Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քե՞զ ինչ,— ասեց տղեն,— ծախում եմ, ուզում ես՝ ա՛ռ, չես ուզում՝ մի՛ առնի։

— Էս թագավորի կնկա մաշիկն ա,— ասեց նազիրը,— արի էթանք թագավորի կուշտը։

Ասում ա ու դրան քաշ տալի դպա թագավորի ամարաթը։ Տանում ա դուզ թագավորի կուշտը։

— Ա՛յ տղա,— ասում ա թագավորը,— էս իմ կնկա մաշիկն ա, ո՞րդիան ա ընկե քու ձեռը. դրուստն ա՛սա, թե չէ գլուխդ թռցնիլ կտամ։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— էս մաշկի թայը ես ֆլա՛ն վախտը, ֆլա՛ն համամումն եմ գտե։

Նստում ա ըստե էրկեն ու բարակ, մին-մին, տեղը-տեղին նաղլ ա անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— բաս որ ըտենց ա, քեզ բաց չեմ թողա, ընչանք սրա թայն էլ չբերես։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— որ ինձ բռնես, ո՞նց բերեմ, ֆլա՛ն տեղը քառասուն ընկեր ունեմ, մարդ տո՛ւ, էթամ նրանց բերեմ, թողամ կշտիդ գրավ, ես էթամ մաշկի թայը բերեմ․ քառասուն օր էլ ինձ մհուլ տու. չբերեցի՝ մեր արինը քեզ հալալ ա, ինչ ուզում ես ա՛րա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— թո՛ղ ըտենց ըլնի։

Տղի հեննա ղոշուն ա դնում, էթում են էն քառասուն Հարամուն բերում իրա կուշտը։ Թագավորը հրամայում ա սրանց քցեն մի օթախ, դուռը վրները ղայիմ շինեն, ընչանք տղի գալը։

Էդ տղեն ա՝ ճամփի թադարեք ա տենում, վե կենամ, ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, մի օր, էրկու օր, մախլասի՝ իրեք օր, հասնում ա մի գեղի կուշտ։ Տենում ա ըտե մի պառավ կնիկ ճիպոտը ձեռին կաննել ա մի գերեզմանի վրա, ճիպոտով տալիս ա ֆողին, ասում, «Ֆո՛ղ, եդ գնա՛», ֆողը եդ ա էթում, տալիս ա մեռլին, ասում. «Մե՛ռել, սաղա՛ցի», մեռելը սաղանում ա։

Էդ տղեն էս որ տենում ա, մնում ա արմացած։

«Ա՛րի,—ասում ա ինքն իրան,— մի ճիպոտը ձեռիցն առնեմ, տենամ հունարը ճիպոտումն ա, թե պառավումը»։

Ասում ա ու վրա հասնում պառավին։ Սա՛ նրան, նա՛ սրան, սա՝ նրան, նա՛ սրան, վերջը տղեն զոռում ա, պառավի ձեռիցը ճիպոտն առնում ա ու պո՜ւկ։