Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամբողջ մայր ցամաքով արևմուտքից մինչև արևելք, ձգվում է Ամազոն հսկայական գետը, որն ունի 500-ից ավելի վտակ: Արևադարձային անտառները` սելվասները, որոնք շրջապատում են Ամազոնը, լի են միայն այդ վայրերում բնակվող կենդանիներով ու աճող բույսերով: Օրինակ, այստեղ է ապրում անակոնդա հսկայական օձը: Իսկ Ամազոնի ջրերում իրենց որսին են դարանակալում պիրանիա գիշատիչ ձկները: Դրանց վտառը մի քանի վայրկյանում կարող է հոշոտել մարդուն կամ կենդանուն։

Հարավային Ամերիկայում կան չուսումնասիրված բազմաթիվ շրջաններ, որովհետև սելվասների անանցանելի թավուտները փակում են մարդու ճանապարհը: Ամազոնը և մյուս գետերը` Օրինոկոն, Պարանան, Պարագվայը, երբեմն միակ «ճանապարհներն» են այդ վայրերում:

Մայր ցամաքի հյուսիսից մինչև հարավ ձգվում է Անդեր լեռնաշղթան: Ինկերի՝ հին բնիկների, լեզվով «անդեր» նշանակում է «պղնձե լեռներ»։ Անդերի բազմաթիվ գագաթներ, օրինակ Սան Պեդրոն, Կոտոպակսին, հրաբուխներ են։ Դրանց ժայթքումը և երկրաշարժերը բազմաթիվ աղետներ են բերում մարդկանց:

Լեռներում արդյունահանում են անագ և պղինձ, երկաթ և մանգան, ոսկի և արծաթ, ալմաստներ, կապար և նավթ։

Լեռնաշղթաներն անցնում են Հարավային Ամերիկայի շատ երկրներով: Եվ բազմաթիվ քաղաքներ գտնվում են ծովի մակերևույթից մի քանի հազար մետր բարձրության վրա: Օրինակ, Լա Պասը` Բոլիվիա պետության մայրաքաղաքը, գտնվում