Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանրապետության ամենահարավում, նախալեռնային հարթավայրերում, արգավանդ գորշահողեր են։ Այստեղ մշակում են բրինձ, շաքարի ճակնդեղ, բամբակենի, խաղոի, սեխ, ձմերուկ, զանազան դեղաբույսեր և շատ ուրիշ արժեքավոր բույսեր։ Այստեղ անձրևները քիչ են, շատ շոգ է ու չոր: «Հապա ինչպե՞ս է այս ամենն աճում առանց անձրևների», — կհարցնեք դուք: Չէ՞ որ բրնձի սածիլը տնկում են ամբողջովին ջրով ծածկված հողում:

Ջուրն այստեղ գետերից են բերում Իլի, Չու, Սիրդարյա գետերի վրա կառուցված ջրամբարներից դեպի դաշտեր են ձգվում բազմաթիվ ջրանցքներ, որոնցով և հոսում են գետերի ջրերը։ Այդ վայրերում կան նաև շատ այգիներ, հատկապես խնձորի այգիներ: Հանրապետության մայրաքաղաք Ալմա Աթան գտնվում է Տյան Շանի նախալեռներում, դեպի հյուսիս թեքված հարթավայրում: Փողոցների երկայնքով ձգվող առուներում կարկաչում է լեռներից հոսող ջուրը։ Ծառերն արևից պաշտպանում են շենքերի ճակատները։ Քաղաքից ոչ հեռու տեղավորված է բարձրալեռնային Մեդեո սահադաշտը։

Հարուստ է Սովետական Ղազախստանի ընդերքը։ Այստեղ գտել են Երկրի վրա հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները։ Դրանցից շատերը՜ երկաթի հանքաքարը, գունավոր և ազնիվ մետաղները (պղինձ, կապար, ցինկ, արծաթ, ոսկի և այլն), քարածուխը, նավթը, ֆոսֆորիտները, հայտնաբերվել են միայն սովետական իշխանության տարիներին։

Ողջ Սովետական Միությունն է հանրապետությանն օգնել՝ յուրացնելու իր ընդերքի հարստությունները, կառուցելու նոր, ինդուստրիալ Ղազախստան: Ռուսները, ուկրաինացիները, բելոռուսները, Անդրկովկասի և Միջին Ասիայի աշխատավորները հանրապետության հիմնական բընակչության՝ ղազախների, հետ միասին կառուցել են հանքահորեր, գործարաններ, էլեկտրակայաններ, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, ջրամբարներ, ոռոգիչ ջրանցքներ։ Հապա քանի արդյունաբերական նոր քաղաքներ են աճել հանրապետությունում՝ Բալխաշը, Ջեզկազգանը, Ռուդնին, Տեմիրթաուն, Երմակը, Շևչենկոն և այլն։

Սովետական իշխանության տարիներին անճանաչելիորեն փոխվել է Ղազախստանը։ Այսօր բոլորովին ուրիշ կյանքով են ապրում ղազախները։ Անցյալում նրանք հիմնականում վաչկատուն անասնապահներ էին: Կլոր տարին նրանք իրենց ընտանիքներով տեղից տեղ էին քոչում՝ մի արոտավայրից մյուսը քշելով ոչխարներին, այծերին, ձիերին։ Իրավազուրկ և հետամնաց ժողովրդին դաժանորեն ճնշում էին հարուստ բեղերն ու ցարական պաշտոնյաները։ Ղազախները մայրենի լեզվով ոչ դպրոց ունեին, ո՛չ գիրք, ո՛չ թերթ, նույնիսկ ղազախերեն գրեր չկային։ Իսկ այսօր, ինչպես ասել է ղազախ ժողովրդական բանաստեղծ, գուսան Ջամբուլը։

Ղազախների լեզուն, ինչպես զվարթ առուն,
Կարկաչում է ազատ և կենդանի հավետ,
Գործարաններ ունի հնոցներով եռուն,
Ղազախների բերքը՝ մշտավարար մի գետ