Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դաշնակիցների զորամասերում ծառայած հայ կամավորների սխրանքների մասին։ Լուսաբանել է Հայաստանի տնտեսության ու մշակույթի նվաճումները, ձգտել հայրենիքի շուրջը համախմբել սփյուռքահայությանը։ Տպագրել է նաև գեղ․ գործեր։


ՀԱՅ ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1922-ին։ Անդամներն են Ֆրանսիայում բնակվող առաջին, ապա և երկրորդ համաշխ․ պատերազմների մասնակից հայ երբեմնի ռազմիկներն ու կամավորները, որոնք կռվել են ֆրանս․ բանակի շարքերում։ Միությունն ակտիվորեն մասնակցում է ֆրանսահայ համայնքի հաս-քաղ․ կյանքին։


ՀԱՅ ՆՈՐ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՀՆԴ, անգլ․ անվանումը՝ New Armenian Resistance, NAR), քաղաքական ընդհատակյա զինված կազմակերպություն։ Գործել է 1977_82-ին։ ՀՆԴ 1970-ական թթ․ հրապարակ իջած հայ զինված խմբակներից էր, որի գործողություններն ուղղված էին ոչ միայն թուրք․, այլև արտասահմանում գտնվող խորհրդ․ հաստատությունների դեմ։ Հայերի թիվ առաջին թշնամին համարելով թուրք․ պետությունը՝ ՀՆԴ կոչ էր անում չմոռանալ նաև այն, որ խորհրդ․ վարչակարգը ՀԽՍՀ-ում բռնությունների է դիմել ազատախոհական շարժումները ճնշելու համար։


ՀՆԴ գործունեությունը սահմանափակվել է միայն խափանարարական գործողություններով։ ՀՆԴ պատասխանատվություն է ստանձնել 1979-ի դեկտ․ 22-ին Փարիզում թուրք․ դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի սպանության համար։ Նույն գործողությունը հանձն է առել նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։


«ՀԱՅ ՍԻՐՏ», գրական-հասարակական շաբաթաթերթ։ «Հայ սիրտ» հրատարակչ․ ընկերության հրատ․։ Լույս է տեսել 1926_32-ին, Ֆիլադելֆիայում (ԱՄՆ)։ Խմբագիրներ՝ Ս․Սուքիասյան, Հ․Գույումճյան։ Լուսաբանել է ամերիկահայ ազգ-մշակութ․ կյանքը, ձգտել զորացնել հայրենիք_սփյուռք կապերը։ Խրախուսել է հայրենակց․ միությունների շին․ ձեռնարկումները Հայաստանում, զորավիգ կանգնել ՀՕԿ-ի և ՀԲԸՄ գործունեությանը։ Անդրադարձել է միջազգ․ քաղ․ իրադարձություններին։ Գրակ-հրապարակախոս․, գիտ․, բժշկ․, մանկավարժ․ նյութերով պարբ-ին աշխատակցել են Ռ․Որբերյանը, Զ․Գալեմքյարյանը, Ե․Արմենը, Կ․Սիտալը, Հ․Հինդլյանը, Տ․Գապագճյանը և ուր․։


«ՀԱՅ ՍԻՐՏ», քաղաքական-հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1925_38-ին, Մարսելում (Ֆրանսիա)։ Խմբագիր-արտոնատեր՝ Ե․Թորոսյան։ Արտահայտել է ազգ-հայրենասիր․ շըրջանների հայացքները։ Պատմել է Հայաստանի կյանքի մասին, անդրադարձել ՀՕԿ-ի գործունեությանը, ներգաղթի կազմակերպման հարցերին, լուսաբանել ֆրանսահայության առօրյան։ Դատապարտել է Իտալիայի ագրեսիան Հաբեշստանում, մերկացրել ֆաշիստ․ Գերմանիայի զավթող․ նկրտումները։ Տպագրել է նաև գրակ-գեղ․ գործեր, պատմ․ ուսումնասիրություններ։ Աշխատակցել են Մ․Սեթյանը, Մ․Նաճարյանը, Տ․Լյուլեճյանը, Ե․Տեր-Անդրեասյանը, Հ․Քյուրքճյանը և ուր․։


«ՀԱՅ ՍԻՐՏ», գիտական, հասարակական, գրական և մանկական եռամսյա պարբերաթերթ։ Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտր․ վարչության պաշտոն․ հրատ․։ Լույս է տեսնում 1939-ից (1939_45-ին՝ «Հայ կարմիր խաչ», 1946_ 1955-ին՝ «Հայ օգնության միություն»), Բոստոնում (ԱՄՆ), հայ․, անգլ․, ֆրանս․։ Խմբագիրներ՝ Ա․Բարսեղյան, Ար․Բարսեղյան, Ս․Տեստեկյուլ, Ս․Մխիթարյան, Ս․Համաստեղ, Գ․Թոլոլյան, Ժ․Միսաքյան, Ա․Բալյան։ Հրապարակում է ՀՕՄ-ի տեղեկագրերը, նյութեր միության մասնաճյուղերի գործունեության մասին։ Անդրադառնում է երեխաներին հայեցի դաստիարակություն տալու խնդրին, տպագրում բարոյախոս․, բժշկ․ բնույթի հոդվածներ։ «Հայրենի լուրեր» խորագրով տեղեկություններ է հաղորդում Հայաստանի կյանքի տարբեր բնագավառներից։


ՀԱՅ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՍԴՄ), հայ առաջին սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը։ Ստեղծվել է 1902-ին, Թիֆլիսում՝ Ս․Շահումյանի, Բ․Կնունյանցի, Ա․Զուրաբյանի նախաձեռնությամբ։ Միությունն իր մերձավորագույն խնդիրն էր համարում հայ պրոլետարիատի քաղ․ դաստիարակությունը և նրան ռուսաստանյան պրոլետարիատի պայքարին մասնակից դարձնելը։ Միությունը պրոպագանդում էր Ռուսաստանի բազմազգ պրոլետարիատի հետ գաղ․, քաղ․ և կազմակերպ․ միասնության անհրաժեշտությունը։ ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի հետ միությունը 1902-ին գլխավորել է Թիֆլիսի բանվորների քաղ․ ելույթները, ստեղծել ընդհատակյա տպարան, տարածել հեղ․ կոչեր և թռուցիկներ։ 1902-ի հոկտ․ միության հրատարակած մարքսիստ․ հայ անդրանիկ թերթի՝ «Պրոլետարիատ□-ի առաջին և միակ համարում զետեղվել է «Մանիֆեստ հայ սոցիալ-դեմոկրատների միության» փաստաթուղթը։ Միությունը և «Պրոլետարիատ□-ի խմբագրությունը մասնակցություն են ունեցել ՌՍԴԲԿ Կովկասյան կազմակերպությունների առաջին համագումարի (1903) նախապատրաստման և անցկացման աշխատանքներին, Կովկասյան միության ստեղծմանը։ Համագումարից հետո ՀՍԴՄ ձուլվել է Կովկասյան միության հետ։

Գրկ․ Շահումյան Ս․, Մանիֆեստ «Հայ սոցիալ-դեմոկրատների միության», ԵԼԺ, հ․ 1, Ե․, 1975։ Մամիկոնյան Կ․Ա․, Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը 1902_ 1903 թթ․, Ե․, 1969։


«ՀԱՅ ՎԱՍՏԱԿ», առևտրական և տնտե