Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձվաբջջի գենետիկական ապարատում եղած զարգացման ծրագրի իրականացման շնորհիվ։ Սաղմնային զարգացման վաղ շրջաններում գործում է գենետիկական ինֆորմացիայի մի մասը, իսկ մյուս մասը մնում է պասսիվ և օգտագործվում զարգացման հաջորդ փուլերում։ Ս․ օգտվում է մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բջջաբանության, բջջաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, կենսաբանության, կենսաֆիզիկայի, մաթեմատիկայի ամենաժամանակակից մեթոդներից: ՍՍՀՄ–ում ստեղծվել է անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների ընկերություն։ Ս–յան զարգացման գործում մեծ դեր են կատարում պարբերական հանդեսները, «Արխիվ անատոմիի, գիստոլոգիի ի էմբրիոլոգիի» («Архив анатомии, гистологии и эмбриологии», 1916-ից), «Օնտոգենեզ» («Онтогенез», 1970-ից), «Ու․ Րուս արքիվս» («W․ Roux’s Archives», 1894-ից) ևն։ 1949-ից պարբերաբար անցկացվում են միջազգային գիտաժողովներ։ ՀՍՍՀ–ում Ս–յամբ զբաղվում են ՀՍՍՀ ԳԱ փորձառական կենսաբանության ինստ–ի բջջաբանության և Ս–յան լաբորատորիայում։

ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՅՍԵՐԻ, էմբրիոլոգիա բույսերի, բուսաբանության բաժին. ուսումնասիրում է բուսական նոր օրգանիզմների առաջացման (սաղմնավորման) և ձևավորման հարցերը։ Ավելի լայն առումով, Ս․ բ․ ուսումնասիրում է ինչպես բույսերի սաղմնային զարգացումը, այնպես էլ բազմացման ոլորտի ձևավորման շրջանը, սեռական բջիջների առաջացման և բեղմնավորման երևույթները։ Տարբերում են ընդհանուր Ս․ բ․, որը բացահայտում է բազմացման և սաղմնային զարգացման հիմնական օրինաչափությունները (սպորոգենեզ, գամետոգենեզ, զիգոտոգենեզ, էնդոսպերմոգենեզ ևն), համեմատական Ս․ բ․, որն ուսումնասիրում է տարբեր բույսերի սաղմնային պրոցեսները՝ կարգաբանության և ֆիլոգենիայի հարցերի պարզաբանման նպատակով, մասնավոր Ս․ բ․, որն ուսումնասիրում է այդ պրոցեսներն առանձին կարգաբանական խմբերի բույսերում և փորձառական Ս․ բ․, որը փորձնական ճանապարհով պարզաբանում է բույսերի սաղմնային պրոցեսների գենետիկական, կենսաքիմիական և ֆունկցիոնալ բնույթը։ Որպես ինքնուրույն գիտություն Ս․ բ․ ձևավորվել է դեռևս XIX դ․, երբ արդեն ստեղծվել էին բջջային տեսությունը և էվոլյուցիոն ուսմունքը։ Ս․ բ․ զարգացմանը նպաստել է մանրադիտակային տեխնիկայի կատարելագործումը։ Այդ ժամանակաշրջանում մի շարք բուսաբաններ (իտալ․ Ջ․ Ամիչի, գերմ․ Ֆ․ Մայն, Վ․ Հոֆմայստեր, ռուս․ Ի․ Դորոժանիկին և Ն․ ժելեզնով ու ուրիշներ) բացահայտել էին փոշեհատիկի ծլման ու փոշեխողովակի առաջացման երևույթները, պարզել սպորավոր և ծաղկավոր բույսերի օնտոգենեզի մի շարք կարևորագույն հարցեր, հաստատել սեռական և անսեռ սերունդների հաղորդականության տեսությունը։ Ս․ բ–ի զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է տեսության և փորձի սերտ միահյուսմամբ։ Սաղմնաբանների հիմնական ուշադրությունը ներկայումս ուղղված է այնպիսի բարդ երեվույթների հետազոտությանը, ինչպիսին են միկրո– և մակրոգամետոգենեզը, կրկնակի բեղմնավորման պրոցեսը, էմբրիո– և էնդոսպերմատոգենեզը, պոլիէմբրիոնիան և ապոմիքսիսը, որոնց ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի բույսերի ֆիլոգենիայի և էվոլյուցիայի պրոբլեմների մշակման, ինչպես նաև ձևերի և տեսակների առաջացման հարցերի պարզաբանման համար։ Գենետիկական և սելեկցիոն մի շարք կարևորագույն խնդիրների լուծումը (հեռավոր հիբրիդացում, ստերիլություն, ապոմիքսիս ևն) ևս հենվում է սաղմնաբանական ուսումնասիրությունների վրա։ Ինտենսիվորեն զարգանում են Ս․ բ․ փորձառական և էկոլոգիական ուղղությունները։ Ֆիտոմորֆոլոգների միջազգային ասոցիացիան հրատարակում է «Ֆիտոմորֆոլոջի» («Phytomorphology», 1951-ից) հանդեսը, որտեղ լուսաբանվում են նաև Ս․ բ․ հարցերը։ Երկու տարին մեկ անցկացվում են միջազգային սիմպոզիումներ։ ՀՍՍՀ–ում բույսերի սաղմնաբանությամբ զբաղվում են Երևանի համալսարանում, ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ում, Երևանի գյուղատնտ․ ինստ–ում։

