Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուժումը, որպես կանոն, անցկացվում է միայն հիվանդանոցային պայմաններում: Գլխուղեղի ցնցման և թեթև սալջարդի դեպքերում կիրառում են պահպանող. բուժման մեթոդներ, շատ կարևոր է խիստ անկողնային ռեժիմը, առանձին դեպքերում, հատկապես գլխուղեղի ճնշման ժամանակ, պահանջվում է անհապաղ վիրահատություն: Տուժածին հարկավոր է հասցնել հիվանդանոց պառկած վիճակում (ավելի լավ է պատգարակի վրա)՝ նույնիսկ գիտակցության ամենակարճատև կորստի ժամանակ: 1-ին օգնությունը հարկավոր է ցույց տալ պատահարի վայրում. գլխուղեղի բաց վնասվածքի ժամանակ որևէ միջամտություն չի թույլատրվում, վերքի վրա դնում են մանրէազերծած վիրակապ, ուղեղանյութի այտուցի դեպքում վիրակապը չպետք է այն ճնշի: Հարկավոր է թանզիֆ կամ բամբակ խցկել քթանցքերը, իսկ ականջների արյունահոսության դեպքում դա չի կարելի, որովհետև կարող է բարդացնել վերքի վիճակը: Սրտի, շնչառության կանգի դեպքում կիրառում են օրգանիզմի վերակենդանացման պարզագույն միջոցներ՝ սրտի արտաքին մերսում (տես Մերսում սրտի), արհեստական շնչառություն «բերան-բերանի» կամ «բերան-բթի»: Արհեստ. շնչառության ձեռքային եղանակները վտանգավոր են, քանի որ դրանք կարող են ուժեղացնել ներգանգային արյունահոսությունը:

Գ.վ-ների կանխարգելման միջոցառումների մեջ (տեխնիկայի անվտանգության, փողոցային երթևեկության կանոնների պահպանում) հատուկ նշանակություն ունի գլուխը պաշտպանող սաղավարտ կրելը՝ շին., ստորգետնյա և այլ աշխատանքների, ինչպես նաև մոտոցիկլետով երթերի, հոկեյի և այլ դեպքերում:

ԳԱՆԳՐԵՆԱ, տես Փտախտ:

ԳԱՐՇԱՀՈՏ ՀԱՐԲՈՒԽ, օզենա, քթի խոռոչի քրոնիկ. հիվանդություն; Բնորոշվում է քթի խեցիների ոսկրային կմախքի և լորձաթաղանթի խիստ արտահայտված բարակումով (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ինչպես նաև քթից թանձր արտադրությամբ, որը չորանում է, կեղևակալում և գարշահոտ արձակում:

Նկատվում է հիվանդների քթային շնչառության դժվարացում, տանջող քոր՝ քթում և կոկորդում, հազ, հոտառության կտրուկ նվազում կամ լրիվ բացակայություն: Ապաճման տարածումը քթարցունքային խողովակի լորձաթաղանթի վրա նպաստում է արցունքապարկի բորբոքման առաջացմանը, իսկ եվստախյան խողովակի լորձաթաղանթի վրա (տես Ականջ)՝ ականջաբորբի առաջացմանը: Հիվանդությունը շնչափողի և կոկորդի վրա տարածվելիս (տես Շնչառական համակարգ) նկատվում են խռպոտություն և շնչառության դժվարացում:

Հիվանդությունն սկսվում է 8-10 տարեկանում, երբեմն ավելի ուշ: Կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Պատճառը հաստատված չէ:

Բուժում է բժիշկը. նրա որոշ հանձնարարականներ կատարում է հիվանդն ինքը:

ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐ, ադենոիդներ, քթաըմպանային նշագեղձի գերաճում: Հիմնականում նկատվում է 3-10 տարեկան, երբեմն՝ 10-ից մեծ կամ կրծքի երեխաների օրգանիզմում: Հիվանդության առաջացմանը նպաստում են որոշ վարակիչ հիվանդություններ (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա, գրիպ ևն), որոնք հանգեցնում են քթի խոռոչի լորձաթաղանթի և նշագեղձերի բորբոքման, ինչպես նաև վերին շնչուղիների սուր և քրոնիկ. բորբոքային հիվանդությունների: Ուստի, նշված հիվանդությունների ժամանակին և ճիշտ (բժշկի հանձնարարությանը խիստ համապատասխան) բուժումը շատ կարևոր է Գ-ի կանխարգելման համար:

