նախագահի և քարտուղարի, իսկ Պ. Ալ.Խատիսյանի առաջարկությամբ նաև մի փոխնախագահ ևս, որով փոխ-նախագահների թիվը լինելու է երկու, միաժամանակ այն պայմանով, որ նոր ընտրվելիք փոխնախագահը լինի առաջին փոխ-նախագահ, իսկ ինքը պ. Ալ. Խատիսյանը, կմնա երկրորդ փոխ-նախագահ: Փակ քվեարկությամբ թերթիկներով նախագահ ընտրվեց 18 ձայնով ընդդեմ 2-ի, պետական դումայի անդամ պ.Մ.Պապաջանյան, առաջին փոխ-նախագահ 17 ձայնով ընդդեմ 3-ի, պ-Խունունց և քարտուղար 16 ձայնով ընդդեմ 4-ի, պ. Մ.Բերբերյան:
ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.8: Բնագիր: Ձեռագիր:
N 38
Ն.ԱԴԲԱԼՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ
ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վերջին նահանջի ժամանակ մեր կամավորները (Քեռու խումբ) կռվի դաշտում թողել են մեծ քանակությամբ շինելներ, պայուսակներ և այլ իրեր: Իրենց նախկին բնակավայրում գտնված իրերը երեք սայլ բարձած բերել են Նարիմանի մոտերքը և գնդացիրի կրակի տակ հանդիպելով, թողել են անցել Օլթի:
Սարիղամիշի կռիվների ժամանակ ժողովուրդը փախչում է ահաբեկ, իմ օգնականը մի քանի օր պահանջում է մեր պահեստը, ուր մոտ 25.000ր. ապրանք կար ամբարած (վերջին անգամ ես էի ուղարկել Երկու վագոն), այնուհետև ստիպված է լինում ինքը ևս մասնակցելու կռիվների, և մեր պահեստը անխնա թալանում են կոզակներն ու զինվորները, մանավանդ տանում են մեր տաք շորերը, կիսամուշտակները, յափնջիները և այլն:
Ասում են, որ այդ թալանին մասնակցել են տեղացիները, որոնք այդ նպատակով մնացել էին Սարիդամիշում, չնայած սոսկալի ռմբակոծության և հրետանածգության: (Վերջին կետը դեռ չեմ ստուգել):
Երեկ նամակ ստացա Վալադյանից, որ Համազասպի խումբը ևս ստիպված է եղել նահանջելու ռուսաց զորքի հետ: Նահանջի ժամանակ նրանք ևս պատահում են գնդացիրի կրակի, զոհ են տալիս մոտ 17 ընտիր տղաներ և կորցնում են իրենց ամբողջ աբոզը: Այսպիսով մենք մնացել ենք առանց հագուստի, կոշիկների և այլն: Ստիպված եմ շուտափույթ զանազան իրեր գնելու, որ տղաների անմիջական կարիքները հոգան, դրամի շատ մեծ կարիք ունենք:
Առժամապես փոխարինաբար 1000ր. պարտք եմ արել Երվանդ Տեր.Մինասյանից, որ նամակս բերում է Ձեզ: Խնդրեմ նախ վճարել հիշյալ պարոնին առածս 1000ր. պարտքը և շուտով ինձ դրամ հասցնեք, որ խմբերը նորից գործի հանենք:
Վերջին կռիվների մեջ մերոնք մասնակցություն ունենալ չկարողացան, որովհետև բավարար հագուստ ու կոշիկ չունեին: Նեղ օրերին ամեն չարչարանք քաշեցին, երբ պետք էր թշնամուն հարվածել և, ջարդել անմասն մնացին, որ շատ ցավալի է: Բայց ինչ կարող էին անել առանց շինելի և պայուսակների ու կոշիկների մարդիկ ձմռան այս ցրտերին, առանց պաշարակիր սայլերի ու բավարար մթերքի:
Նորից խնդրում եմ շտապով ինձ փող հասցնել կամ պ. Երվանդ Տեր- Մինասյանի ձեռքով կամ հեռագրով և այն հասցեով, որ նա կտա ձեզ: