Էջ:Խենթը.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարդանը ավելի տաք կերպով. — որովհետև նրանց բոլոր չարագործությունների առջև աչքներդ փակած, համբերում եք: Ես հասկանում եմ, երբ թուրքը, քուրդը հային հարստահարում է, ճնշում է, և նրա կենսական բոլոր ուժերը խլելով նրանից, մահացնում է: Ես հասկանում եմ, և մինչև անգամ բնական եմ համարում, որովհետև նրանք դարերով այդպես վարվել են հայի հետ և նույն կերպ շարունակում են: Այդ դարձել է թուրքի և քուրդի համար մի տեսակ կենսական պահանջ, առանց որի նրանք հազիվ թե կարող են ապրել: Բայց երբ որ հայը վարվում է իր համազգիների հետ ավելի վատթար, քան թե թուրքը և քուրդը, այդ եղեռնագործության դժվար է համբերել: Ես այս խոսքերը էֆենդու երեսին ասացի, և նա մի բառ ևս չգտավ պատասխանելու:

— Ես դրանից վատը կասեի նրան, — խոսակցության մեջ մտավ Հայրապետը, — բայց հայրս միշտ մեզ խրատում է, թե պետք է լուռ մնալ, թե պետք է զգույշ լինել… մի օր ազատություն կլինի մեզ… պետք է համբերել… չգիտեմ, մինչև ե՞րբ պետք է համբերել։

— Մինչև Հիսուս Քրիստոսի գալուստը… — հեգնորեն պատասխանեց Վարդանը, — բայց ափսո՜ս մինչև այդ ժամանակը աշխարհի երեսին մի հայ էլ չի մնա, որ իր ազատությունը տեսնե. բոլորը քուրդ կամ թուրք դարձած կլինեն․․․

— Համբերությունը կյանք է…— խոսեց ծերունին քարոզի ոճով: — Մեր տանուտերերը, մեր վադապետները միշտ այդ են քարոզում մեզ: Ախար մի օր կլինի, որ աստված կմտաբերե իր կորուսյալ ոչխարներին… Պետք է համբերել, զավակներս… «համբերությունը կյանք է»…

— Համբերությունը մահ է… — պատասխանեց պարոն Դուդուկջյանը, որմինչև այն ժամանակ չեր խոսում և լուռ լսում էր նրանց վիճաբանությունը: Երիտասարդի գունատ դեմքը այժմ բոլորովին դեղնեց և նրա նուրբ, նույնպես գունաթափ շրթունքը սկսեց դողդողալ:

— Համբերությունը մահ է…կրկնեց նա վրդովված ձայնով, — գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել… Մի այնպիսի հրեական համբերություն, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը: Հրեաները շատ համբերեցին, աշխարհի բոլոր հալածանքներին դիմացան, սպասելով, թե կհայտնվի մի Մեսիա, որ կվերանորոգե սուրբ Երուսաղեմը և կվերականգնե Իսրայելի հին փառքը… և մինչև այսօր սպասում են…

171