Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկեր Ֆրունզեի խորհրդով, որը նամակից կռահեց ապագա գրողի ձիրքը, Արկադի Պետրովիչը ձեռնամուխ եղավ գրական աշխատանքի: Շուտով նա սկսեց հանդես գալ «Գայդար» ստորագրությամբ: Մի Ժամանակ մոնղոլ հեծյալներն այդպես էին անվանում այն ձիավորին, որը որպես պարեկ սլանում էր ջոկատի ամենաառջևից: Գայդարը, իրոք, դարձավ սովետական այն գրողների մեծ ջոկատի պարեկը (առաջամարտիկը), որոնք գրքեր էին գրում երեխաների համար: Գայդարն ասում էր. «Թող հետո երբևէ մարդիկ մտածեն, թե եղել են այնպիսի մարդիկ, որոնք խորամանկորեն իրենց մանկագիր են համարել։ Իրականում նրանք պատրաստել են կարմիր հնգաթևայինների ամրակուռ գվարդիա»։ Գայդարը ևս իր սքանչելի գրքերով օգնում է, որ աճեր մեր ժողովրդի, երիտասարդ որդիների ու դուստրերի խիզախ և աշխատասեր գվարդիան: Երեխաները շատ սիրեցին Գայդարի «Դպրոցը», «Հեռավոր երկրներ», «Ռազմական գաղտնիք», «Թմբկահարի ճակատագիրը», «Չուկը և Հեկը» գրքերը։ Բայց բոլոր տղաների ու աղջիկների առանձնահատուկ սերը նվաճեցին Գայդարի «Թիմուրը և իր ջոկատը» վիպակը և նրա գլխավոր հերոս Թիմուրը: Ինքը` Գայդարը ևս այնպիսին էր, ինչպես իր գրքերի հերոսները՝ անվեհեր ու բարի, ազնիվ ու անշահախնդիր: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից նա մեկնեց ռազմաճակատ իբրև «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հատուկ թղթակից: 1941 թ աշնանը նա կամավոր մնաց թշնամու թիկունքում և դարձավ պարտիզանական ջոկատի գնդացրորդ: Հոկտեմբերի 26-ին Գայդարը որպես պարեկ գնում էր պարտիզանական մի փոքրիկ խմբի առջևից։ Նրանց ճանապարհին ֆաշիստները դարան էին սարքել: Գայդարն առաջինը նկատեց հիտլերական ավտոմատավորներին և հասցրեց նախազգուշացնել իր մարտական ընկերներին։ Սակայն ինքը զոհվեց գնդակների տարափի տակ: Գայդարի գրքերում շարունակում են ապրել նրա հերոսները, հնչում է հեղինակի խելացի ախորժալուր խոսքը, իսկ նրա փառքը կոչում է լավ ու սխրալի գործերի: 1965 թ Արկադի Պետրովիչ Գայդարը ետմահու պարգևատրվեց Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով: Սովետական ողջ գրականությունը հպարտությամբ ընդունեց այդ շքանշանը, որով հայրենիքը պարգևատրել էր իր մարտիկ-գրողին։

Կարդացեք այս գիրքը Եմելյանով Բ, Պատմվածքներ Գայդարի մասին, Ե «Հայպետհրատ», 1959

Գայլ

Գայլն օգտակա՞ր կենդանի է, թե՞ վնասակար: Նման հարց տալը ճիշտ չի լինի, որովհետև շատ կենդանիներ կարող են միաժամանակ թե՛ օգտակար լինել, և թե՛ վնասակար: Երբ գայլը հարձակվում է ոչխարների կամ ընտանի եղջերուների վրա, մարդկանց