Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շրջագայել է (Վաղարշապատ, Վան, Մուշ և այլուր)։ Գրականագետ-արվեստաբան Ա․Երեմյանը հայտնաբերել է Հ․Օ-ու դավթարը և Նոր Ջուղայում հրատարակել նրա բազմաժանր ժառանգությունը («Աշուղ Հարթուն Օղլի», 1920), 1946-ին Թեհրանում «Փշրանքներ աշուղական գրականությունից» գրքում վերահրատարակել աշուղի 36 հայ․ և 9 թուրք․ երգերը՝ զետեղելով նաև «Արի դիլբար» և «Ծամերդ աբրեշում» երգերի նոտագրությունը։ Գրականագետ Հ․ Սահակյանը Հ․Օ-ու 32 երգ զետեղել է «Հայ աշուղներ․ 17-18 դդ․» (1961) ժող-ում և տեղեկություններ տվել նրա մասին։



ՀԱՐԺԻՍԻ ԿԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ, Յայջիի կարավանատուն, միջնադարյան Հայաստանի կարավանատներից, Սյունիքով անցնող ճանապարհի վրա (այժմ` ՀՀ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտ)։ Կառուցվել է 1343-ին, ներկայումս կիսավեր է։ Պատկանում է եռանավ դահլիճ տիպի կարավանատների շարքին։ Ուղղանկյուն դահլիճը (10,2 x 18,2 մ ) երկու շարք (4-ական յուրաքանչյուրում) մույթերով բաժանվում է 3 մասի։ Մույթերը միմյանց և պատերին կապված են եղել թաղածածկը կրող կամարներով, որոնք թաղերի հետ առնված էին երկլանջ կտուրի տակ։ Հետագայում մուտքի առաջ կցվել է փոքրաչափ (4,05 x 4,9 մ ) մի նախասրահ։

Գրկ․ Հարությունյան Վ․, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե․, 1960։



ՀԱՐԻՍԱ, հայկական ազգային կերակուր։ Ցորենի ձավարը, հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։

Հնում համարվել է ծիս․ և տոն․ կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժող․ տոներ ևն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո, կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։



ՀԱՐՃԼԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Արցախի նահանգում։ Հիշատակվում է VII դ․ «Աշխարհացույց-ում։ Մատենագր․ այլ տեղեկություններ չեն պահպանվել։



ՀԱՐՈՅԱՆ Հարություն Ասատուրի [10(23)․ 1․1919, ք․ Արդն (Արմ․ Հայաստանում) _ 12․4․1974, Երևան], քիմիկոս, օրգանիկ։ Քիմ․ գիտ․ դ-ր (1974)։ Ավարտել է ԵՊՀ (1941)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Աշխատել է Լենինականի մանկավարժ․ ինստ-ում, 1955-ից՝ ՀՀ ԳԱ նուրբ․ օրգ․ քիմիայի ինստ-ում, 1959_74-ին՝ իր նախաձեռնությամբ հիմնադրված հետերոցիկլային միացությունների լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են քլորմեթիլային ռեակցիայի, արոմատիկ և հետերոցիկլային միացությունների քիմիայի բնագավառին։ Նրա ղեկավարությամբ սինթեզվել են դիմեկումարոն, դիբոտին, գումետօքս դեղանյութերը։ Հ․ նուրբ օրգ․ քիմիայի ինստիտուտի հրատարակած «Հետերոցիկլիկ միացությունների սինթեզներ» ժող․ (ռուս․) գլխ․ խմբագիրն էր։



ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԵՐԳԵՐ, հարսանիքի առանձին դրվագների համար նախատեսված հատուկ երգերի ու պարերգերի շարք։ Կոմիտասը հաշվում էր շուրջ 100 հայկ․ Հ․ե․։ Բազմազան է այդ երգերի բովանդակությունը, որը վերաբերում է փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս մասնակիցներին, պարզապես՝ հանդիսականներին, հատուկ արարողություններին (օր․՝ «հարսանեկան ծառի» օրհնելը ևն)։ Ուշագրավ են ծաղկոց երգերը, որ երգում են հարսնացուի ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս՝ նրան զուգելու, զարդարելու ժամանակ։ Լայն է Հ․ե-ի հուզական տրամադրությունների շրջանակը՝ ջերմեռանդ աղոթքից ու բարեմաղթությունից մինչև սրամիտ կատակը, թախծից (հարսի՝ հայրական տանը հրաժեշտ տալու առթիվ) մինչև ուրախությունն ու խրախճանքը։ Բազմազան են նաև Հ․ե-ի կոմպոզիցիոն միջոցներն ու կատարող․ հատկանիշները, ընդգրկելով ռեչիտատիվ ու եղանակավոր մեներգեր, մեներգչի և խմբի, նաև երկու խմբի հարցուպատասխանային զուգերգեր ևն։ Հնավանդ են «Վարդ, զքե չըմ սիրի» հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, լրջությամբ առանձնանում են փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր» երգերը, հումորով՝ «Էն դիզան, տեսեք էն որն ի» երգ-հանելուկը ևն։ Հարսանիքի երաժշտությունն ընդգրկում է նաև ծեսի առանձին դրվագներին նվիրված հատուկ պարերգեր և նվագարանային եղանակներ (օր․՝ «Կալոսի պռկեն» զուռնայի հանդիսավոր