Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեմաներով։ Որմնանկարի ամենավառ կերպարներից մեկը առասպելական առաջին մարդն է՝ Ադամը, իր առնական ու գեղեղցիկ կերպարանքով։

Միքելանջելոն այդ որմնանկարի վրա աշխատեց չորս տարի։ Նա օգնականներ չուներ։ Տևական, անչափ մեծ լարվածությունից ցավում էր նկարչի ողջ մարմինը, գերհոգնածությունից աչքերը գրեթե չէին տեսնում։

Շատ տարիներ անց նույն Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծեց «Ահեղ դատաստանը» ներկայացնող որմնանկարը։ Եկեղեցականների մտահղացմամբ, վիթխարի որմնանկարը պետք է պատկերեր մարդու թուլությունը, նրա հնազանդությունն աստվածային կամքին։ Բայց Միքելանջելոն այդ որմնանկարը ևս տոգորեց անհնազանդության ոգով, փառաբանեց մարդու գեղեցկությունն ու ուժը։

Միքելանջելոն նաև ականավոր ճարտարապետ էր։ Նա ավարտեց աշխարհի ամենամեծ՝ Հռոմի սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը։ Նա վերափոխեց տաճարի սկզբնական նախագիծը։ Նրա նախագծով կառուցվեց մի հոյակապ գմբեթ, որին հավասարն աշխարհում չկար։ Միքելանջելոյի լավագույն աշխատանքներից է Հուլիոս Երկրորդ պապի (Հռոմի եկեղեցու առաջնորդ) դամբարանը, որը զարդարված է մարմարե հոյակերտ արձաններով։ Դրանց թվում են Աստվածաշնչի առասպելական իմաստուն Մովսեսի փառահեղ ֆիգուրը և երկու կապկպված պատանի գերյալների քանդակները։ Նրանցից մեկը, բոլոր ուժերը լարած, ձգտում է ազատվել կապանքներից, իսկ մյուսը մահամերձ է։ Բայց Միքելանջելոյի կերտած պարտված ու մահամերձ մարդիկ անգամ միշտ գեղեցիկ են և ուժեղ։

«Չի ծնվել դեռ մի մարդ, որն ինձ նման այդքան հակված լիներ սիրելու մարդկանց», — իր մասին գրել է մեծ արվեստագետը։ Եվ իրոք, մարդու ազատությունն ու գեղեցկությունը հաստատող իր արվեստով նա ապացուցել է այդ սերը։

Միքելանջելոյի մասին կարդացեք հետևյալ գիրքը

Սթոուն Ի. Միքելանջելո, ե. «Սովետական գրող», 1978