Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(օր․, Վարդավառ, Տերընդեզ, մատաղ ևն)։

Գրկ․ Ալիշան Ղ․, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վենետիկ, 1895։ Ղափանցյան Գ․, Արա Գեղեցիկի պաշտամունքը, Ե․, 1944։ Մելիք-Փաշայան Կ․, Անահիտ դիցուհու պաշտամունքը, Ե․, 1963։ Վարդումյան Գ․, Հայոց նախաքրիստոնեական պաշտամունքը, Ե․, 1991։

ՀԵԹՈՒՄ, Հեթում Պատմիչ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), պատմագիր, պետական գործիչ։ Հեթումյանների տոհմից։ 1294-1305-ին՝ հայոց սպարապետ։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մահմեդ․ իշխանությունների (հատկապես Եգիպտոսի սուլթանության) դեմ։ 1305-ին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել լատինադավանություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307-ին, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արլ-ի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկըրների մասին։ Միջնադարյան ֆրանս-ով գրած նրա երկը վերածվել է լատ-ի, հետագայում թարգմանվել ֆրանս․, իտալ․, անգլ․, հոլանդ․ ևն։ 1842-ին Մ․ Ավգերյանը լատ-ից գրաբար է թարգմանել Հ-ի երկը՝ դրան կցելով Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպ․ մի շարք պետությունների 1096-1307-ի պատմությունից։

Երկ․ [Պատմություն] թաթարաց, Վնտ․, 1951։

Գրկ․ Ալիշան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Абгарян Г.В., Архетип "Татарской хроники" Гетума, использованный “Любексой хронике” Детмара, ՊԲՀ,1978, № 1․


ՀԵԹՈՒՄ Ա (1203-1270), Կիլիկիայի հայոց թագավոր 1226-69-ին։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց (1225) հետո Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հ-ին պսակել է Զաբել թագուհու հետ և հռչակել թագավոր (մինչև Հ․Ա-ի չափահաս դառնալը երկիրը կառավարել է Կոստանդին թագավորահայրը)։ Հ․Ա-ի օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, ավելի է կենտրոնացվել միապետ․ իշխանությունը։ Ռազմ․ ուժերը հզորացրած Հ․Ա վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտ-մշակութ․ կյանքը։ 1243-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղ․ Բաչու Նոյին զորավարի հետ, այնուհետև նոր դաշնագիր կնքել Մանգու խանի արքունիքում (տես Հայ-մոնղոլական դաշինք 1254)։ 1256-59-ին մոնղոլների զինակցությամբ զսպել է հարևան մահմեդ․ պետություններին, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հվ․ շրջանները, առժամանակ՝ Հս․ Ասորիքի զգալի մասը (Հալեպ կենտրոնով)։ Եգիպտոսի սուլթանությունը 1266-ին 30 հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան։ 1268-ի հուլիսին Հ․Ա որոշ զիջումներով, հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատած որդուն՝ Լևոնին հանձնել գահը (1269), մտել վանք, ուր և մահացել է։

Հ․Ա-ի անունով և պատկերով հատվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։

Գրկ․ Հեթում Պատմիչ, [Պատմութիւն] թաթարաց, Վնտ․, 1951։ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ․, 1956։ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Микаелян Г.Г․, История Киликийского армянского государства, Е․, 1952․


ՀԵԹՈՒՄ Բ (ծ․թ․ անհտ․ - 1301, Անարզաբա), Կիլիկիայի հայոց թագավոր 1289-ից։ Հեթումյան արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Լևոն Գ-ին։ Հ․Բ-ի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285-ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10-ամյա հաշտության պայմանագիրը, 1292-ին գրավել Հռոմկլա քաղաքը և հայկ․ որոշ բերդեր ստանալուց հետո միայն դադարեցրել առաջխաղացումը։ 1294-ին գահը զիջելով իր եղբայր Թորոսին՝ Հ․Բ մտել է վանք, սակայն հայ ավագանու պահանջով կրկին գահակալելով (1295)՝ փորձել է նորոգել դաշինքը մոնղոլների և Բյուզանդիայի հետ։ 1296-ին Հ․Բ-ի եղբայր Սմբատը գրավել է գահը և նրան բանտարկել։ 1298-ին Սմբատից գահը խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը։ Գահակալ․ կռիվներից օգտվելով՝ Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հվ-արլ․ շրջանները։ 1299-ին դարձյալ գահ հրավիրված Հ․Բ մոնղոլների աջակցությամբ ազատագրել է կորցրած հողերը։ 1301-ին Կիլիկյան Հայաստանի թագավոր է օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (դարձել է նրա թագավորահայրը)։ 1307-ին թաթար․ զորավար Փիլարղուն, Լևոն Դ-ին (40 հայ նշանավոր իշխանների ուղեկցությամբ) բանակցության պատրվակով հրավիրելով Անարզաբա, խաչակրաց նոր արշավանք կազմակերպելու մեղադրանքով, կոտորել է նրանց։

Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Տեր-Ղազարյան Հ․, Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966։ Микаелян Г.Г․, История Киликийского армянского государства, Е․, 1952․


«ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ», հայկական ձեռագիր մատյան՝ ընդօրինակված և ծաղկված 1286-ին, Կիլիկիայում, Հեթում արքայազնի (ապագա Հեթում Բ թագավոր) համար։ Գտնվում է Երևանի Մատենադարանում (ձեռ․ № 979)։ Անցյալում ձեռագրի մանրանկարները սխալմամբ վերագրվել են Թորոս Ռոսլինին։ Պատկերների մեծ թիվը, դրանց կատարման ոճական տարբերությունները վկայում են, որ ձեռագիրը նկարազարդել են մի քանի վարպետներ։ Գրիչը և մանրանկարիչները անհայտ են։ Ստեղծվել է