Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնույթ, և հարկ չկա ընդհատել բուժումը: Ավելին, ինքնուրույն, առանց բժշկի թույլտվության ընդմիջումները հաճախ հանգեցնում են հիպերտոնիկ կրիզի, այսինքն՝ հիվանդության հիմն. դրսևորումների կտրուկ սրման և արյան ճնշման առավել նշանակալի բարձրացման:

Հ.հ-ով հիվանդի ինքնազգացողությունը կտրուկ վատանալիս հարկավոր է բժիշկ կանչել, բայց մինչև նրա գալը հիվանդին անկողնում կամ բազկաթոռի վրա կիսանստած դիրք տալ, ոտնաթաթերն ու ծնկները տաքացնել՝ փաթաթելով, ջեռակներով, ոտքերի տաք լոգանքով, սրունքներին մանանեխի ծեփուկներ դնելով, ներքին ընդունման համար օգտակար են, օրինակ, կորվալոլի կաթիլները (30-35 կաթիլ), ինչպես նաև այն պատրաստուկի արտահերթ դեղաչափը, որը կանոնավոր օգտագործում է հիվանդը: Հետկրծոսկրային ցավերի ժամանակ անհապաղ օգտագործել նիտրոգլիցերին (դնել լեզվի տակ): Սննդից պետք է խուսափել, ուժեղ գլխացավերի ժամանակ կարելի է ընդունել միզամուղ պատրաստուկի 1 հաբ, եթե այն արդեն օգտագործվել է Հ.հ-յան բուժման համար:

Հ.հ-յան բուժման հիմն. նպատակն արյան ճնշումը հիվանդի համար բարենպաստ մակարդակի վրա պահելն է՝ հնարավորության դեպքում սահմանափակելով նրա տատանումները (ինչպես բարձրացումը, այնպես էլ կտրուկ անկումը): Ճնշման չափից ավելի անկումն անցանկալի է և հիվանդի համար վտանգավոր, քանի որ կարող է առաջացնել գլխուղեղի, սրտամկանի, երիկամների արյունամատակարարման խանգարումներ: Ուստի առանց հսկողության արյան ճնշումն իջեցնող պատրաստուկների ընդունումը, որոնցից շատերն ազդում են ուժեղ և արագ, բացարձակապես անթույլատրելի է: Լավագույնը մշտ. բուժումն է՝ դեղանյութերի անընդհատ և ընդհատումներով (բժշկի նշանակմամբ) ընդունումները (պահպանիչ դեղաչափերով), ինչպես նաև սննդի, բեռնվածության և հանգստի ռեժիմների պահպանումը:

Սակայն նաև այդպիսի բուժման դեպքում հուզ. (երբեմն՝ բավականաչափ) լարվածության ժամանակ հնարավոր են Հ.հ-յան սրացումներ և նույնիսկ հիպերտոնիկ կրիզներ, որոնք մշտ. բուժման պայմաններում ընթանում են բավականաչափ թեթև: Հ.հ-ով հիվանդների բազմամյա դիսպանսերացման արդյունքները ցույց են տվել, որ այն անբուժելի հիվանդություն չէ: Ժամանակակից դեղանյութերի պաշարը և կլինիկ. բժշկության փորձը բավական են, որպեսզի զարկերակային ճնշումը պահպանվի անհրաժեշտ մակարդակի վրա, և կանխվի Հ.հ-յան առաջընթացը: Դա ոչ միայն կանխում է հիվանդության բարդություններն ու հետևանքները, այլև միաժամանակ իջեցնում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը:

Կանխարգելման միջոցառումները նույնն են, ինչ Հ.հ-ով հիվանդների համար նախատեսված հանձնարարականները: Դրանք պետք է կիրառեն զարկերակային ճնշման բարձրացման հակում ունեցող անձինք:

Կանխարգելման միջոցառումները հատկապես անհրաժեշտ են Հ.հ-յան հանդեպ ժառանգ. նախատրամադրվածությամբ մարդկանց (հաճախ՝ երիտասարդների) համար:

ՀԻՊՆՈՍ, տես Ներշնչում հոդվածում:

ՀԻՊՈՂԻՆԱՄԻԱ, տես Թերշարժունություն:

