Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հեռո՛ւ․․․ Պատերազմ է հայտարարված
Աստ՝ առաջնություն շահելու համար՝
Աստվածներին հի՛ն․․․


— «Սա խիզա՜խ է,— ասացին սոխակները — Օ, այո՛․․․ սա շա՜տ է խիզախ․․․»

Պուրակը լսում էր և զգում ինչ-որ լավ և ուժեղ բան, այդ զգացմունքը լցնում էր նրան տաքությամբ ու լույսով, և նույնիսկ ծառերի հին, գորշ մամուռով ծածկված ճյուղքերը շշնջացին անցյալ օրերի մասին։ Այդ հիանալի գարնանային օրեր էին, երբ պուրակում նոր էին սկսել ծաղկել ծաղիկներն ու հույսերը, երբ թռչունները երգում էին [ազատ] հնչեղ երգեր արևին, իսկ ամպերից ազատ երկինքը թվում էր անսահման խորը և կարծես կանչում էր թռչուններին փորձել թևերի ուժը, հասնել նրա խորությանը։ Այն լա՜վ օրեր էին, երբ հարկ չկար ստիպելու քեզ ապրել, որովհետև ուզում էիր ապրել,— կար նպատակ և հույս կար հասնելու նրան։ Եվ այդ օրերը հայտնվեցին պուրակի առջև և, աստղերի նման, փայլեցին մշուշում, որ պուրակից ծածկում էր երկինքը։

Թռչունները թպրտացին և կենդանացան։ Ո՞ւր է երգիչը։ Թող նա ընդունի հիացմունքի և շնորհակալության տուրքը։ Դա, երևի, հոյակապ, գեղեցիկ թռչուն է։

Նրանք հավաքվեցին ամբողջ երամով և նետվեցին այնտեղ, որտեղից նրանց ընդառաջ էին թռչում աշխույժ և հպարտ հնչյունները։

Բայց երբ նրանք թռան-եկան, տեսան, որ այդ պարզապես մի սարյակ է— ամենասովորական, գորշ,