Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաթողիկոսության սեփականությունն է դարձրել մի քանի գյուղեր, կարգավորել Հայոց եկեղեցու մի շարք թեմերի, Աղթամարի կաթողիկոսության, Կ․Պոլսի ու Երուսաղեմի պատրիարքությունների պառակտված հարաբերությունները։ Հայ գրատպությունը խթանելու նպատակով Եվրոպա է ուղարկել Մատթեոս Վանանդեցուն, Ոսկան Երևանցուն և ուր․։ Պայքարել է Հայաստանում և հայկ․ գաղթավայրերում գործող կաթոլիկ քարոզիչների դեմ, Հայաստանն ազատագրելու ակնկալությամբ կապ պահպանել Հռոմի Ալեքսանդր VII պապի հետ։ 1677-ին Էջմիածնում հրավիրել է աշխարհիկ ու հոգևոր գործիչների խորհրդակցություն, ընտրել պատվիրակություն և ազատագր․ առաքելությամբ ուղևորվել Եվրոպա։ Ճանապարհին, Թիֆլիսում (1677-ի հունիս) բանակցել է Քարթլիի Գեորգի XI թագավորի և Վրաց կաթողիկոսի հետ, մշակել հայ-վրաց․ համատեղ պայքարի ծրագիր։ 1679-ի դեկտ․ ժամանել է Կ․Պոլիս, իր ծրագրի վերաբերյալ բանակցել տեղի հայ ազդեցիկ հոգևորականների, եվրոպացի պետ․ գործիչների հետ, նամակներ հղել Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն։ Հ․ Դ Ջ-ու մահից հետո պատվիրակությունը, բացառությամբ Իսրայել Օրու, հետ է վերադարձել։

Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։ Հովհաննիսյան Ա․ Գ․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ․ 2, Ե․, 1959։


ՀԱԿՈԲ Ե ՇԱՄԱԽԵՑԻ (XVII դ․ վերջ, Շամախի - 21․3․1763, Վաղարշապատ), Հայոց կաթողիկոս 1759-ից, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Ուսանել է Էջմիածնում, եղել Մայր աթոռի միաբանության ազդեցիկ անդամներից, համարվել «գիտուն և շնորհաշատ» վարդապետ։ 1743-ից սկսել է կազմել գավազանագիրք, որտեղ շարադրել է կաթողիկոսարանի անցուդարձերը։ Նորոգել է Երևանի տարածքի մեջ մտնող Ձորագյուղի անապատը, կարգավորել Էջմիածնի վանքապատկան կալվածագրերը։ Պարսկ․ խաների ու կովկասյան լեռնականների ասպատակություններին վերջ տալու և Արլ․ Հայաստանը պարսկ․ տիրապետությունից ազատագրելու նպատակով կապեր է պահպանել ժամանակի նշանավոր գործիչների՝ Հովսեփ Էմինի, Վրաստանի Թեյմուրազ II և Հերակլ II թագավորների և ուր․ հետ։ 1760-ին կոնդակ է հղել Ռուսաց կայսրուհի Ելիզավետա Պետրովնային՝ խնդրելով ընդառաջել Պետերբուրգ մեկնած Թեյմուրազ II-ին՝ հայ և վրացի ժողովուրդներին պարսկ․ լծից ազատագրելու խնդրում։

Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։


ՀԱԿՈԲ ԹՈԽԱԹՑԻ (1563, ք․ Եվդոկիա - 1657-63-ի միջև), տաղասաց, թարգմանիչ, գրիչ։ Աշակերտել է Հակոբ Այվաթենց Թոխաթցուն, որից տարբերվելու համար իրեն կոչել է Հակոբ Բաթակենց Թոխաթցի։ 1593-95-ին ապրել է Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ ք-ում, ապա հաստատվել Զամոստիե հայաշատ ք-ում (Արմ․ Ուկրաինա)։ Հեղինակ է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (գրված 1595-1596-ին), «Տաղ և ողբանք ի վերայ Եվդոկիա քաղաքին» (1604) պատմ․ թեմայով ողբերի, քնար․ բնույթի զղջական-խրատ․ տաղերի, գանձերի ու ներբողների, «Յակոբի Սաղմոսարան» կոչված անտիպ երկի։ Լատ-ից հայ․ է թարգմանել հնդկ․ ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմութիւնը» (1614, հայ․ հրտ․ 1696), որը, խմբագր․ որոշ փոփոխություններով, հրատարակվել է 9 անգամ (1-ին հրտ․ 1696)։ Այս գործը հայ-ից թարգմանվել է նաև թուրք․ (1803), ռուս․ (1847), վրաց․ (XIX դ․), ֆրանս․ (1919)։

Հ․Թ-ու գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր (Երևանի, Վիեննայի Կայսեր․ և Երուսաղեմի Ս․Հակոբյանց վանքի մատենադարաններում)։ Բացառիկ նշանակություն ունի նրա գրչագրած «Գեռլայի տաղարանը» (Երևանի Մատենադարան, ձեռ․ № 10050), որն ամփոփում է հայ միջնադարյան պոեզիայի բազմատեսակ ստեղծագործություններ։

Երկ․ Տաղ վասն կենաց մարդկան, «Բազմավեպ», 1865, № 6։

Գրկ․ Ակինյան Ն․, Հակոբ Երեց Թոխաթեցի, տես նրա «Հինգ պանդուխտ տաղասացներ», Վնն․, 1921։ Նույնի, Հակոբ Թոխաթեցւո «Ողբ ի վերայ երկրին Օլախաց», տես նրա «Մատենագրական հետազոտություններ», հ․ 4, Վնն․, 1938։


ՀԱԿՈԲ ԿԱՐՆԵՑԻ (Գևորգի որդի, 1618, Կարին - մ․թ․ անհտ․), պատմիչ-ժամանակագիր, աշխարհագրագետ։ 1641-ին Էջմիածնում ձեռնադրվել է քահանա։ Հ․ Կ-ու «Ժամանակագրությունը» ընդգրկում է 1482-1672-ին Հայաստանում կատարված կարևոր իրադարձությունները։ Նրա «Տեղագիր Վերին Հայոց» երկը (հրտ․ 1903, թարգմանվել է նաև ֆրանս․) պատմաաշխարհագր․ և ազգագր․ կարևոր տեղեկություններ է պարունակում Կարնո գավառի, օսմ․ բռնակալության հարկային համակարգի վերաբերյալ ևն։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Նրան է վերագրվում «Երգ երգոցի» մի մեկնություն։ Հ․ Կ-ու երկերը շարադրված են բարբառային տարրերով հագեցած գրաբարով։ Հավանաբար մահացել և թաղվել է Կարինում։

Գրկ․ Մանր ժամանակագրություններ, հ․ 1-2, Ե․, 1951-56 (կազմ․ Վ․ Հակոբյան)։ Աճառյան Հ․, Հայերեն նոր բառեր հին մատենագրության մեջ, հ․ 2, Վնտ․, 1926։


ՀԱԿՈԲ ՀԱՐՔԱՑԻ, Հակոբոս եպիսկոպոս (ծ․ և մ․ թթ․ անհտ․), Թոնդրակյան շարժման առաջնորդ X դ․ վերջին - XI դ․ սկզբին։ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառի եպիսկոպոս։ Հ․Հ․ ժխտել է Աստծու ու հավատացյալի միջև եկեղեցու և հոգևորականության միջնորդության անհրաժեշտությունը, քարոզել պարզ կենցաղավարություն։ Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին նրան կարգալուծել