Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հերը դեռ տուն հասած չիլնի, ուղտն էլ եդ իսան կդառնա, նրանից աղաք կգա տուն։

Օրեն մի օրն էլ կդառնա մի քյահլան ձի, հորը կասի.— Կտանես կծախես. ո՛ր կհարցնեն. «Ի՞նչ տանք», կասես. «Հինգ հարիր մանեթ». գյամն էլ մտիցդ չես քցի, վե կունես կբերես:

Հերը ձին կնիլնի, կքշի դպա մեյդանը։ Բազարավորը քոմմա կկիտվեն, կմնան մաթ էլած էդ ձիուն մտիկ անելոն:

— Էդ ձին ի՞նչ աժի,— կհարցնեն:

— Հինգ հարիր մանեթ,— կասի։

Էն դհիցը մի ճղրիկ մարդ ա դուս գալի, ասում ա.— Էդ ձին ես առնում եմ։— Հանում ա էն սհաթը հինգ հարիր մանեթը նազդ համբրում, ձին ձեռիցն առնում։ Ձիու աչքը որ ընկնում ա էդ առնողի էրեսին, ալբիալը լացը գալիս ա, ուքուր-ուքուր լաց ա ըլնում։

Հերը ուզում ա գյամը ձիու բերնիցը հանի, էդ մարդը չի, թողում, ասում ա.— Ես ձին առել եմ, գյամն էլ հեննեն եմ առե։

Հերը որ շատ կռիվ, ղալմաղալ ա անում, էդ մարդը հանում ա մի հինգ հարիր մանեթ էլ ա տալի:

— Ա՛ռ,— ասում ա,— ըս էլ քու գյամի գինը։ Ռազի՞ ես։

— Չէ՛,— ասում ա հերը,— ռազի չե՛մ. հինգ հարիր չէ, թեկուզ հազար մանեթ տաս, գյամը չեմ ծախի։

Ըտե թոփ էլած մարդիկը քոմմա հորը ղնամիշ են անում, թե գյամի մալիաթն ի՜նչ ա, որ չի ծախում, հազիր լավ գին ա տալի։ Սա՛ ըստիան, նա՛ ընդիան, մախլա՛ս, մարդը մի դհից ո՛ր չեն ասում, վրա քցում՝ հոր բեյինը մննում ա, մարդ ա է՛լի, թամահ ա անում, բերում գյամն էլ ձիու վրեն ծախում, փողն առնում, դնում ջեբը, թողում գալի տուն։

Էդ ճղրիկ մարդը Օխայ-Բաբին էր, որ էկել էր իրա աշկերտի հավարին: Հենց որ ձին առավ, պրծավ ալբիալը նի էլավ վրեն, գլուխը բաց թողաց։ Դե՛ս քշեց, դե՛ն քշեց, մի քանի գլուխ ջդիր հազաց, մախլասի՝ է՛նքամ քշեց, է՛նքամ քշեց, որ քրտինքը խեղճ ձիու պճղներովը վեր էր գալի։ Է՛կավ, է՛կավ, հասավ էն ջրի ղրաղը. քշեց նի մտավ ջուրը, սըկվեց՝ ձիու հեննա դուս էկավ իրա ամարաթը։

Աղջկանը ձեն տվեց.— Ա՛ղջի,— ասեց,— մեր էն մենծ դանակը հրեն պադրհանումն ա, գնա՛ բե էս ձիուն մորթեմ։