Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերանը բռնի. Քրդերի գլխավոր Օքյուզ աղին էլ ղրկեց Ղարսա սնըռը, ու ինքը իր սարվազներովը, ղոնշունովը գնաց Ապարան՝ որ Փամբակու վրովը՝ փռսանդ ճարածին պես՝ Ռուսի սահմանը անց կենա։ Բերդերը բոլոր ղայիմացրին, Երևանումն ու Սարդարաբադումը՝ որքան հարկավոր է՝ զորք ու ջաբախանա թողին, ու մնացածը հետները վերցրին։

Ով էս սհաթը Երևան էր մտել՝ հենց կիմանար՝ թե ջրհեղեղը նոր ա էկել, աշխարհս քանդել։ Ապարան դառել էր ղասաբխանա։ Օր չէր ըլում՝ որ սարից, չոլից մարդ չի բռնեն ու Հասան-խանի առաջը չբերեն։ Ամեն գլուխ բերող՝ նրա աջու ձեռն էր դառնում, փեշքաշի տուտը Ղարս էր հասել։ Առանց մարդ սպանելու մեկ օր աչքը չէր կպցնում։ Տեղիցը վեր կենալիս՝ նամազը պրծածին պես՝ առաջին գործն էն էր՝ որ ջրատար, մոլորած եսրների՝ որ էստեղ էնտեղ ճանկում, բերում էին՝ կամ աչքըները հանի, քիթ ու պռունկը կտրի կամ ոտն ու ձեռները կտրիլ տա, կամ կտրատած ձեռները դաղած եղի պղնձի մեջը կոխել տա, որ արինը կտրվի, կամ իրանց սաղ սաղ փարչալամիշ անի։ Նաղի-խանի ու Օքյուզի ղոչախ ծառեքը հրաշք էին գործում։ Բոլոր Ղազախ, Բոռչալու դոնմիշ էր էլել, շատ եսիր սրանք էին բռնում, իրանց միջիցը ու Ղզլբաշի ձեռը տալիս. ճամփա ասես, վելադություն ասես՝ սրանք էին անում, ու թշնամուն կամ իրանց մեջը բերում, կամ իրանք խեղճ Հայերի տունն ու տեղը թալանում։ Շատ անգամ էն մարդի, որի հետ որ աթադան բաբադան մուղարար տարերով հետըները նստել, վեր էին կացել, հացը կերել, հարևանություն արել, գալիս էին ափաշկարա օրը ճաշին տունը կտրում, ունեցած չունեցածը վերցնում ու հետն էլ ասում, որ «մենք տանինք լավ ա, քանց թշնամին, մենք ձեր դոսթն ենք, մենք ուտենք ձեր մալը, թե չէ՛ թշնամին կգա, կտանի»։

Է՛սքան բանն անց էր կացել, խորամանկ Պարսիկքը իրանց բանը էնպես էին գողի պես սկսել, որ մեր կողմը ոչինչ խաբար չկար։ Էսպես անօրենություն շատ էր պատահում։ Շատ տարի՝ Ղարսա կամ Բայազդու վրա գնալիս՝ էս օրը հազիր էր։ Աբարանը ամեն տարի էր դուս գալիս Սարդարը իր ղոնշունովը, իրեք ամիս մնում, Փամբակու մեծավորին փեշքաշ ուղարկում, իր մոտ հրավիրում ու հազար օրթումով հավատացնում՝ թե Ռուսը քանց նրան էլ մեծ բարեկամ չունի։ Էս էր պատճառը՝ որ Փամբակու իշխող մեծավոր իշխանն և զորապետն Սավարզամիրզա՝ ո՛չինչ կասկած չէ՛ր տանում։ Ղորդ ա, էս տեղ, էն տեղ տավար, եսիր տանում էին, ամա էս բարի սովորությունը՝ էս օր էլ ունին մեր պատվական դրացի Ղազախ, Բոռչալուն։ Էս օր էլ են մարդ սպանում, թալնում, կոտորում, նրանց բան ու գործն՝ է՛ս ա միշտ։ Էստուր համար զարմանք չի՝ որ ոչ ոք մեկ չար բան չէ՛ր մտածում՝ թե Երևանը քոչում էր, նրանք հավատացնում էին՝ թե Սարդարը ուզում ա գնա Արզրումու վրա։ Ղալաբանթլղ հազար անգամ էր պատահել, էս նոր բան չէ՛ր ու նրանց Աղալարները էնպես էին Սավարզամիրզի սիրտը ձեռ քցել՝ որ ինչպես ուզում էին էնպես էին շուռ տալիս։ Բազի Հայ էլ որ Երևանիցը իր բարեկամներիցը գիր էր ստանում ու գիտեր՝ թե բանի զորությունն ի՞նչ ա՝ ձեն հանելիս՝ Ղարաքիլիսումը վրեն ծիծաղում, ռխին խփում էին ու վախլուկ Հայ կանչում։ Աղալարները մեծավորի դուռն ու շեմը էնպես էին բռնել՝ որ մեկ Հայի չէին էլ թողում՝