N23
ՊՅԱՏԻԳՈՐՍԿՈՒ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԳԱՂՈՒԹՈՒՄ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նկատի ունենալով ներկա պատերազմական հանգամանքները, ամսվա 9-ին տեղիս հայերը, հետևելով ուրիշ քաղաքների օրինակին, ժողովվելով հայոց ուսումնարանի դահլիճում, որոշեցին կազմել մի հանձնաժողով ժողովարարություն անեյու փողով, տաք հագուստներով և թե ուրիշ նյութերով հայ կամավորների և նրանց ընտանիքների օգտին: Ընտրվեց 10 հոգուց բաղկացած մի հանձնաժողով:
ժողովականների մեջ ցանկություն հայտնվեց, որ այդ ընտրված հանձնաժողովը կոչվի «Կովկասի կենտրոնական բյուրոյի Պյատիգորսկի ճյուղ»:
Հայտնելով վերոհիշյալի մասին ի գիտություն Կենտրոնական բյուրոյի, սրանով խնդրում ենք Բյու՛րոյի հարգելի սանկցիան և միևնույն ժամանակ հայտնել անհրաժեշտ կարգադրություններ տեղիս ճյուղի գործունեության վերաբերյալ:
Արդեն հավաքված գումար ունենք, 1500ռ.: Խնդրում ենք նաև հայտնեք, թե արդյոք կառավարության կողմից մի որևիցե արգելք չի կարող հանդիսանալ մեր այս գործելակերպը:
|
.
ՀԱՍ, Ֆ.221, ց.1, գ.1, թ.8: Բնագիր: Ձեռագիր:
N24
ԱՍԽԱԲԱՂԻ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱՄԱԿԸ
ԹԻՖԼԻԱԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ
ԽԱՆԴԱՎԱՌՄԱՆ, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռուս-տաճկական պատերազմի սկսելով, տեղիս գաղթավայրի հայերն ևս, իբրև հեռավոր հատված հայ ազգի, շարժվեցին, որգևորվեցին ապագայի հավատով և խոստումնալի կյանքի արշալույսին և բուռն ոգևորությամբ նետվելով ամենուրեք ծայր առած այս անօրինակ եռուն գործունեության մեջ, կամեցան մի շարք ակտիվ ձեռնարկություններով մասնակցել ընդհանուր շարժման այս համատարած պրոցեսին: Այս նպատակով կազմվեց հայ կամավորներին և նրանց ընտանյաց նպաստող կոմիտետ վեց անդամից բաղկացած, որի առաջին հոգսն եղավ տեղական երիտասարդությունից կազմել կամավորների խումբ, հոգալով նրանց հագուստի և ճանապարհի ծախքերը, և արդեն երկու խումբ, բաղկացած քառասուն հոգուց,