Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ման անկյունը, կարելի է տեսնել առարկայի նորանոր մանրամասները: Հոլոգրամն օժտված է հետևյալ հատկություններով. 1. հոլոգրամի նեգատիվն ըստ էության չի տարբերվում պոզիտիվից, 2. հոլոգրամի յուրաքանչյուր հատված ընդունակ է վերարտադրել ամբողջական պատկերը (որակի որոշակի վատթարացմամբ), 3. ի տարբերություն լուսանկարչական թիթեղի, հոլոգրամն ապահովում է պայծառության աստիճանների հաղորդման անհամեմատ մեծ տիրույթ (5–6 կարգ), 4. նեցուկային ալիքի երկարության փոփոխությունը հանգեցնում է պատկերի մասշտաբի փոփոխման, 5. կիրառելով տարբեր երկարության նեցուկային ալիքներ, կարելի է նույն հոլոգրամի վրա գրառել տարբեր պատկերներ: Հոլոգրամի ստացման երկճառագայթանի եղանակն ունի այն թերությունը, որ կեղծ պատկերի հետ մեկտեղ առաջանում է նաև իրական պատկեր, որը կարող է խանգարիչ դեր խաղալ: Այդ թերությունից զուրկ է եռաչափ հոլոգրամը, որը միաժամանակ հնարավոր է դարձնում պատկերի վերականգնումը սովորական լույսով, ինչպես նաև հեշտացնում է գունավոր հոլոգրամի ըստացումը: Հ–ի բուռն զարգացումն սկսվել է 1963-ից, երբ ամերիկացի ֆիզիկոսներ Է.Լեյթը (Leit E. N.) և Ջ.Ուպատնիեքսը (Upatnieks J.) ստացան առաջին լազերային հոլոգրամը, իսկ սովետական գիտնական Յու. Ն. Դենիսյուկն առաջարկեց հոլոգրամների գրառումը էմուլսիայի հաստ շերտում: Հ–ի կիրառման հեռանկարները կապված են ինֆորմացիոն հսկայական ունակության (փոքր չափերի և մեծ ունակության հիշող սարքեր), ինչպես նաև ինֆորմացիայի մշակման օպտիկական կոհերենտ համակարգերում հոլոգրամների օգտագործման հետ: Այդպիսի համակարգերում հոլոգրաֆիկ համաձայնեցված ֆիլտրերը հնարավոր են դարձնում տարածական ֆիլտրման և պատկերների ճանաչման (հայտնաբերման) խնդիրները լուծումը: Հ–ի օգնությամբ հնարավոր է «տեսանելի» դարձնել ձայնային կամ ռադիոալիքները՝ դիտելով ձայնային հոլոգրամը տեսանելի լույսով: Հ. աստիճանաբար կիրառություն է գտնում լոկացիայում (ծովի հատակի ուսումնասիրում), բժշկության (ներքին օրգանների եռաչափ պատկերում), երկրաբանության (օգտակար հանածոների հայտնաբերում և երկրի կեղևի անտեսանելի շերտերի ուսումնասիրում), արատանշման մեջ, ռադիոէլեկտրոնիկայում (ճառագայթման տրված դիագրամով անտենաների սինթեզում) ևն: Դինամիկ Հ–ի զարգացումը նոր հեռանկարներ բացեց արագ ընթացող պրոցեսների ուսումնասիրման համար:

Գրկ. Микаелян А.Л., Голография M., 1968; Франсон M., Голография, nep. c франц., M., 1972; Островский Ю.И., Голография и ее применение, Л., 1973. Ռ. Ղազարյան.

ՀՈԼՈԹՈՒՐԻԱՆԵՐ (Holothurioidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Մարմինը որդանման է, մեկ ծայրում գտնվում է շոշափուկներով պատված բերանը, մյուսում՝ անալ անցքը: Խոշոր տեսակների երկարությունը հասնում է մինչև 2 մ-ի: Լավ արտահայտված է հինգ ճառագայթների համաչափությունը: Զարգանում է ձևափոխությամբ, ձվից դուրս է գալիս լողացող թրթուրը: Հայտնի մոտ 1100 տեսակներն ապրում են ծովերի հատակին, դանդաղաշարժ են, սողացող: Սնվում են տիղմով, մանր պլանկտոնով: Չինաստանում չորացրած վիճակում Հ. օգտագործվում են սննդի մեջ: ՍՍՀՄ–ում, Հեռավոր Արևելքում ևս Հ. ունեն արդյունագործական որոշ նշանակություն:

