Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու կապակցությամբ Նոր Նախիջևանի հայության շրջանում հսկայական վերելք է սկսվել: Եկեղեցու հրապարակում կայացած հավաքում հայ հոգևորականությունը աղոթքներ ու մաղթանքներ է հղել ռուսական զենքի հաջողություններին: Տեղի ունեցած բոցավառ ելույթներում հայ հռետորները ցայտուն կերպով շեշտել են Մեծ Ռուսաստանի պատմական առաքելությունը Արևելքում: Բազմահազարանոց թափորը թագավորի և թագաժառանգի պատկերներով ու նվագախմբով շարժվեց դեպի հարևան Ռոստով ի ցուցադրություն քաղաքապետի, անգլիական, ֆրանսիական ու բելգիական հյուպատոսների: Եղանակը բարեհաճ էր հանդիսությունների համար: Միապետին ուղարկվեցին հավատարիմ հպատակության զգացմունքի հեռագրեր և ողջույններ Վորոնցով-Դաշկովին, Սազոնովին ու գլխավոր հրամանատարին: Շատ հայեր ցուցակագրվեցին հայկական կամավորական ջոկատներին, հավաքեցին նվիրատվություններ:
Նույն գործը, թ.92:
ՀԱՅԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՌԱԳԻՐԸ
N 46
Փարիզի բժիշկը համաձայն է: Երկուշաբթի մեկնում է: Մյունխենում ավարտած մյուս բժիշկը համաձայն է հետևելու զորագնդին, եթե հարկ համարվի: Հեռագրեցեք [Մոսկվա], Հայկական նրբանցք, Հայ եկեղեցու տուն:
Նույն գործը, թ.82:
N 47
Մոսկվայի հայ ինժեներները առաջարկում են կազմակերպել օդային ջոկատ [կամավորական] դրուժինայի համար: Հաղորդեցեք, կա՞ անհրաժեշտություն:
Նույն գործը, թ.87:
N 48
Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու կապակցությամբ [Մոսկվայի] Հայկական պաշտոնական կոմիտեն խնդրում է անդադար կապի մեջ պահել գործընթացի մասին: Հեռագրով հաղորդեցեք պաշտոնական կոչի տեքստը, եթե դրա կարիքը կզգացվի: Ուսանողները ցանկանում են մասնակցել որպես սանիտար-կամավորականներ: Եթե պետք է, հաղորդեցեք [Մոսկվա], Պոկրովկա 42, Մամիկոնյանին:
Նույն գործը, թ.93: