Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կառուցվածքային ձևերի որոշակի տիպերի հետ: Կ. ե–յան տվյալները մեծ դեր են խաղում երկրատեկտոնիկայի տեսական հարցերի մշակման համար:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱ, շինարարական մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է շենքերի ու կառույցների վրա դինամիկ ուժերի ազդեցությունը և մշակում հաշվման մեթոդներ ու կոնստրուկտիվ միջոցառումներ: Դինամիկ ուժերի ազդեցությունը որոշվում է ոչ միայն դրանց մեծությամբ ու բաշխմամբ, այլև փոփոխման հաճախականությամբ: Երբ ստիպողական ուժի փոփոխման հաճախականությունը համընկնում է կառույցի կամ դրա առանձին կրող տարրի տատանման սեփական հաճախականությանը, առաջանում է ռեզոնանսի երևույթ, որի դեպքում կրող կոնստրուկցիան կարող է քայքայվել: Կ. դ–ի հիմնական խնդիրն է դինամիկ ուժերի փոփոխման հաճախականությունը կամ կոնստրուկցիայի չափերն ընտրել այնպես, որ ռեզոնանս չառաջանա:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, շինարարական մեխանիկայի բաժին, զբաղվում է կառույցների կայունության հաշվարկման մեթոդների և սկզբունքների մշակմամբ: Բեռնվածքի ազդեցությամբ կառույցները պետք է գտնվեն կայուն հավասարակշռության մեջ, այսինքն, եթե արտաքին գործոնները կառույցը (կամ դրա տարրերը) հանել են հավասարակշռության վիճակից, ապա դրանց վերացումից հետո համակարգը պետք է վերադառնա իր նախնական վիճակին: Կառույցի հավասարակշռված վիճակի կայունությունը կախված է բեռնվածքի մեծությունից: Համակարգի դուրս գալը նախնական հավասարակշռված վիճակից կոչվում է կայունության կորուստ: Բեռնվածքը, որի փոքր–ինչ մեծացումն առաջացնում է կայունության կորուստ, կոչվում է կրիտիկական: Տարբերում են Կ. կ–յան երկու տիպի կորուստ: Առաջին դեպքում կայունության կորստի պահին առաջանում են նոր դեֆորմացիաներ, որոնք որակապես տարբերվում են կառույցի նախնական դեֆորմացիաներից: Երկրորդ դեպքում բեռնվածքի մեծացումն առաջացնում է միայն դեֆորմացիաների մեծացում:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՏԱՏԻԿԱ, շինարարական մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է կառուցվածքների աշխատանքը ստատիկ բեռնվածքների ազդեցությամբ:

Նկարում` Բրոնզե գոտու հատված՝ կառքի պատկերով (Ուրարաու, մ. թ. ա. VII դ.)

ԿԱՌՔ (լատ. karrus), մարդատար երկանիվ կամ քառանիվ սայլ: Կ–ին լծում էին մեկ հատ կամ մեկ և ավելի զույգ ձի կամ ջորի: Կ–երը թեթևացնելու, շարժունակությունը բարելավելու նպատակով զանգվածեղ անիվներն աստիճանաբար փոխարինվել են ճաղավոր անիվներով և շրջափակվել սկզբում կաշվե, իսկ հետագայում մետաղյա անվադողերով: Կ–երը եղել են անծածկ և ծածկավոր: Օգտագործվել են հեռավոր ճամփորդությունների, փոստային առաքումների համար, ռազմ, գործողությունների (տես Մարտակառք), շքահանդեսների, հուղարկավորության և այլ ծեսերի ժամանակ, ինչպես և սպորտային մրցույթներում: Հայտնի են ծիսական ու մարտական Կ–երի մի քանի տասնյակ նմուշներ (Միջագետքի Կիշ և Ուր քաղաքների, Հայաստանի Լճաշեն, Վրաստանի Թրիալեթ հնավայրերի ևն), որոնք պեղված են մ. թ. ա. III և II հազարամյակներին վերաբերող հարուստ դամբարաններից: Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքում հայտնաբերվել են նաև Կ–երի կավե և բրոնզե բազմաթիվ մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ ևն: Սկսած XV–XVI դդ. Եվրոպայում լայնորեն օգտագործվել են ծածկավոր և անծածկ Կ–երի զանազան տեսակներ (դիլիժանս, կառեթ, ֆայտոն ևն), որոնք աստիճանաբար տարածվել են մյուս մայրցամաքներում: Փոխադրամիջոցների կատարելագործման հետևանքով Կ. այժմ գրեթե չի գործածվում: Լ.Պետրոսյան

ԿԱՍԱԲԼԱՆԿԱ (արաբ. Դար Էլ–Բեյդա), քաղաք և նավահանգիստ Մարոկկոյում: Քաղաքային պրեֆեկտուրա է, ֆինանսական և առևտրական կենտրոն: 1965 հզ. բն. (1976): Խճուղիների հանգույց է, երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան: Կ–ում կազմակերպվում են ամենամյա միջազգային տոնավաճառներ:

Նկարում` Պ. Կասալս

ԿԱՍԱԼՍ, Կազալս (Casals), Պաբլո (1876–1973), իսպանացի թավջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր: Սովորել է Բարսելոնի և Սադրիդի կոնսերվատորիաներում: Կ–ի կատարմանը բնորոշ է հուզականի ու խոհականի զուգորդումը, ֆրազավորման արտահայտչականությունը և նրբագեղությունը, վիրտուոզությունը: Հռչակվել է հատկապես Յո. Ս. Բախի երկերի արդիական մեկնաբանություններով: 1920-ին Բարսելոնում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ, 1924-ին՝ բանվորական երաժշտական ընկերություն (երկուսն էլ ղեկավարել է մինչև 1936-ը): 1939-ին, Իսպանական Հանրապետության անկումից հետո, որպես հակաֆաշիստ տարագրվել է Ֆրանսիա, ապրել Պրադում, որտեղ 1950-ից կազմակերպվել են Կ–ի անվ. ամենամյա փառատոներ: 1956-ից ապրել է Պուերտո Ռիկոյում (այստեղ նույնպես կազմակերպվում էին Կ–ի անվ. փառատոներ): 1957-ից տարբեր երկրներում (առաջինը՝ Փարիզում) անց են կացվում թավջութակահարների Կ–ի անվ. մրցույթներ: Աշակերտներից նշանավոր է Գ. Կասադոն: Կ–ի ասիստենտ է եղել Տ. Աչեքսանյանը: Գրկ.Гинзбург Л., Пабло Казалье, 2 изл.; Л., 1966.

ԿԱՍԻԼ Լև Աբրամովիչ (1905–1970), ռուս սովետական գրող: ՍՍՀՍ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1965): Հիմնականում գրել է պատանիների համար: «Կոնդուիտ» (1930, հայերեն հրտ. 1935) և «Շվամբրանիա» (1933) վիպակները պատկերում են 1917-ի հեղափոխական իրադարձությունները: «Իմ սիրելի մանչուկներ» (1944, հայերեն հրտ. 1946) և «Կրտսեր որդու փողոցը» (1949, Ս. Պոլյանովսկու հետ, ՍՍՀՍ պետ. մրցանակ, 1950, հայերեն հրտ. 1953, համանուն կինոնկար, 1962) գործերում նկարագրում է սովետական երեխաների կյանքը պատերազմի օրերին: «Սեծ դիմակայություն»-ը (գիրք 1–2, 1941–47, գիրք 1, հայերեն հրտ. 1942) և «Վաղ արշալույս»-ը (1953, հայերեն հրտ. 1957) նվիրված են արվեստի մարդկանց, «Գլադիատորի թասը» (1961, հայերեն հրտ. 1965) և «Պատրաստ եղեք, Զերդ բարձր ություն»-ը (1964)՝ բարոյագիտական խնդիրներին:

Երկ. Քո պաշտպանները, Ե., 1945: Հեռավոր ծովերում, Ե., 1955:

ԿԱՍԻՄՈՎ Մուհամեջան (1907–1971), տաջիկ սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1941): ՍՄԿԿ անդամ 1948-ից: 1931-ից Լահութիի անվ. տաջիկական թատրոնի (Դուշանբե) դերասան: Լավագույն դերերից են՝ Ալան (Մուխտարովի «Ընտանիքի պատիվը»), Սալիհ–բայ (Համզայի «Բայն ու բատրակը»), Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»): Նկարահանվեl է կինոյում:

ԿԱՍԻՅԱՆ Վասիլի Իլյիչ (ծն. 1.1.1896, գ. Միկուլինցի, ՈւՍՍՀ), սովետական նկարիչ: ՍՍՀՄ Ժող. նկարիչ (1944): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկ. անդամ (1947): ՍՍԿԿ անդամ 1946-ից: Սովորել է Պրագայի գեղարվեստի ակադեմիայում (1920–26): 1927-ից ապրում է ՈւՍՍՀ–ում: Հեղինակ է փորագրությունների («Գործադուլ», փայտագրություն, 1926, «Վ. Ի. Լենինը և Ուկրաինան», նկարաշար, օֆորտ, 1947), պլակատների, ռուս և ուկրաինացի դասական գրողների երկերի նկարազարդումների: 1962–68-ին՝ ՈւՍՍՀ նկարիչների միության վարչության նախագահ: Տ. Գ. Շևչենկոյի անվ. ՈւՍՍՀ պետ. մրցանակի (1964) և ՈւՍՍՀ պետ. մրցանակի (1971) դափնեկիր:

Նկարում` Վ. Ի. Կասիյան. «Պերեկոպի հերոսը», փայտագրություն (1927)