ՍԱՂՄՆԱԹԱՂԱՆԹՆԵՐ, որոշ անողնաշարավոր կենդանիների, շնաձկների, բարձրակարգ ողնաշարավորների և մարդու սաղմը շրջապատող թաղանթներ։ Ապահովում են սաղմի կենսագործունեությունը և այն պաշտպանում արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից։ Տարբերում են բուն Ս․, որոնք գոյանում են սաղմնային զարգացման ընթացքում՝ սաղմնային հյուսվածքներից և ձվաթաղանթներ, որոնք առաջանում են մայրական օրգանիզմի հատուկ օրգանների գործունեության հետևանքով։ Ձվածին կենդանիների ձվաթաղանթները պահպանվում են սաղմնային զարգացման ամբողջ ընթացքում, իսկ կաթնասուններինը՝ լինում են միայն սկզբնական փուլերում։ Բուն Ս–ին է պատկանում տրոֆոբլոստը, որը ձևավորվում է մարդու և կաթնասունների սաղմնային զարգացման ամենավաղ փուլերում։ Դրա միջոցով կապ է ստեղծվում արգանդի լորձաթաղանթի և սաղմի միջև։ Հետագայում տրոֆոբլաստը ծածկվում է թավիկներով և գոյացնում թավկենի կամ խորիոն, որը սաղմի արտաքին թաղանթն է և մասնակցում է ընկերքի, առաջացմանը։ Ներքին Ս․ ամնիոնն է, որը ձևավորվում է առաջնային սաղմնային թերթիկներից, պատում է սաղմը ամբողջովին ու լցվում հեղուկով։ Այդպիսով բարենպաստ, ապահով միջավայր է ստեղծվում սաղմի համար։ Բարձրակարգ ողնաշարավորները և մարդը ունեն ևս մեկ Ս․՝ ալանտոիսը, որն առաջանում է սաղմի աղիքային խողովակի ետին բաժնից և զարգանալով արտաքինից՝ ծածկում է ամնիոնն ու դեղնուցապարկը։ Ալանտոիսն առավել զարգացած է սողունների և թռչունների օրգանիզմում և արյունատար անոթների խիտ ցանց ունենալու շնորհիվ նշված կենդանիների մոտ կատարում է շնչառական ֆունկցիա։ Մարդու և կաթնասունների ալանտոիսը մեծ չէ։ Զարգացման ավելի ուշ փուլերում ալանտոիսի ներսաղմնային մասերից գոյանում են միզապարկը (կաթնասուններ, մարդ) և ձևավորվում է կլոական (սողուններ, թռչուններ)։

ՍԱՂՄՆ ԱԾԱԳՈՒՄ, էմբրիոգենեզ (< հուն․ ἕμῤρὑoν–սաղմ և γἐνεσις,–ծագում), տարբեր օրգաններից ու հյուսվածքներից կազմված բազմաբջիջ կենդանական օրգանիզմի զարգացումը համեմատաբար պարզ կազմակերպված զիգոտրց կամ չբեղմնավորված ձվից (անսեռ բազմացման դեպքում)։ Մանրամասն տես Սաղմնային զարգացում հոդվածում։

ՍԱՂՄՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, բազմաբջիջ կենդանիների զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Ա․ զ–մանը նախորդում է նախասաղմնային զարգացման շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է ձուն։ Ս․ զ–ման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Ս․ զ–ման հիմնական փուլերն են՝ բեղմնավորումը (կուսածնության ժամանակ՝ ձվի ակտիվացումը), տրոհման բաժանումները, գաստրուլյացիան, օրգանոգենեզը, թաղանթներից դուրս գալը կամ ծնունդը։ Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոոման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո ավելի ու ավելի մանր բջիջների (բլաստոմերների)․ առաջանում է բազմաբջիջ (սովորաբար խոռոչավոր) սաղմը՝ բլաստուլան։ Դաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են սաղմնային թերթիկները (տես Էկաոդերմ, Էնաոդերմ, Մեզոդերս) և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների մեծամասնությունը՝ նաև եռաշերտ կառուցվածք։ Ս․ զ–ման ընթացքը տարբեր կենդանիների համար տարբեր է, բայց արդյունքում ստեղծվում է օրգանիզմի կառուցվածքի ընդհանուր պլան, որը նման է նույնիսկ հեռավոր կարգաբանական խմբերում։ Օրգանոգենեզի ժամանակ սաղմնային թերթիկները բաժանվում են օրգանների և համակարգերի սաղմերի (նախասկիզբների)։ Օրգանոգենեզն իրականան ում է գլխավորապես բջիջների տեղաշարժերի և տարբերակման շնորհիվ։ Թաղանթներից դուրս գալու կամ ծննդի ժամանակ սինթեզվում է թաղանթները լուծող ֆերմենտ, ի հայտ են գալիս կեղևը կոտրելու հարմարանքներ ևն։ Ս․ զ․ և հյուսվածքների ու օրգանների տարբերակումը պայմանավորվում է բջջի գենետիկական ապարատով։ Օրգանիզմի