Գ-ի 1-ին ախտանշաններն են դժվարացած քթային շնչառությունը (գերաճած ըմպանային նշագեղձի պատճառով) և քթից հոսող առատ արտադրությունը (հաճախ լցվում է քթաըմպանը): Խանգարված քթային շնչառության դեպքում երեխաները քնում են անհանգիստ, բերանը բաց, սովորաբար խռմփացնում են: Վատ քնելու պատճառով լինում են թույլ, անտարբեր, հաճախ վատ են սովորում: Կրծքի երեխաները դժվար են ծծում, որը հանգեցնում է մշտ. թերսնման և ֆիզ. զարգացման կասեցման: Բացի այդ, Գ. կարող են պատճառ դառնալ բրոնխաբորբի և բրոնխաթոքաբորբի (տես Թոքաբորբ): Գ-ի ծալքերում երբեմն պարունակվում է առատ բակտերիային միջավայր (Գ-ի քրոնիկ. բորբոքում), որը և քթամպանի հաճախ կրկնվող սուր բորբոքումների պատճառ է դառնում: Գ-ի գերաճումը հաճախ ուղեկցվում է լսողության թուլացմամբ: Անուշադրության մատնված դեպքերում քթային շնչառությունն անհնարին է դառնում, երեխան ստիպված շնչում է բերանով և այն միշտ բաց է պահում, ստորին ծնոտը կախ է ընկնում, քիթ-շրթունքային ծալքերը հարթվում են, դեմքն ստանում է անորոշ արտահայտություն: Գլխուղեղից արյան և ավշի արտահոսքի դժվարացման հետևանքով, որն առաջանում է քթի խոռոչում կանգային երևույթների պատճառով, երեխաները հաճախ ունենում են համառ գլխացավեր: Նշված տհաճ հետևանքները կանխելու համար հիվանդության 1-ին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի: Սովորաբար խորհուրդ է տրվում Գ. հեռացնել: Վիրահատությունը պարզ է, կատարվում է ամբուլատոր պայմաններում և մի քանի ժ. հետո երեխային ուղարկում են տուն: Վիրահատությունից հետո 2-3 օր անհրաժեշտ է անկողնային ռեժիմ: 5-7 օրվա ընթացքում չպետք է օգտագործել տաք (18-20° C-ից բարձր) և կոպիտ (չոր հաց, պաքսիմատ ևն) սնունդ, ինչպես նաև կծու, թթու, աղի կերակրատեսակներ: Չի թույլատրվում ակտիվ խաղեր և արևի տակ մնալ: Սենյակը, որտեղ պառկած է հիվանդ երեխան, պետք է խոնավ շորով մաքրել:

ԳԵՆ, ժառանգակիր, ժառանգականության տարրական միավոր, որը դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ), իսկ որոշ վիրուսներում՝ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մոլեկուլի մի հատվածն է, պայմանավորում է որևէ հատկանիշի առաջացումն ու զարգացումը կամ մասնակցում օրգանիզմի մի քանի հատկանիշների ձևավորմանը: Գ-ի գոյության փաստը հաստատել է (1865) չեխ բնախույզ Գ. Մենդելը, որն էլ համարվում է գիտ. գենետիկայի հիմնադիրը: Ոլոռի տարբեր սորտերի հիբրիդացման դասական դարձած իր փորձերով նա հաստատեց, որ հետազոտվող հատկանիշները որոշվում են ինչ-որ ժառանգ. գործոններով, որոնք խաչաձևման ժամանակ սեռ. բջիջների միջոցով ծնողներից փոխանցվում են սերունդներին՝ որպես մի ամբողջություն, այսինքն ծնողական գործոնների զուգակցման