Կիսանդրին չի պատասխանում, նա լսում է: Իրերը շատ շուտ են ըմբռնում մարդուն:
3
Առավոտյան Մեյրիի բնակարանի դուռը միշտ բացվում է և փակվում: Սենյակիս դուռը բաց եմ անում, տեսնում Մեյրիին, որ մտնում է և դուրս գալիս, միշտ ոտի վրա, կաթ է բերում, ձու է բերում, ապա տաք կարկանդակներ, արդուկը տանում է դուրս, մաքրում և բերում, սպիտակ շորեր է դուրս տանում, փռում և վերադառնում։
Ես և Մեյրին արդեն բարեկամներ ենք։
— Բարի լույս,- ասում է Մեյրին:
— Բարի լույս, Մեյրի,– պատասխանում եմ։
Նա ժպտում է սպիտակ ատամներով, աչքերը վառվում են, շրթունքները դողում։ Նա աշխատում է տիրել շրթունքներին, որովհետև շրթունքները շուտ են մատնում մարդու ներքին զգացումները, բայց նրա շրթունքները դողում են քամու աոաջ կախված թիթեղի նման։
— Տիկինդ այրի՞ է, Մեյրի,— հարցնում եմ։
— Ոչ, բայց... այո, այրի է... չէ, այրի չէ,— պատասխանում է Մեյրին և բարձր ծիծաղում:
Մեյրիի տիկինը երևում է դռան մեջ։ Ես անմիջապես քաշվում եմ, մինչև անգամ համոզված լինելով, որ Մեյրին վատ է զգալու իմ կոպիտ վերաբերմունքից։
— Բայց ոչինչ,— մտածում եմ,— հետո կիմանա, որ ես քաշվեցի, որպեսզի տիկնոջ դռան մեջ երևալն իմացնեմ։
— Մեյրի,— ճչում է տիկինը զայրացած։
— Այո, մաամ,— պատասխանում է Մեյրին ինքնաբերաբար։
Լսում եմ Մեյրիի ոտների ձայնը։ Գնում եմ ներս։
Ինձ զարմացրեց Մեյրիի տարօրինակ պատասխանը իր տիկնոջ այրի լինելու մասին:
— Երանի այրի չլիներ,— մտածում եմ,— այդ փտած կենդանին ստիպված կլիներ մեկնումեկին զբաղեցնել։
Հաջորդ գիշերը վեր բարձրանալիս` տեսա, որ Մեյրին