Էջ:Խենթը.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շա՞տ բերեցիր։
— Քիչ չէր, աստուծո տվածից պեաք է գոհ լինել, թե շատ լինի և թե քիչ։
— Ազատ դո՜ւստր ազատ ժողովրդի,— մտածեց Վարդանը,— որքա՜ն կյանք, որքա՜ն պարզություն կա քո մեջ։ Դու ինչով ես մեղավոր, որ քեզ սովորեցրին նայել ավարի վրա, որպես մի արդար վաստակի վրա։ Եթե դու կրթված լինեիր, կյանքի այլ պայմանների մեջ, քո այդ հարուստ ձիրքերով կլինեիր մարդկության հրաշալիքը։
Վարդանը այժմ դարձավ դեպի վիրավոր էֆենդին, մարմինը շոշափեց, բոլորովին տաք էր. շնչառությունը այժմ ավելի կանոնավոր էր. միայն երբեմն արձակում էր խուլ հառաչանքներ։ Քրդուհին կրկին սկսեց թախանձել, թե ցանկանում է նայել վիրավորին։ Վարդանը թույլ տվեց. նա գիտեր, որ վիրաբուժության արհեստը շատ առաջ է գնացել քրդերի մեջ, որոնց համար վերքը և արյունը սովորական դեպքեր են, և նրանց բժշկությունը կենսական անհրաժեշտություններից մեկն է։
— Երկյուղ չկա,— ասաց քրդուհին վերջացնելով իր գործողությունը,— վերքերը աննշան են, բայց ոսկորների մեջ ջարդվածներ կան, երևում է, որ հիվանդը մի տեղից պետք է ցած ընկած լինի։
Վարդանը ոչինչ չպատասխանեց։
— Այժմ ձեզ համար պետք է ուտելու մի բան պատրաստել։
Երիտասարդը այժմ միայն զգաց, որ քաղցած է, որ ամբողջ օրը ոչինչ չէր կերել։ Բայց լինում են րոպեներ, որ մարդը թեև քաղց է զգում, բայց ուտելու ախորժակ չունի։ Նա այդ դրության մեջ էր. վիշտը և սրտի ցավը կշտացրել էին նրան։
— Ոչինչ պատրաստություն պետք չէ,— պատասխանեց նա,— ինձ միայն տվեցեք մի կտոր հաց և պանիր։
Վարդանի համեստ պահանջը վիրավորեց քրդուհու հյուրասիրական զգացմունքը, որ ցանկանում էր նրա համար մի տաք կերակուր պատրաստել։
— Մի խնդրեցեք մեզ,— ասաց նա ժպտալով,— մենք այժմ այնպես աղքատ չենք, որպես առաջ։
— Այո՛, Բայազեդը հարստացրեց ձեզ…
— Բացի Բայազեդից, մենք այստեղ հունձ ունեցանք… Անցյալ տարի հիվանդությունը մեր բոլոր անասուններր կոտորեց, մնացինք առանց կտոր հացի, բայց այս տարի աստված փոխարենը տվեց։ Այստեղի բոլոր հայերը գաղթեցին, գնացին և իրանց հարստության մեծ մասը թողեցին քրդերին։

302