ՀՈԼՈՆՈՄ ԵՎ ՈՉ ՀՈԼՈՆՈՄ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, 1. հոլոնոմ՝մեխանիկական համակարգ, որում բոլոր կապերը (տես Կապեր մեխանիկական) երկրաչափական են (հոլոնոմ), այսինքն՝ սահմանափակում են համակարգի կետերի և մարմինների դիրքերը (կամ տեղափոխությունները շարժման ընթացքում), բայց ոչ արագությունների մեծությունները: Կապը կոչվում է կինեմատիկական, եթե այն սահմանափակում է համակարգի կետերի և մարմինների արագությունները, այսինքն՝ այդ արագությունների միջև ստեղծում է որոշակի առնչություններ: Եթե դրանք կարելի է հանգեցնել երկրաչափական (համակարգի կետերի և մարմինների տեղափոխությունների միջև) առնչությունների, ապա այդպիսի կապը նույնպես հոլոնոմ է: 2. Ոչ հոլոնոմ՝ մեխանիկական համակարգ, որում կինեմատիկական կապերը չեն հանգեցվում երկրաչափականի: Մեխանիկական համակարգերի բաժանումը հոլոնոմ և ոչ հոլոնոմ համակարգերի շատ կարևոր է, քանի որ մի շարք հավասարումներ, որոնց միջոցով հեշտությամբ լուծվում են մեխանիկայի խնդիրները, կիրառելի են միայն հոլոնոմ համակարգերի համար:

ՀՈԼՈՇԻ (Hollosy) Շիմոն (Սիմոն) (1857–1918), հունգարացի նկարիչ, ծագումով հայ: 1878–82-ին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում:

Շ. Հոլոշի. «Ռակոցիի երթը» (1890-1910-ական թթ., Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)

1886-ից ղեկավարել է Մյունխենի գեղարվեստի դպրոցը: Հունգ. նկարչության ավանդույթները հարստացնելով արևմտաեվրոպական պլենէրային գեղանկարչության նվաճումներով՝ Հ. ստեղծել է ժողովրդի կյանքից վերցված ժանրային նկարներ, հեղափոխության թեմաներով ստեղծագործություններ («Եգիպտացորենի կեղևահանումը», 1885, «Դրոշակակիրը», 1890-ական թթ., «Ռակոցիի երթը» նկարի էսքիզները, 1890–1910-ական թթ., երեքն էլ՝ Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ): Հ–ին աշակերտել են հունգար նկարիչներ Կ. Ֆերենցը, Յա. Խորման, ռուս գրաֆիկ Վ. Ա. Ֆավորսկին, հայ գեղանկարիչ Հ. Շամշինյանը և շատ ուրիշներ: Բուդապեշտում կա Հ–ի անունը կրող փողոց:

Գրկ. Նեմեթ Լ., Հոլոշի Սիմոն, «Հայ ընտանիք». 1971, No 9–12: Ս. Քոլանջյան

ՀՈԼՈՎ, թեքական և կցական լեզուներում անվանական խոսքի մասերին (գոյական, ածական, թվական) և դերանուններին հատուկ քերականական կարգ, որն արտահայտում է տարբեր առարկաների, առարկայի ու հատկանիշի, առարկայի ու գործողության միջև եղած հարաբերությունները և դրսևորվում է բառի վերջավորություններով, հիմքի հերթագայություններով (հոլովական թեքույթներ) կամ այդ երկուսի, որոշ դեպքերում նաև նախդիրների, զուգակցումով: Հ. են կոչվում նաև հոլովական թեքույթներով բաղադրված առանձին բառաձևերը (հոլովաձևեր), որոնք ունեն իրենց անվանումները և որոնց ամբողջությունը՝ նրանց կազմության եղանակների ու միջոցների հետ, կազմում է տվյալ լեզվի հոլովման համակարգը: Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ, ինչպես և գոյականաբար առնված բառեր ու արտահայտություններ: ժամանակակից գրական արևելահայերենի քերականության մեջ (մասնավորապես՝ դպրոցական) հոլովման համակարգը ներկայացվում է 7 Հ–ով. ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական: Որոշ լեզվաբաններ տարբերակում են 5 Հ.՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական, ոմանք ընդունում են 6 Հ.՝ ն որոշիչ հոդը համարելով սեռականի և տրականի տարբերակիչ հատկանիշ: Ուղղականը համարվում է ուղիղ Հ. և մյուս՝ թեք Հ–ներին հակադրվում է հոլովական թեքույթի բացակայությամբ: Դա անփոփոխ (մաքուր) հիմքով յուրատեսակ սկզբնաձև է, որից կազմվում են մյուս Հ–ները:

Գրկ. Սևակ Գ., ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե., 1955; Աղայան Է., ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե., 1967: Ջահուկյան Գ.Բ., Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե., 1969: Լ. Հովսեփյան

ՀՈԼՈՎԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՅԵՐ, տես Կոնվեյեր:

ՀՈԼՈՎՈՒՄ, թեքական և կցական լեզուներում անունների և դերանունների փոփոխությունը ըստ հոլովների: Հ–ման մեջ դրսևորվում են հոլովի, թվի,, դասի, առկայացման (որոշյալության), դեմքի (դերանունների դեպքում), որոշ լեզուներում նաև սեռի քերականական կարգերը: Մի շարք լեզուներում, այդ թվում նաև հայերենում, գոյական անունները և դերանունները (կամ դրանց մի մասը) հոլովվում են տարբեր հարացույցներով: Ըստ այդմ տարբերակվում են անվանական (ներառում է և գոյականաբար գործածվող ածականն ու թվականը, ինչպես նաև որոշ դերբայներ) և դերանվանական Հ–ներ: Վերջինիս դեպքում եզակի և հոգնակի թվերը, ուղիղ և թեք հոլովները կազմվում են տարբեր