Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեմ (տես Ճապոնա–չինական պատերազմ 1894–1895), սանձազերծեց պատերազմ նաև Ռուսաստանի դեմ (տես Ռուս-ճապոնական պատերազմ 1904–1905) և իր պրոտեկտորատը հաստատեց Կորեայի նկատմամբ, իսկ 1910-ին բռնակցեց այն՝ վերածելով գաղութի։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ, 1914-ին պատերազմի մեջ մտնելով՝ Անտանտի կողմում, Ճ․ կարևոր քաղ․ ու տնտ․ դիրքեր նվաճեց Չինաստանում։ Դասակարգային պայքարի սրման հետևանքով 1918-ին Ճ–ում տեղի ունեցան աշխատավորների զանգվածային հեղափոխական ելույթներ, այսպես կոչված, «բրնձային ապստամբություններ», որոնք ընդգրկեցին երկրի տարածքի երկու երրորդը։ 1922-ին ստեղծվեց Ճ–ի կոմունիստական կուսակցությունը։ 1918–22-ին ճապոնական իմպերիալիստները ինտերվենցիա կազմակերպեցին սովետական հեռավոր Արևելքում, բայց ջախջախվեցին։ Իմպերիալիստական հակասությունների (Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի հետ) խորացման պայմաններում Ճ․ համաձայնագրեր ստորագրեց (1925) Սովետական Միության հետ և իր զորքերը դուրս բերեց հյուսիսային Սախալինից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստման ու սանձազերծման ժամանակաշրջանում Ճ․ բոլորից շուտ դիմեց ագրեսիայի։ 1931-ին ճապոնական միլիտարիստները զավթեցին Չինաստանի հս–արլ․ նահանգները (Մանջուրիա)։ 1932–36-ին նրանք ընդլայնեցին ագրեսիան Չինաստանի դեմ, 1933-ին Ճ․ դուրս եկավ Ազգերի յիգայից, հիտլերյան Գերմանիայի հետ նախաձեռնեց և ստեղծեց «Հակակոմինտերնյան պակտը» (1936)։ 1937-ի հուլիսին Ճ․ պատերազմ սանձազերծեց ամբողջ Չինաստանը զավթելու համար։ Սովետական Միությունը Չինաստանին ցույց տվեց նյութական ու բարոյական մեծ օգնություն, իսկ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան զիջումներ արեցին ճապոնական իմպերիալիստներին։ 1937–1940-ին Ճ․ զավթեց Չինաստանի կենտրոնական նահանգները, խուժեց Հնդկաչին և ռազմ. խոշոր պրովոկացիաներ կազմակերպեց Սովետական Միության ու ՄԺՀ սահմաններին (Խասան լճի շրջանում՝ 1938-ին, Խալխին–գոլ գետի վրա՝ 1939-ին ևն)։
Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–45) Ճ․ մասնակցեց որպես հիտլերյան Գերմանիայի և ֆաշիստական Իտալիայի դաշնակից։ Չեզոքության պայմանագիր կնքելով (1941-ի ապրիլ) Սովետական Միության հետ՝ Ճ․ խախտեց այն՝ միլիոնանոց բանակ կենտրոնացնելով սովետական սահմաններին, սպասելով հարձակվելու հարմար առիթի։ Իր իմպերիալիստական ախոյաններին (ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) Ասիայից և Խաղաղ օվկիանոսից դուրս մղելու նպատակով Ճ․ առանց պատերազմ հայտարարելու 1941-ի դեկտ․ 7-ին հարձակվեց նրանց խաղաղօվկիանոսյան բազաների (Փյորլ Հարբոր ևն) վրա։ 1942-ի կեսին օկուպացրեց Ֆիլիպինները, Հնդկաչինը, Թաիլանդը, Բիրման, Մալայան և Ինդոնեզիան (Խաղաղ օվկիանոսում ռազմ. գործողությունների մասին տես Խաղաղօվկիանոսյան կամպանիաներ 1941–1945)։ Նկատի ունենալով պայմանագրային պարտավորությունների սիստեմատիկ խախտումները Ճ–ի կողմից՝ Սովետական Միությունը 1945-ի ապրիլի 5-ին չեղյալ հայտարարեց չեզոքության վերաբերյալ սովետա–ճապոնական պայմանագիրը և, ի կատարումն իր դաշնակցային պարտականությունների, 1945-ի օգոստ․ 8-ին պատերազմ հայտարարեց Ճ–ին ու միացավ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի՝ Պոտսդամի դեկլարացիային (1945-ի հուլիսի 26), որը պահանջում էր Ճ–ի անվերապահ կապիտուլյացիա։ Սովետական զորքերը կարճ ժամանակամիջոցում ջախջախեցին թշնամու Կվանտունյան բանակը և ազատագրեցին Մանջուրիան, Հյուսիսային Կորեան, Հարավային Սախալինն ու Կուրիլյան կղզիները։ 1945-ի օգոստոսին ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերը ատոմային ռումբեր նետեցին Հիրոսիմա (օգոստ․ 6-ին) և Նագասակի (օգոստ․ 9-ին) քաղաքների վրա։ Այդ ռմբակոծությունները ռազմ. անհրաժեշտությունից չէին բխում և ավելի շուտ քաղ․ նպատակներ էին հետապնդում։ 1945-ի սեպտ․ 2-ին Ճ․ ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը։
