— Ասա, ինչո՞ւ:
— Պարզ է, դու սպիտակ ես, ես՝ սև։
Այս անգամ ես ծիծաղեցի:
— ՉԷ՞ որ ես և դու միևնույն աշխատանքն ենք կատարում այս գորգի վաճառատան մեջ, չէ՞ որ միևնույն փոշին ենք կուլ տալիս, միևնույն ծանրությամբ գորգեր ենք շալակում, միևնույն մութ նկուղում գորգ ենք լվանում և միևնույն ռոճիկն ենք ստանում։ Աշխատանքից ստացած վարձատրությունն է, որ մեզ դարձնում է միևնույն դասակարգի մարդը. իմ սպիտակ մորթին ինձ ոչ մի առավելություն չի տալիս։ Թոմի աչքերը փայլատակեցին։ Նա զգաց, որ չէր կարող խուսափել իմ խոսքերից, բայց պատասխանեց.
— Հարավում այդպես չէ, հարավում սպիտակ գույնը մարդուն դարձնում է ազնվական, առանձնաշնորհյալ, սպիտակ գույնը մինչև անգամ մարդուն խելոք է դարձնում:
— Ճիշտ է, հարավում այդպես է, բայց հարավի այն սպիտակները, որոնք աշխատում են ուրիշների համար, պիտի գիտակցեն մի օր։
Թոմը կամաց-կամաց խորագույն վստահությամբ լցվեց դեպի ինձ և իմ ընկերները։ Մենք նրան հաճախ տանում էինք դասախոսությունների։ Որովհետև նա միշտ մերժում էր գալ մեզ հետ սպիտակների թատրոնը, մենք էինք գնում նեգրերի թատրոնն իր հետ:
— Թո՛մ,— մի օր դիմեցի նրան,— դու մեզ չպատմեցիր, թե ինչո՞ւ հարավից փախար դեպի հյուսիս։
— Այժմ կպատմեմ,— ասաց Թոմը և հայտնեց, որ նա հարավից փախել էր Լինչի դատաստանից խուսափելու համար: Հարավցի սպիտակամորթներն ամբաստանել էին նրան, որ սիրահարվել է սպիտակ աղջկա վրա։ Հարավցի սպիտակամորթները որոշել էին նրան Լինչի դատաստանին ենթարկել։
— Դու սիրո՞ւմ էիր սպիտակամորթ աղջկան,— հարցրի Թոմին:
— Այո, սիրում էի, բայց ես այդ աղջկա հետ չէի խոսել անգամ, միայն ամեն օր կանգնում էի փողոցի վերևը, որպեսզի, երբ աղջիկն անցնի, տեսնեմ։ Այս էր իմ բոլոր սերը, սպիտակամորթները նշմարել էին և որոշել էին ինձ