում են թռչելու: Իրենց ձմեռային ճանապարհի վերջում, որևէ տեղ, երիտասարդ արծիվները կանգ կառնեն և կմնան ապրելու մինչև նոր ցրտերը: Իսկ հայր և մայր արծիվները ետ կթռչեն, կգտնեն իրենց նախկին բույնը, կնորոգեն և նորից այստեղ կմեծացնեն մեկ կամ երկու արծվիկի։

Արկտիկա

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, նրա կղզիները և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի հյուսիսային ծայրամասերը միասին անվանում են Արկտիկա («արկտիկոս» հունարեն բառից, որ նշանակում է «հյուսիսային»)։ Այնտեղ, Սառուցյալ օվկիանոսի սառույցների մեջ է գտնվում Հյուսիսային բևեռը:

Մինչև մայր ցամաքների ծայրամասերն ընկած մերձբևեռային տարածությունն անվանում են Կենտրոնական Արկտիկա: Տարվա մեջ մի քանի ամիս այնտեղ բևեռային գիշեր է լինում: Այդ շրջանում աստղերը, Լուսինը և մեկ էլ բևեռափայլի երփներանգ շերտերն են միայն, որ լուսավորում են անծայրածիր տարածությունները, իսկ արևն ամենևին չի երևում: Առաջին անգամ արևը հորիզոնից դուրս է նայում մարտին, ընդամենը մեկ րոպեով, և այդ օրից ավելի ու ավելի երկար է մնում երկնքում: Սկսվում է բևեռային շլացուցիչ ցերեկը, որը նույնպես մի քանի ամիս է տևում։