Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական Միության տարածքում ընձառյուծ հազվադեպ հանդիպում է Անդրկովկասում: Սև հովազներ հատկապես հաճախ կարելի է տեսնել Ինդոնեզիայի Ճավա կղզում: Սև հովազներ ու բծավոր ընձառյուծներ կարող են ծնվել միևնույն մորից:

Հովազն ավելի փոքր է, քան առյուծն ու վագրը, բայց այդ գիշատիչներից պակաս վտանգավոր չէ: Նա շատ ճարպիկ է, թաքվում է հեշտությամբ ու արագ և այն էլ ոչ հատուկ ապաստարանում. բավական են նաև փոքրիկ թփերը, խիտ խոտերը կամ որևէ հողաթումբ: Նա ունի արտակարգ սուր լսողություն, ծառ է բարձրանում կայծակի արագությամբ, լողալով կտրում անցնում է լայն գետերը, մինչև 12 մետրանոց ցատկեր անում: Նա նաև շատ արյունարբու է, հաճախ սպանում է ավելի շատ, քան կարող է ուտել: Այդ հատկությունների պատճառով է ահա, որ հովազն առանձնապես վտանգավոր գիշատիչ է: Իսկ այն հանդգնությունը, որով նա հարձակվում է անասունների հոտերի և մարդկանց վրա, թափանցելով անգամ կացարանները, մարդուն հարկադրում է մշտապես հետապնդել ու հալածել նրան: Սակայն հովազի որսը շատ վտանգավոր է, և նույնիսկ փորձառու որսորդները հաճախ խուսափում են դրանից:

Հովհաննիսյան Հովհաննես Մկրտչի

1864-1929

Հայ պոեզիայի նվիրական անուններից է Հ. Հովհաննիսյանը: Ծնվել է նա Վաղարշապատում (այժմ Էջմիածին), աղքատ, բայց գրագետ ու կրթված դերձակի ընտանիքում: Հենց հոր օգնությամբ էլ փոքրիկ Հովհաննեսը գրաճանաչ է դառնում, ապա սովորում ծննդավայրի ծխական դպրոցում, Երևանի պրոգիմնազիայում: Այնուհետև մեկնում է Մոսկվա, ուսումը շարունակում Լազարյան ճեմարանում, հետո Մոսկվայի համալսարանում, որն ավարտում է 1888 թ.՝ ստանալով գիտությունների թեկնածուի կոչում:

Գիտելիքներով հարստացած երիտասարդը նույն թվականին վերադառնում է Հայաստան ու երկար տարիներ ռուսաց լեզու և գրականություն դասավանդում Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1912 թ նա տեղափոխվում է Բաքու, որտեղ մի քանի տարի աշխատելուց հետո կրկին վերադառնում է Հայաստան և վարում Էջմիածնի լուսբաժնի աշխատանքը:

Քսաներեք տարեկան էր Հովհաննիսյանը, երբ Մոսկվայում լույս տեսավ նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, որը միանգամից հռչակեց հեղինակին. Ա. Իսահակյանը, տարիներ հետո վերհիշելով Գևորգյան ճեմարանի իր սիրելի ուսուցչին, հիացմունքով է նկարագրում այդ ժողովածուի թողած ուժեղ տպավորությունը. «Երբ հնչեց Հ. Հովհաննիսյանի քնարը, մեր պատանեկան աշխարհը շշմեց, գլուխը կորցրեց: Անգիր գիտեինք նրա ողջ գիրքը: Նրա լիրիկան մեզ հոգեփոխեց, և հեղինակը դարձավ մեր կուռքը»:

Հ. Հովհաննիսյանի պոեզիան ժողովրդային է, հայրենասիրական: Հայրենի բնության սիրով, նուրբ քնարականությամբ ու մեղմությամբ են հագեցած նրա «Արազն եկավ լափին տալով», «Ալագյազ բարձր սարին», «Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», «Լուսավորչի կանթեղը» և ուրիշ շատ բանաստեղծություններ: