Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ենթադրենք՝ դուք ուզում եք իմանալ, թե ով է Գայը։ Գրքի առաջին երկու պատկերազարդ էջերում նշված է, թե որ էջում են Գ տառով սկսվող զրույցները։ Բացեք այդ էջը։ Գտաք «Գայի» էջը, hիմա բացեք այն։ Ահա և զրույցը։ Նրանից դուք կիմանաք, որ Գայը հայ ականավոր զորավար էր, հեղափոխության գործին զինվորագրված մարտիկ։ Նրա «երկաթյա դիվիզիան» էր, որ 1918 թ․ ազատագրեց սովետական պետության հիմնադիր Վ․ Ի․ Լենինի ծննդավայր Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ) քաղաքը, դրանով սպեղանի դնելով մեծ առաջնորդի վերքին։ Նույն կերպ դուք կարող եք գտնել նաև «Աբովյան Խ․», «Անի», «Աճառյան Հ․», «Ասեղնագործություն», «Աստղագիտություն», «Ավտոմոբիլ», «Բակունց Ա.», «Բաքվի 26 կոմիսարներ», «Գագարին Յու․ Ա․», «Գառնի», «Գոգոլ Ն․ Վ.», «Դավիթ Բեկ», «Դելֆին», «Դոն Կիխոտ» և շատ ու շատ այլ զրույցներ:

Մի փոքրիկ զրույցում, իհարկե, հնարավոր չէ պատմել այն ամենը, ինչ հայտնի է տվյալ մարդու, իրադարձության, երևույթի կամ առարկայի մասին։ Զրույցը կարդալուց հետո ձեր մեջ ծագած հարցերն ուղղեք նախ ավագ եղբորը կամ քրոջը, մայրիկին կամ հայրիկին։ Ավելին իմանալու ցանկության դեպքում դիմեցեք գրքերի օգնությանը։

Զրույցները կարդալու ընթացքում դուք կնկատեք, որ որոշ բառեր տպագրված են թեք տառերով՝ շեղատառ։ Դա նշանակում է, որ այդ հասկացության մասին կա առանձին զրույցը և այն որոշ չափով լրացնում է ձեր ընթերցած զրույցը։ Հասկանալի է, որ շեղատառով նշված զրույցը կարող է զետեղված լինել ոչ անպայման նույն հատորում։ Եթե դուք լավ գիտեք այբուբենը, ապա զրույցը հեշտությամբ կգտնեք հատորներից որևէ մեկում։

Անհրաժեշտ է իմանալ նաև հետևյալը։ Բոլոր հատորներում դուք կհանդիպեք կրճատ բառերի: Այդ կրճատումները համընդհանուր են և ընդունված բոլոր բառարաններում, տեղեկատուներում, հանրագիտարաններում։ Հիշեցեք այդ կրճատումները․ թ․՝ թվական, կմ՝ կիլոմետր, մ՝ մետր, սմ՝ սանտիմետր, մմ՝ միլիմետր, քառ․ մ․՝ քառակուսի մետր, կգ՝ կիլոգրամ, գ՝ գրամ, մլն․՝ միլիոն, հզ․՝ հազար:

Ահա և իմացաք, թե ինչ գիրք է հիմա ձեր առջև և ինչպես պետք է օգտվեք նրանից, բոլոր չորս հատորներից: Թող ձեր միտքը թևեր առած սավառնի գիտելիքների խորհրդավոր ու անեզր աշխարհում և օգնի ձեզ գտնելու գանձերի գանձը՝ իմացությունը: Զուր չէ, որ հայ գրերի գյուտից հետո հայերեն գրված առաջին նախադասությունն էր․ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», այսինքն՝ «Ճանաչիր իմաստությունն ու խրատը, հասկացիր հանճարի խոսքը»։