Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թլիպային պարկը բացելով, այսինքն առնանդամի գլխիկի մաշկածալքը հետ տանել և լվանալ այդտեղ կուտակվող ճարպանման նյութը՝ թլպաճարպը (սմեգմա): Երբեմն ծայրային թլիպը նեղ է լինում և թույլ չի տալիս մերկացնել առնանդամի գլխիկը, նման դեպքերում պետք է դիմել բժշկի: Երազախաբությունից կամ սեռ. հարաբերությունից հետո նույնպես խորհուրդ է տրվում տաք ջրով լվանալ սեռ. օրգանները: Տղամարդիկ պետք է գիտենան, որ դաշտանի շրջանում սեռ. հարաբերությունը կարող է կնոջ մոտ առաջացնել ոչ միայն կնոջ սեռ. ոլորտի ախտաբան. շեղումներ, այլև՝ տղամարդու միզուկի բորբոքում, որը կապված է վարակի հարուցիչներ պարունակող արյան մակարդուկը միզանցքի մեջ ընկնելու հետ:

Տարեցների անձնական հիգիենայի առանձնահատկությունները: Ա.հ-ի կանոնների պահպանումը տարեց կանանց և տղամարդկանց համար ունի հատուկ նշանակություն: Ընդհանուր հիգիենային միջոցառումները, բավարար սնունդը, ակտիվ հանգիստը, ֆիզկուլտուրան խթանում են ծերացող օրգանիզմի փոխհատուցող. գործընթացները, բարձրացնում հիվանդությունների հանդեպ կայունությունը:

Հարկավոր է մշտապես խորհրդակցել բժշկի հետ. նա կհանձնարարի տարիքին և առողջ. վիճակին համապատասխան ֆիզ. բեռնվածություն և սննդակարգ:

ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, լինում է տարբեր հիվանդությունների (միզուղինե- րի, նյարդային, կանանց) ժամանակ: Տարբերում են բացարձակ (լրիվ), հարաբեր. (մասնակի) և գիշերային Ա.:

Բացարձակ Ա-յան դեպքում մշտ. միզարձակում է լինում, և մեզը միզապարկում չի պահվում: Հաճախ այն կապված է միզածորանների, միզապարկի կամ միզուկի բնածին թերությունների, ինչպես նաև տարբեր միզային խուղակների հետ: Նման դեպքերում անհրաժեշտ է վիրահատություն:

Հարաբեր. Ա-յան ժամանակ լինում է քիչ միզարձակում՝ հազի, արագ քայլելու կամ ֆիզ. լարվածության դեպքերում, հաճախ կանանց մոտ առաջանում է ծննդաբեր. վնասվածքներից հետո: Այն կարող է կապված լինել նաև նյարդային համակարգի հիվանդությունների հետ: Այդ ձևի Ա. բուժելիս (այլ մեթոդների հետ միասին) մեծ է բուժ. ֆիզկուլտուրայի դերը: Վարժությունների համալիրն ընտրում է բժիշկը՝ նկատի ունենալով հիվանդի տարիքն ու ընդհանուր վիճակը:

Ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբեր. Ա-յան ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի՝ պատճառը պարզելու, հիմն. հիվանդությունը ժամանակին բուժելու համար:

Գիշերային Ա., երբ ակամա միզարձակում է լինում քնած ժամանակ, որպես կանոն, ունենում են երեխաները, հազվադեպ՝ մեծահասակները: Գիշերային Ա. կարող է լինել բնածին թերզարգացած միզապարկի, երեխայի ֆիզ. ընդհանուր թերզարգացման, թլիպանեղացման, միզապարկի բորբոքման և միզասեռ. համակարգի այլ հիվանդությունների հետևանքով: Այն երբեմն առաջանում է կենտր. նյարդային համակարգի ժամանակավոր ֆունկցիոնալ և օրգ. (ուռուցք. բորբոքում) փոփոխությունների հետևանքով: Գիշերային Ա. կանխելու նպատակով շատ կարևոր է վաղ մանկ. տարիքում մշակել կամային միզարձակում, որի համար անհրաժեշտ է ստիպել երեխային մինչև քնելը անպայման միզել և դրա համար գիշերը ևս արթնացնել: Խորհուրդ չի տրվում երեկոյան, հատկապես գիշերը, շատ հեղուկ օգտագործել: Տարիքի հետ (12-16 տարեկանում) գիշերային Ա. սովորաբար դադարում է: Սակայն, նկատի ունենալով գիշերային Ա-յան բազմազան պատճառները, անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ, պարզել բնույթը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: Ա-ից պետք է տարբերել միզարձակումը զսպելու անկարողությունը, որը կապված է միզապարկի բորբոքման, շագանակագեղձի գեղձուռուցքի, միզաքարային և այլ հիվանդությունների հետևանքով միզապարկի ուժեղ գրգռվածության հետ: Միզարձակումը զսպել չկարողանալը դադարում է այն առաջացնող հիվանդությունը բուժելուց հետո:

Ա-յան ժամանակ մշտապես կամ պարբերաբար միզարձակումը գրգռում, խոնավացնում է սեռ. օրգանների, շեքի, ազդրի մաշկը և ազդում է հիվանդի ընդհանուր վիճակի վրա: Հիվանդը դառնում է ինքնամփոփ, գրգռված, չհավասարակշռված: Մաշկի վրա մեզի գրգռող ազդեցությունը կանխելու համար օգտվում են մեզընդունիչից, ամեն օր ընդունում հիգիենային լոգանքներ, շեքի և ազդրերի մաշկին վազելին քսում:

ԱՆՆԵԽՈՒԹՅՈՒՆ, տես Հականեխություն, աննեխություն հոդվածում:

ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ, վնասված (հիվանդ) օրգանի համար հանգիստ պահանջող վնասվածքների, բորբոքային և այլ ծանր հիվանդագին գործընթացների ժամանակ վերջույթի կամ մարմնի տարբեր մասերի անշարժության ապահովումը: Տարբերում են տրանսպորտային (ժամանակավոր) և բուժ. (մշտ.) Ա.:

Բուժ. Ա., որպես կանոն, իրականացնում է բժիշկը, երբեմն՝ բուժակը, առավել հաճախ՝ գիպսակապով: Տրանսպորտային Ա. կոտրվածքների և այլ ծանր հիվանդությունների ժամանակ 1-ին օգնության կարևորագույն միջոցառում է:

Տրանսպորտային Ա. իրականացնում են դեպքի վայրում, դրա նպատակը տուժածին բուժհիմնարկ տեղափոխելիս մարմնի վնասված մասի կրկնակի վնասման կանխումն է: Բուժհիմնարկում անհրաժեշտության դեպքում ժամանակավոր Ա. փոխարինում են մշտականով (տես Հոդախախտում, Կոտրվածքներ): Հատկապես կոտրվածք ունեցող տուժածներին առանց Ա-ման չի թույլատրվում տեղափոխել կամ տրանսպորտով փոխադրել թեկուզ կարճ տարածություն (տես Առաջին օգնություն):

Տրանսպորտային անբավարար Ա. կարող է մեծացնել ոսկրային բեկորների տեղաշարժումը և ոսկրերի սուր բեկորներով վնասել նյարդացողուններն ու խոշոր արյունատար անոթները: Փափուկ հյուսվածքների ծավալուն վերքերի, ինչպես