Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոնտաժող

Եթե դուք որոշել եք «Կոնստրուկտորի» դետալներից հավաքել, օրինակ, նավի մոդել, ապա առանց ձեր աշխատանքի բոլոր այդ թիթեղիկները, անվակներն ու ձողիկներն այդպես էլ դետալների կույտ կմնան և նավի մոդել չեն դառնա: Մոնտաժողների խնդիրը ինչ-որ չափով նման է ձերին. նրանք նույնպես դետալներից հավաքում ու մոնտաժում են ավտոմոբիլ կամ, օրինակ, շենք, միայն թե դրանք իսկական են լինում:

«Կոնստրուկտորի» յուրաքանչյուր դետալ հեշտությամբ կարելի է ձեռքով պահել: Իսկ հնարավո՞ր է արդյոք բարձրացնել երկաթբետոնե կամրջի բազմատոննանոց մասը կամ գործարանային պողպատե ծխնելույզի մի հատվածը: Այստեղ անհրաժեշտ են մեխանիկական ձեռքեր՝ ամբարձիչ կռունկներ: Մոնտաժողներն ամբարձիչ կռունկով բարձրացնում են ծխնելույզի առաջին հատվածը, կանգնեցնում այն ապա ամրացնում տեղում: Հետո առաջինի վրա իջեցնում են երկրորդ հատվածը և նույնպես ամրացնում, երկրորդի վրա երրորդը, և այդպես այնքան ժամանակ, մինչև որ երկինք է բարձրանում գործարանի ծխնելույզը:

Պատմելով այս ամենը հեշտ է թվում իսկ իրականո՞ւմ: Մեծ բարձրություններում այնպիսի քամի է, որ պողպատե խողովակները ծառի ճյուղի նման ճոճվում են: Եվ, չնայած դրան, մոնտաժողներն աշխատում են ցրտին ու անձրևին, քամու ժամանակ կամ կիզիչ արևի տակ: