Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողանա էն սարսափելի տեսարանը պատմիլ, որ լսողը կամ կարթացողը իմանա, թե իր խեղճ ավազանի քիր ու ախպերը ի՞նչ հալում էին էս սհաթին, ի՞նչ էին քաշում, ի՞նչ էին տեսնում, ո՞ւմ առաջին, ո՞ւմ ձեռին, ո՞ր աշխարքում, ո՞ր հողում։ Ա՜խ, էշլինքդ չկոտրի՝ Աղասի՝ ա՜խ, ո՞ւր էիք էս սհաթին։ Թագավորք Հայոց՝ որ Անու միջումը անուշ քնած՝ ձեր որդիքը հարամու ձեռին, դուք մեկ գլուխ չի՛ բարձրացրիք, որ նրանց հավարին հասնիք, էն որդիքը՝ որ մեկ սհաթից առաջ աշխարք զարմացրին իրանց քաջությամբ, երկիրը սասանացրին իրանց տղամարդությամբը, ու ինչպես դուք՝ հսկայաբար պահպանեցին իրանց աշխարհը, ձեր հողը, ձեր հայրենիքը, ու դուք՝ անգութք՝ թողիք նրանց էսպես փորձանքի միջում, թշնամու թրի առաջին։[1]

Բայց վա՜յ ինձ, ո՞ւր հասա, ո՞ւր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը, լեզուս չի՛ որ խոսում ա, հոգիս չի՛, որ զգում ա, ազգիս արինն ա առաջիս թափում, իմ հայրենիքն ա առաջիս քանդվում, իմ սիրելու, իմ ախպոր տղի արտասունքն ու դառն լացն ա սիրտս էրում, խորովում, ի՞նչպես բերնիս հուփ տամ, բերնիս հուփ էլ տամ, արինս ա քթովս դուս գալիս, արինս առնեմ, աչքս ա կայծակին տալիս, աչքս դուս փորեմ, ջանս ա դուս գալիս, ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքըն Շորագյալու հողումը չորացած, կարելի է՝ թե մեկ մարդի չերևեր,[2] մեկ մարդ չիմանար, թե ես էլ՝ որ էստեղ պետք է զոհ ըլեի68), չիմանայի, չտեսնեի, չլայի, ու աղի արտասունքով չխնդրեի՝ ով Խլղարաքիլիսու պատմությունը կարթա, ի՞նչ աստվածասեր Հայ նրանց տարաբախտությունն իմանա, գլուխը պահի, նրանց հոգին հիշի, իր հոգին ու մարմինը էլ թշնամու ձեռք չտա, չտա։ Ջուրն ընկնի, կրակումն էրվի, իր յախեն Պարսից ձեռք չքցի, Ռսի ոտի հողը ջուր անի, որդին մատաղ տա, գլուխը ծախի, իր ազգի դարտին հասնի, իրան գերի չանի՛, չանի, ա՜խ, չանի։ Ա՜խ, երա՜բ, ասածս տեղ կհասնի, թե հետս գերեզմանը կերթա, ու հողումն էլ իմ ոսկերքը կմաշի, կտանջի, դրախտն ինձ դժոխքը կշինի, գերեզմանն ինձ գեհյան, տարտարոս։ Երեխեք,[3] ձեր ջանին ղուրբան՝ ձեզ եմ ասում ես իմ դարդը, ձեզ համար եմ գրում, ձեր երեսին մեռնիմ, հողումն ըլիմ, էկե՛ք վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրություն ժը ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ, օրհնեցե՛ք ու լսեցե՛ք այժմ ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորն ու մոր կսկիծը, ու ձեր հորն ու մոր ծոցումը դինջ հանգստանալիս՝ ասածս միտքըներդ բերեք, Խլ<ղարաքիլիսի> անմեղ երեխայից ձենը քանի ականջներդ ընկնի, փառք տվեք Աստծուն, որ էնպես երկնքի տակի ծնվեցիք, որ ձեր աչքը էսպես բան չտեսավ, ձեր մոր ծոցին ծնվեցիք, քնեցիք, զարթեցիք, հանգստացաք, նրանց ջանը լսեցիք, նրանց կաթը ծծեցիք, և ոչ նրանց արինը խմեցիք, նրանց դոշին քնեցիք,

  1. [ո՞ւր էն ժամանակը սուրբ Սարգիսը, սուրբ Գևորգը, սուրբ Գեղարդը որ էնքան մատաղ կերել՝ էնքան ուխտավորք տեսել, իրանց նրանց համար սրբություն շինել, իրանց ոսկերքը նրանց համար նշխարք պատրաստել, տարին հազարը չոքըչոք իրանց դուռն էին բերում, էսօր մեկ րոպե չկարացին սար ու ձոր քանդել, իրանց պաշտողներին ազատել, իրանց հավատացողին պահպանել, իրանց քանդողներինշլինքը փորը խրում։ Ազատ ժամանակի մատաղ ընդունիլ, հրաշք գործիլ՝ ի՞նչ օգուտ.]
  2. [թե]
  3. [իմ]