Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հայրենիքը Պարսկաստանն է) որն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում: Հետագայում միայն պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտական անվանումը՝ «պերսիկա», մնաց անփոփոխ:

Հայաստանի տարածքում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է նաև, որ դեղձենին այնտեղ տարածված է եղել վաղ անցյալում, հնարավոր է, նույնիսկ Չինաստանից ու Պարսկաստանից շատ առաջ։ Կարմիր բլուրում և Արցախում օրինակ հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա հնության դեղձի կորիզներ: Բացի դրանից Հայաստանի անտառներում աճում են դեղձենու որոշ վայրի տեսակներ, իսկ մշակվողների շարքերում կան շատ արժեքավոր սորտեր: Նարնջի, զաֆրանի, կիտրոնի, սալամի շերտավոր լոձ սորտերը աշխարհում մշակվող լավագույն դեղձենիներից են։ Մեր հանրապետությունում տարածված են նաև քաղցրակորիզ դեղձենու մի շարք տեսակներ, որոնք ոչ մի այլ երկրում չեն հանդիպում: Կարելի է հավանաբար ասել, որ Հայաստանը դեղձենու մշակության հին և ինքնուրույն բնօրրաններից է:

Դեղձենին 3-5մ (երբեմն՝ 8 մ) բարձրությամբ փոքր ծառ է տարածված ճյուղերով, լայն սաղարթով: Տերևները երկարավուն-նշտարաձև են: Դեղձենին ապրում է ընդամենը 10—15 տարի:

Դեղձենու համեղ ու սննդարար պտուղները հասունանում են մայիսից սկսած մինչև նոյեմբերի կեսերը: Նշանակում է, եթե մենք ճիշտ ընտրենք մշակվող սորտերը, ապա մայիսից մինչև նոյեմբեր մեր սեղաններին թարմ դեղձ կունենանք։ Դեղձենու այգու մեկ հեկտարից ստացվում է 20—40 տ բերք: Պտուղներն օգտագործում են թարմ և պահածոյացված վիճակում: Սրանցից պատրաստում են չիրալանի (Հայաստանում), կոմպոտներ, մուրաբաներ, հյութեր, ժելե, ջեմ, պովիդլո և այլն: Կորիզներն օգտագործվում են քիմիական արդյունաբերության մեջ։

Դեղձենին աճում է սննդանյութերով հարուստ փուխր հողերում, առատ խոնավության և ջերմության պայմաններում։ Դեղձենին, ինչպես նաև ծիրանենին, խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ, և այն տարիներին, երբ ուշ գարնանը ձյուն է տեղում կամ սառնամանիքներ են լինում, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է:

Դեղձենին բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով:

Մեր հանրապետությունում դեղձենին աճեցվում է Արարատյան դաշտում, Արփայի գետահովտում, Թումանյանի, Նոյեմբերյանի, Իջևանի Շամշադինի, Մեղրիի շրջաններում:


Դեմիրճյան Դերենիկ Կարապետի

1877-1956

Մի մուկիկ կար, անունը Պույպույ: Ապրում էր այդ Պույպույը «Հնդստանի անտառում», որտեղ կոկոսյան արմավենիներ շատ կային: Մի օր էլ միտք է անում Պույպույը.

Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունեմ, թե ճաշակ,
Ճանճ կերել եմ, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ:

Անշուշտ, հիշեցիք ուրախ պատմությունը Պույպույ մուկիկի մասին, որ գրել է Դերենիկ Դեմիրճյանը, երբ ճանաչված գրող էր արդեն։ Բազմաթիվ բանաստեղծությունների և պատմվածքների հետ միասին նա լույս էր ընծայել իր «Քաջ Նազարը» ժողովրդական ծաղր ու ծիծաղով լի, հյութեղ և իմաստուն կատակերգությունը, ուր ոչնչացնող ծաղրի է ենթարկել