Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանուշակ», «Այու սարի լանջին» «Սպիտակ ձին», «Ծիրանի փողը», «Նամակ ռուսաց թագավորին», «Եղբայրության ընկուզենիները» և այլ պատմվածքներ: Իր կարճատև կյանքի ընթացքում Բակունցը գեղարվեստական շատ երկեր է գրել, որոնցից հրատարակվել են շուրջ 100-ը: Բակունցի հերոսներն անցյալի հայ գյուղի մարդիկ են, հովիվներ, այգեգործներ, բրուտներ, գյուղացի կանայք, որոնք ունեն բյուրեղյա հոգի և ջերմ սիրտ: Նրա ստեղծագործությունների շատ էջեր բազմերանգ ծաղիկներով լի հովիտների, ոսկեծուփ արտերի, անտառային մութ թավուտների գողտրիկ բնապատկերներ են: Բակունցը իր ժողովրդական բառ ու բանով հարուստ և բանաստեղծական լեզվով ցույց է տալիս, որ իր հերոսների հոգին էլ շրջապատի բնության պես գեղեցիկ է ու մաքուր: Անմոռաց է «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքից Արթին պապը իր բարի ու խեղճ ժպիտով և «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա...» սիրած խոսքով։ Թագավորին գրած մի նամակով նա խնդրում է ներում շնորհել իր փախստական որդուն: Դրա համար նրան դաժանորեն ծեծում են: Բայց նա չի հիասթափվում մարդկանցից և շարունակում է հավատալ, որ որդուն ներում կշնորհվի: Արթին պապի միջոցով գրողն արտահայտել է հայ ժողովրդի հավատը արդարության հաղթանակի նկատմամբ: «Ալպիական մանուշակ», այսինքն լեռնային մանուշակ: Դա մի սարվոր գեղջկուհի է: Բակունցը գեղեցկություն և հոգեկան արժանիքներ է հայտնաբերում ամենաանսպասելի տեղերում։ Եվ ահա իրար հակադրելով գիտությամբ տարված հնագետին և բանաստեղծական խառնվածքի տեր նկարչին` գրողն այս վերջինի աչքերով գյուղական անշուք զգեստի մեջ նկատում է մի իսկական գեղեցկություն։ Նկարիչը համեմատում է իր քաղաքակիրթ ընկերուհուն` «պարտեզի մանուշակին», «լեռնային մանուշակի» հետ: Ամբողջ պատմվածքը մի հրաշալի բանաստեղծություն է` ձոնված լեռնային չքնաղ մանուշակին: Բակունցյան բնապատկերների ու հերոսների ջերմ նկարագրությունները, նրանց ներքին գեղեցկությունը նաև իր` Բակունցի, խոշոր արվեստագետի ու պայծառ մարդու, հոգու արտացոլումն են:

Բաղրամյան Հովհաննես Քրիստափորի

Իջևանի Ակնաղբյուր գյուղում տարիներ առաջ կայծակնահար ընկավ դարավոր մի կաղնի, որին ժողովուրդը Զորավարի կաղնի էր ասում: Պատմում էին, թե այդ կաղնին տնկել էր զորավար Վարդան Մամիկոնյանը հազար հինգ հարյուր տարի առաջ։ Հաղթանակից վերադարձած մի ուրիշ մեծանուն զորավար, Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ընկած ծառի տեղում մի ուրիշ կաղնի տնկեց։ Հիմա այն մեծացել ու տարածել է իր լայն ճյուղերը և առաջվա նման Զորավարի կաղնի է կոչվում... Այդ ծառը երկու հայրենասեր զորավարների սիրո և նվիրվածության երդումն էր մայր հողին ու հարազատ ժողովրդին: Երկաթուղայինի որդին ստացավ երկաթուղայինի կրթություն բայց.. 1914 թ. սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Արյունարբու Թուրքիան կռվի մեջ էր մտել Ռուսաստանի դեմ։ Արևմտյան Հայաստանից ահավոր լուրեր էին հասնում հայերի նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին: Ընդամենը տասնութ տարեկան էր Հովհաննեսը, որ կամավոր բանակ գնաց` կռվելու իր ժողովրդի փրկության համար: Այդ օրվանից էլ սկսվեց նրա զինվորական մեծ ծառայությունը, որը տևեց շուրջ յոթ տասնյակ տարի... Առաջին հայկական հեծյալ գնդի շարքերում որպես դասակի հրամանատար կռվող Հովհաննես Բաղրամյանը Կարսի մոտ գտնվող Խորասան գյուղում հանդիպեց ազգային հերոս Անդրանիկին, որի պայծառ կյանքն ու սխրանքները նվիրական դպրոց եղան նրա համար (զորավար Անդրանիկի մասին դուք կարող եք կարդալ «Հայ ազգային ազատագրական շարժումներ» զրույցում): Թուրքերը գրավեցին Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը (Լենինական), ապա հասան մինչև Սարդարապատ (Հոկտեմբերյան): Սկսվեց Սարդարապատի հերոսամարտը, որին մասնակցում էր նաև Հ. Բաղրամյանը: Այս օրհասական կռիվը մեր ժողովրդի համար նույն մեծ նշանակությունն ունեցավ, ինչ դարեր առաջ ունեցել էր Ավարայրի ճակատամարտը, որի մասին դուք կարող եք կարդալ «Վարդան Մամիկոնյան» զրույցում