Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/731

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են հողի, ջրի, սննդամթերքի փորձանմուշների ընտրությանը, դրանք համապատասխան լաբորատորիա հասցնելուն: Բժիշկ-մասնագետների ղեկավարությամբ սանդրուժինաներն իրականացնում են բնակչության շտապ կանխարգելիչ միջոցառումներ, բնակարանային (բակային) այցերթեր, հայտնաբերում վարակված կասկածյալներին, օգնում են նրանց մեկուսացմանը և մասնակցում հիվանդների հոսպիտալացմանը: Օջախում կարանտին հայտարարելու դեպքում սանդրուժինաները մասնակցում են կանոնակարգային միջոցառումներին և դրանց կատարման հսկողությանը, հետևում են այն բնակարանների ժամանակին վարակազերծմանը, որտեղ հայտնաբերվել է վարակիչ հիվանդ, բերում են վարակազերծող միջոցներ, վարակազերծման խցիկ են տեղափոխում անհրաժեշտ հագուստ և տնային գործածության իրեր: Անհրաժեշտության դեպքում սանդրուժինաների անձնակազմին ներգրավում են հիվանդներին խնամելու գործում: Բակտերիային վարակման օջախ ժամանող ԱԲՕՋ-ները կարող են օգտագործվել լրացուցիչ ստացիոնարներ (բաժիններ) կազմակերպելու համար՝ վարակիչ հիվանդներին հոսպիտալացնելու նպատակով: Հայտնաբերված վարակիչ բոլոր հիվանդներին հոսպիտալացնում են կարանտինի գոտուց դուրս գտնվող կամ նոր կազմակերպվող վարակիչ հիվանդությունների ստացիոնարում: Բակտերիային վարակման օջախում հաս. կարգի պահպանության ծառայության վրա է դրվում պարետային ծառայությունը՝ օջախի շրջափակումը, այդտեղից դուրս գալու, մեկնելու արգելումը, ներս գալու ու ժամանելու սահմանափակումը, խուճապի դադարեցումը, ախտահարման շրջան մտնելու թույլտվության կանոնակարգի ապահովումը: Երթևեկության հիմն. մայրուղիներում գործում են հսկիչ-թողարկիչ կետեր, օջախի արտաքին սահմաններով կատարվում է պարեկություն: Օջախը վերացնելուց հետո այդտեղ աշխատած բոլոր միավորումներն անցնում են լիակատար սան. մշակում: Բակտերիային վարակման օջախը համարվում է վերացված, եթե վերջին հիվանդի (հիվանդացածի) հոսպիտալացման ժամանակից անցել է հայտնաբերված հիվանդության ամենատևական գաղտնի (ինկուբացիոն) շրջանին հավասար ժամանակ, և ավարտվել է օջախում կատարված եզրափակիչ վարակազերծումը:

ՔԱՂՑ, որպես ֆիզիոլոգիական երևույթ, յուրահատուկ զգացում, որն արտահայտում է օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջը սննդի նկատմամբ: Բնորոշ է բոլոր կենդանիներին և մարդուն: Ք-ի կենսբ. նշանակությունն այն է, որ կենդանիներին և մարդուն մղում է դեպի սննդի ակտիվ որոնումն ու օգտագործումը: Փորձառ. եղանակով հաստատվել է կենտր. նյարդային համակարգում (գլխուղեղում), այսպես կոչված, Ք-ի և հագեցածության կենտրոնների առկայությունը: Ք-ի կենտրոնների գրգռումը էլեկտր. հոսանքով կուշտ կենդանիներին ստիպում է կեր որոնել և ուտել, իսկ հագեցածության կենտրոնների գրգռման դեպքում քաղցած կենդանիները դադարեցնում են կերի ընդունումը: Նյարդային կենտրոնները սննդի նկատմամբ օրգանիզմի պահանջը փոխակերպում են առանձնահատուկ նյարդային դրդման, այսպես կոչված, սննդային դրդապատճառի, որն իրականացվում է սննդահայթայթման վարքագծով:

Ք-ի զգացումը կարող է դրսևորվել այրոցի, ճնշման, նույնիսկ սրտագդալի շրջանում ցավի (քաղցի ցավեր) զգացումով, երբեմն սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավերով:

Ք-ի արտաքին դրսևորումը սննդի համառ որոնումն է, որը հաճախ կապված է նույնիսկ զգալի խոչընդոտների հաղթահարման հետ: Ք-ի ժամանակ մեծանում է ստամոքսի և աղիքների մկանների լարվածությունը (տոնուսը), առաջանում է քաղցի գալարակծկանք (ստամոքսի և աղիքների կծկումները 15-20 ր տևողությամբ՝ յուրաքանչյուր 1,5-2 ժ մեկ): Ք-ի վիճակը բնորոշվում է արյան մեջ սննդանյութերի պարունակության նվազմամբ («քաղցած արյուն»):

Ֆիզիոլոգիական առումով Ք. կապված է հագեցածության հետ: Բնականոն պայմաններում Ք-ի զգացման բավարարումը տեղի է ունենում հագեցածության 1-ին փուլում, երբ ընդունած սնունդը ներգործում է մարսող. համակարգի սկզբն. բաժնի վրա և այնտեղ գրգռում նյարդային վերջույթները, որոնք դրդման ազդանշանները հաղորդում են հագեցածության կենտրոն: Սննդի ընդունումից 1,5-2 ժ անց սննդանյութերը ներծծվում են, և տեղի է ունենում իրական հագեցածություն. արյունը դադարում է «քաղցած» լինելուց և արդեն պարունակում է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերի բավարար քանակ:

Ք-ի վիճակի կարգավորման և հետագա հագեցածության համար կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի սննդանյութերի պահեստները (դեպոներ), որոնք բնականոն պայմաններում «փակվում են» շատ ավելի շուտ, քան ծախսվում են սննդանյութերի բոլոր պաշարները: Դա հարմարվող. մեխանիզմներից մեկն է, որը կենդանիներին և մարդուն պաշտպանում է հյուծումից ու ստիպում սնունդ որոնել սեփական պահեստները դատարկվելուց շատ առաջ:

Ք-ի և հագեցածության փոխհարաբերության խանգարումները կարող են հանգեցնել ճարպակալման կամ հյուծման: Եթե սննդանյութերի պահեստները ժամանակին չեն փակվում, տեղի է ունենում հյուծում, իսկ երբ փակվում են չափազանց շուտ, դեռ սննդանյութերի ավելցուկի ժամանակ, առաջանում է ճարպակալում: Սննդանյութերի պահեստների ծախսումը կարգավորվում է կենտր. նյարդային և ներզատիչ համակարգերով: Եթե Ք-ի կենտրոնների արգելակումը տեղի է ունենում ուշ կամ բոլորովին չի լինում, ապա հագեցածության զգացում չի առաջանում, և մարդն օգտագործում է ավելի շատ սնունդ, քան դա անհրաժեշտ է: Եվ ընդհակառակը, եթե սննդի օգտագործումը խիստ արագ ճնշում է քաղցած դրդումը, ապա մարդն ուտում է ավելի քիչ, քան անհրաժեշտ է օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջը լրացնելու համար:

Ք-ի և հագեցածության կարգավորման խանգարումները կարելի է կանխել սննդի կանոնավոր ընդունմամբ, ժամանակին կազմակերպված հանգստով (քաղցածության դրդումը հաճախ ճնշվում է հոգնածության, նյարդային գերլարման և այլ պատճառների դեպքերում), դա հատկապես վերաբերում է երեխաներին, որոնց կարգավորման մեխանիզմները դեռ կատարյալ չեն:

Ախորժակի խանգարումների (օրինակ՝ բացակայության) դեպքում պետք է դիմել բժշկի, որն անհրաժեշտության դեպքում կնշանակի համապատասխան ռեժիմ և սնման օրաբաժին, իսկ որոշ դեպքերում՝ նաև դեղանյութեր:

Սննդի սահմանափակումը, որպես բուժ. սննդի եղանակ, կիրառվում է ըստ խիստ բժշկ. ցուցանիշերի, հատուկ հետազոտությունից հետո և բժշկի հսկողությամբ՝ հիմնականում հիվանդանոցային պայմաններում: Առանձնապես զգուշորեն պետք է վերաբերվել Ք-ով բուժմանը (տես Բուժական սնունդ):

Քաղցածությունը օրգանիզմի վիճակ է, որն առաջանում է սննդանյութերի լրիվ բացակայության կամ անբավարար ստացման հետևանքով, ինչպես նաև, երբ սնունդը լինում է ոչ լիարժեք կամ որևէ պատճառով օրգանիզմը չի կարող այն յուրացնել: