Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնատիպ (այսինքն մինչև 1800 թ․ լույս տեսած) հայերեն գրքերի ամենամեծ գրապահոցը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանն է, ուր պահվում են նաև այլ լեզուներով ստեղծված բազմաթիվ ձեռագրեր:

Աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկում՝ Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվան ՍՍՀՄ պետական գրադարանում, պահպանվում են միլիոնավոր գրքեր: Ամենաարժեքավորները հավաքված են հազվագյուտ գրքերի բաժնում։ Առանձնահատուկ խնամքով են պահպանվում առաջին տպագիր՝ տպագրության «խանձարուրային շըրջանի» գրքերը՝ ինկունաբուլաները (լատիներեն «ինկունաբուլա» բառից, որ նշանակում է «խանձարուր»): Դրանք մինչև 1501 թ․ հունվարի 1-ը տպագրված գրքերն են։ Այս գրադարանում պահպանվող որոշ հազվագյուտ գրքեր ավելի քան մեկուկես մետր բարձրությամբ հսկայական հատորներ են: Դրանք մի մարդը հազիվ թե բարձրացնի։ Կան փոքր գրքեր, որոնցից մի քանիսը լուցկու տուփից մեծ չեն, կան նաև այնպիսիները, որոնք փոստային դրոշմանիշի չափ են:

Հայկական ՍՍՀ Ալ․ Մյասնիկյանի անվան պետական գրադարանը հայ գրքի ամենախոշոր պահոցն է աշխարհում։ Այնտեղ նույնպես պահվում են միլիոնավոր գրքեր ու պարբերականներ։ Հատուկ հոգատարությամբ են պահպանվում 1512–1800 թվականներին լույս տեսած հայերեն գրքերը, որոնք գտնվում են անձեռնմխելի և հնատիպ գրքերի բաժնում:

Լենինի անվան, ինչպես և Ալ․ Մյասնիկյանի անվան գրադարաններում պահվում են նաև մետաքսի, մետաղե բարակ թիթեղների, կաշվի վրա տպագրված գրքեր։

Բայց բոլոր գրքերից մարդկության համար առանձնապես թանկ են գիրք-մարտիկները։ Դրանց հեղինակներն իրենց կյանքով են հատուցել այդ համարձակ ու ճշմարտացի գրքերը գրելու համար, գրքեր, որոնք պայքարի են կոչում անարդարության, ճնշողների դեմ, մարդկանց ճշմարտությունը պատմում Երկրի վրա կյանքի ծագման, Երկրի և այլ մոլորակների կառուցվածքի մասին։ Դրանցից շատ քչերն են հասել մինչև մեր օրերը, որովհետև ինկվիզիցիան դաժան դատաստան էր տեսնում ոչ միայն նրանց հեղինակների, այլև հենց գրքերի հետ։ Այդպես, խարույկի վրա այրեցին նշանավոր գիտնական Ջորդանո Բրունոյին և նրա ստեղծագործությունները։

ՍՍՀՄ-ում շատ են սիրում և գնահատում գիրքը։ ՍՍՀՄ-ում ամեն տարի ավելի շատ գիրք է հրատարակվում, քան աշխարհի որևէ այլ երկրում։

Բարեկամացեք գրքի հետ, նա ձեր առջև կբացի գիտելիքների բոլոր գանձերը։ Մաքսիմ Գորկու խոսքերով ասած գիրքը «... մարդկության ստեղծած բոլոր հրաշքներից ամենամեծն է...»։

«Օ, գրքերի աշխարհը - տիեզերք է անեզր»,- այսպես է արտահայտվել գրքերի մասին հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը:

«Գիքորը»

- տես «Թումանյան Հովհաննես Թադևոսի» զրույցում

Գլինկա Միխայիլ Իվանովիչ

1804-1857

Կյանքում ձեզ բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ են սպասում գիտության աշխարհի և արվեստի գանձերի հետ։ Դուք բախտ կունենաք նաև ունկնդրելու ռուս մեծ կոմպոզիտոր Մ․ Ի․ Գլինկայի հոյակապ երաժշտությունը։ Հնարավոր է, որ նրա երաժշտությունն առաջին անգամը լսեք ձմեռային ձեր սիրելի տոնին, ուր հավաքված կլինեն գեղեցիկ հագնված երեխաներ։ Լսում եք, նվագախմբի երաժիշտները լարում են գործիքները։ Լռում են խոսք ու ծիծաղ։ Եվ ահա տոնական «Մանկական պոլկայի» հնչյունների ներքո բոլորը շուրջպար են բռնում տոնածառի շուրջը։

Կամ, գուցե, ձեզ հուզի «Արտույտի» վճիտ նրբին դայլայլը, որին կոմպոզիտորն, ասես, ականջ է դրել արևից ջերմացած դաշտում։ Կամ էլ կհափշտակվեք սրընթաց «ճանապարհային երգով»:

Մանկության տարիներին Գլինկան տարված էր ճանապարհորդությունների մասին պատմող գրքերով։ Կոմպոզիտոր դառնալուց հետո ինքն էլ շատ էր ճամփորդում: Ահա թե ինչու նրա երաժշտության մեջ լսվում են ոչ միայն ռուսական, այլև հայկական, ֆիննական, վրացական, իտալական, լեհական մեղեդիներ (արևելյան մեղեդիներն, առհասարակ, Գլինկային հաղորդում