ՀԻՊՈԹԻՐԵՈԶ, ներզատ. հիվանդություն, որը պայմանավորված է վահանագեղձի ֆունկցիայի բնածին կամ ձեռքբերովի (օրինակ՝ վնասվածքից կամ վարակիչ հիվանդություններից հետո) թուլացմամբ: Հ. կարող է առաջանալ նաև վահանագեղձի ֆունկցիայի կարգավորմանը նպաստող հիպոֆիզի ախտահարման ժամանակ (տես Ներզատիչ համակարգ): Վերջինիս հետևանքով պակասում է գեղձի հորմոնների (թիրօքսին և եռայոդթիրոնին) արտադրությունը և հանգեցնում նյութերի ու էներգիայի փոխանակության արտահայտված խանգարումների:

Հ. դրսևորվում է մաշկի, ենթամաշկային բջջանքի, լեզվի այտուցով (լորձայտուց՝ միքսեդեմա), մաշկի չորությամբ, մազաթափությամբ: Նկատվում են արագ հոգնելիություն, հիշողության խանգարում, թորշոմածություն, քնկոտություն, մազերի և եղունգների փխրունություն: Ձայնը ցածր է, խռպոտ, ջերմաստիճանը՝ բարձր, զարկերակային արյան ճնշումը՝ ցածր, լինում է փորկապություն: Նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ, հնարավոր են վիժումներ: Տղամարդկանց սեռ. կարողությունը նվազում է: Երեխաների հոգեկան զարգացումը կասեցվում է, աճումը՝ դանդաղում: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է վահանաձև գեղձի ֆունկցիայի թուլացման աստիճանով:

Բուժումն իրականացնում է բժիշկը: Թիրեոիդային հորմոններով ժամանակին սկսած բուժումը կարող է ապահովել երեխայի ֆիզ. և հոգեկան բնականոն զարգացումը: Մեծահասակների Հ-ի բուժմամբ կանխվում է հիվանդության հետագա խորացումը և վերականգնվում աշխատունակությունը: Դա չի բացառում մշտ. բժշկ հսկողության անհրաժեշտությունը:

ՀԻՊՈԽՈՆԴՐԻԱ, տես Մելամաղձություն:

ՀԻՊՈՎԻՏԱՄԻՆՈԶ, տես Վիտամինային անբավարարություն:

ՀԻՊՈՏԵՆԶԻԱ, տես Թերճնշում:

ՀԻՊՈՏՈՆԻԱ, տես Թերճնշում:

ՀԻՊՈՏՐՈՖԻԱ, տես Թերսնում:

ՀԻՊՈՖԻԶ, տես Ներզատիչ համակարգ հոդվածում:

ՀԻՊՕՔՍԻԱ, տես Թթվածնաքաղց:

ՀԻՍԹԵՐԻԱ, նևրոզների խմբի հոգեկան հիվանդություն: Բնորոշ է հոգեկան վնասվածքի ազդեցությունից թուլացած նյարդային համակարգ ունեցող անձանց և հանդիսանում է տվյալ անձի հակազդեցությունը այն իրադրության հանդեպ, որը նա ի վիճակի չէ հաղթահարել:

Հ-ի դրսևորման ձևերը բազմազան են՝ տարբեր նյարդային նոպաներ, լուծանքներ, որոշակի մկանախմբերի գերձգվածություն, զգացողության խանգարումներ ևն: Այդ ախտանշանները կարող են խորանալ, և այդ ժամանակ դրանցից ազատվելը շատ դժվար է: Հ-ի նոպաները երբեմն դրսևորվում են թեթև ցնցումներով, բայց կարող են ընթանալ ուշագնացության կրծքային հեղձուկի, բրոնխային հեղձուկի, աղիքների կծկանքի և այլ վիճակների նման: Հիվանդության իսկական բնույթն ախտորոշելու համար հարկավոր է հիվանդի, հիվանդությանը նախորդող իրադարձությունների և նրա ապրումների մասին բավարար տեղեկություններ ունենալ:

Հ-ի դեպքում հիվանդները մի կողմից ընդգծում են իրենց տառապանքների չափից ավելի արտահայտվածությունը, «սարսափելի, անտանելի» ցավերը, ցնցող դողը, հիվանդագին ախտանշանների արտասովոր բնույթը, հիվանդության բացառիկությունն ու անհասկանալիությունը ևն, մյուս կողմից անտարբեր են «լուծանքի ենթարկված վերջույթի» հանդեպ, չեն տանջվում «կուրությունից» կամ խոսելու անհնարինությունից:

Հիվանդության երկարատև ընթացքի ժամանակ, եթե համապատասխան բուժում չկիրառվի, կարող են առաջանալ բնավորության և վարքագծի փոփոխություններ: Հիվանդները դառնում են դյուրագրգիռ, եսասեր, նրանց արարքներում