Պատերազմից հետո Ճ․ օկուպացրեցին ԱՄՆ–ի զինված ուժերը։ ԱՄՆ–ը, խախտելով Պոտսդամի դեկլարացիան (Ճ–ի ապառազմականացման և դեմոկրատացման մասին), ճնշում էին Ճ–ի դեմոկրատական շարժումն ու երկիրը կախման մեջ դնում ամերիկյան իմպերիալիզմից։ Միջազգային դեմոկրատական ուժերի ճնշման տակ և ճապոնական աշխատավորների պայքարի հետևանքով 1946–49-ին Ճ–ում անցկացվեցին մի շարք դեմոկրատական բարեփոխումներ․ ընդլայնվեց ընտրական իրավունքը (1946), ընդունվեց նոր սահմանադրություն (1947), որը սահմանափակում էր կայսեր իրավունքներն ու արգելում պատերազմը՝ որպես միջազգային հարցերի լուծման միջոցի, և այդ նպատակով արգելում զինված ուժերի ստեղծումը, անցկացվեց ագրարային ռեֆորմ, որը հիմնականում վերացրեց կալվածատիրական հողատիրությունը, մտցվեց բանվորական նոր օրենսդրություն ևն։ 1948-ի վերջից ԱՄՆ սկսեցին վերազինել Ճ․՝ այն դարձնելով իրենց հիմնական ռազմաստրատեգիական բազան Հեռավոր Արևելքում։ Սան Ֆրանցիսկոյի հաշտության պայմանագրով (1951) ձևականորեն Ճ–ին վերադարձվեց նրա սուվերենությունը, միաժամանակ ԱՄՆ Ճ–ին պարտադրեց ճապոնա–ամերիկյան «անվտանգության պայմանագիրը», որը ԱՄՆ–ին իրավունք էր տալիս ռազմ, բազաներ ստեղծել Ճ–ի տարածքում և անորոշ ժամկետով ամերիկյան զորքեր պահել այնտեղ։ 1956-ին կնքվեց սովետա–ճապոնական համատեղ դեկլարացիա, որով դադարեցվեց պատերազմական վիճակը երկու երկրների միջև և հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 1956-ին Ճ․ ընդունվեց ՄԱԿ–ի մեջ։
1950–60-ական թթ․ Ճ–ի տնտեսությունը արագ վերելք ապրեց, որը հետևանք էր աշխատավորների շահագործման ուժեղացման ու արտադրության մեջ գիտա-տեխնիկական նվաճումների լայն օգտագործման։ 1960-ական թթ, վերջին ազգային համախառն արդյունքի և արդ․ արտադրանքի ծավալով Ճ․ դուրս եկավ 2-րդ տեղը (ԱՄՆ–ից հետո) կապիտալիստական աշխարհում։ Մեծացավ Ճ–ի դերը համաշխարհային քաղաքականության մեջ։ 1960-ին կնքվեց փոխօգնության և անվտանգության ճապոնա–ամերիկյան պայմանագիր, որը փոխարինեց 1951-ի պայմանագրին։ Նոր պայմանագիրը (երկարաձգվել է 1970-ին) ամրապնդեց ԱՄՆ–ի իրավունքը՝ Ճ–ում պահելու իրենց բազաներն ու զինված ուժերը։ Ճ․ քաղ. դիվանագիտական և նյութատեխնիկական լայն օժանդակություն ցույց տվեց ԱՄՆ–ին վիետնամական պատերազմում։ 1972-ին ԱՄՆ Ճ–ին վերադարձրեցին Ռյուկյու կղզիները՝ Օկինավա գւխավոր կղզով հանդերձ։
Ճապոնական տնտեսության արագ թափը 1960–70-ական թթ․ հանգեցրին տնտ․ և սոցիալական հակասությունների հետագա սրման։ 1975-ին արդ․ արտադրանքի ծավալը կրճատվեց 10,9%–ով, 1974-ի համեմատ, գործազուրկների թիվը կազմեց 1,1 մլն, ուժեղացավ ինֆլյացիան, վերելք ապրեց բանվորական ու դեմոկրատական շարժումը։ 1955-ից կառավարող լիբերալ–դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) դիրքերը թուլացան (1976-ի պառլամենտական ընտրություններում ԼԴԿ–ի օգտին քվեարկեց ընտրողների ընդամենը 41,8%-ը)։ 1978-ի օգոստոսին Ճ․ ՉԺՀ–ի հետ կնքեց խաղաղության և բարեկամության պայմանագիր՝ նրա մեջ մտցնելով «հեգեմոնիզմի» դեմ պայքարի կետ, որին չինական ղեկավարությունը տալիս է հակասովետական ուղղվածություն։
1956-ի սովետա–ճապոնական դեկլարացիայից հետո էական զարգացում են ստացել ՍՍՀՄ–ի և Ճ–ի բազմակողմանի կապերը․ կնքվել են մի շարք համաձայնագրեր՝ առևտրական (1957), ծովային (1958)