Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԻՆ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՏԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ


Սահման քաջաց զէնն իւրեանց
(Քաջերի սահմանը իրենց զենքն է)։

Պատմության զոհի բարդույթի հաղթահարումից հետո արցախյան հաղթանակների հոգեբանական երկրորդ մեծ նվաճումը դարձավ ԼՂՀ և Հայաստանի հանրապետությունների սահմանամերձ շրջաններում վերջին տան վախի զգացումը առաջին տան վճռականությամբ փոխարինելը։

Երբ ետադարձ մի հայացք ենք նետում մեր պատմությանը, տեսնում ենք բնորոշ այն օրինաչափությունը, որ մենք ապրել ենք վերջին տան վախի, իսկ մեր հայրենիքը յուրացնողները՝ առաջին տանը լինելու հոգեբանությամբ։ Սահմանակից, դեմ դիմաց գտնվող երկու տներից հայկականում այն մտավախությունն է եղել, որ առաջին հարվածը, թալանը ու սրածությունը առաջին այդ տունն է կրելու, որի համար թողել են այն և մի այլ տեղ ապաստանել։ Նման ձևով ապա ընկել է հաջորդ տունը, հետո՝ թաղը, այնուհետև՝ ողջ շենը, որին հաջորդել է գավառը, և այսպես շարունակ։

Մեր հայրենիքը յուրացնողները, սակայն, ապրել են առաջին տան հոգեբանությամբ, թե առաջինը իրենք են առաջ գնալու և տեր դառնալու իրենց դիմաց գտնվող վերջին տանը, և այսպես առաջ են շարժվել դեպ վերջին տունը, թաղը, շենը ու գավառը...

Վերջին տան այս հոգեբանությունն այնքան ողբերգականորեն արտահայտվեց նաև արցախյան շարժման սկզբում, երբ սահմանամերձ գյուղերի եզրային տների յուրաքանչյուր բնակչի թվում էր, թե առաջինն ի՛ր տունն են մտնելու։ Իրենց իսկ բնորոշմամբ մի գիշեր ներս են մտնելու և «կըտորելու»՝ կոտորելու։