Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետը ծեծեց... հրամայեց ծեծել, հինգերորդ օրը դրանից հետո, հորս աղիքներումը ջիղը ճաքեց, արնահոս եղավ։ Իսկ ես դեռ առաջ, երեք տարի կլիներ, սուրբ էի դառել.. Ա՛յ ինչ... չգիտեմ, ձեզ ո՛նց կոչեմ..

ԴՈՆԱՏ Մարդիկ:

ԼԱՊՏԵՎ Քաղաքացիներ։

ՊՐՈՊՈՏԵՅ Դուք գլխիս փորձանք չե՞ք բերի:

ԴՈՆԱՏ Դու մի՛ կասկածի, պատմի՛:

ՊՐՈՊՈՏԵՅ Ինձ մի թափառական, կարգալույծ սարկավագ խորհուրդ տվեց, մարդիկ, ասում է, հիմար են, նրանց պիտի աստծու վրա հեծած մոտենաս, միայն թե անհասկանալի լինի, սարսափելի, նրանք այդ բանի համար հեշտությամբ կուտացնեն, կխմացնեն, Նու... Դուրս եկավ ճիշտ է. հիմա՛ր են մարդիկ, էն էլ էնպե՛ս, որ շատ անգամ ի՛նքդ ես նրանց տեղ ամաչում, Մեկ-մեկ էլ խղճում ես։ Ապրում ես կուշտ, հարբած, քիթդ ծխախոտում, փողը գրպանումդ, իսկ շուրջդ՝ թշվառություն: Երբ որ փորդ լիքն է՝ մնացածը ամեն բան հե՛չ, (Խոսում է ավելի խիստ ու խոժոռ): Համա թե, էլի խիղճդ տխուր է, ես ամբողջ Ռուսաստանը վերից վար ման եմ եկել և ամեն տեղ թշվառություն է, ո՜ւխ, ինչպիսի: Թափվում է թշվառության մուրը, ինչպես Վոլգայի ջուրը, հազարավոր վերստեր ամբողջ երկրի վրա: Մարդկային կերպարանքն է սրբում մարդկանց վրայից: Իսկ ես, երբեմն, երանելիություն եմ անում, սարսափեցնում եմ: Երբ դեմ ես առնում որևէ խելացի մարդու, ասում ես՝ ի՞նչ ես դու, քո մերը... ներեցե՛ք:

ԼԱՊՏԵՎ Ոչի՛նչ: Փչի՛, ծանոթ խոսքեր են: