Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

--Պետք է որդեգրել շողոքորթության և ստի մեթոդները այս աշխարհում,- ասում էր Ասատուրը,- եթե ոչ` ուրիշ ելք չկա։

Ես ծիծաղում էի, որ այդ ողորմելին ուրիշ ելք չէր գտնում։

Ճակատագրականորեն ես չկարողացա նրան մի պաշտոն գտնել։ Իմ բոլոր ամերիկացի բարեկամներից խնդրեցի նրա համար մի ծառայություն գտնել, մինչև անգամ մի անհարմար պաշտոն, բայց ոչ մի դրական հետևանքի չհասա։ Երբ նրան տեսնում էին, վախենում էին նրա աչքերից: Նրա հսկայությունից։ Ամերիկացիներից մեկը մինչև անգամ մի օր ինձ ասաց.

--Նա անպայման անարխիստ է։

Ասատուրի վրա չափազանց ազդեցին անհաջողությունները, նա իրան մատնեց լռության, այնպիսի լռության, որ ակտիվ էր, որովհետև հայտնի էր, որ նա մի բան էր մտածում, մինչև անգամ այդ մտածմունքը նրան տանջում էր։

--Ւմ մասին էլ մի մտածի,- մի օր ասաց ինձ Ասատուրը,- մի քանի օրից ես դուրս կգամ այս դժվարություններից։

--Ի՞նչ պետք է անես։

--Կտեսնես, ես մտածել եմ մի շատ հեշտ ճանապարհ, կտեսնես մի քանի օրից հետո։

Ես ոչ միայն զարմացա, այլև մինչև անգամ հեգնորեն ծիծաղեցի Ասատուրի վրա։

--Եթե կար այդպիսի հեշտ ճանապարհ, ինչո՞ւ մինչև հիմա ձեռք չառար և հասար ծայրահեղ աղքատության ու աղքատությունից բխող հոռետեսության։ Ասատուրը, ատամները կրճտացնելով, կրկնեց.

--Իմ ճանապարհը հեշտ ճանապարհ է գտնելուց հետո միայն, գտնելն էր դժվար: Շուտով դուրս կգամ այս դժվարություններից, կտեսնես,- կրկնեց Ասատուրը։

***

Եվ իսկապես, մի քանի օր հետո Ասատուրը տուն եկավ եկեղեցական տարազով, բարձր ցիլինդր գլխին, սափրված, մաքրված և մինչև անգամ ձևերի մեջ որոշ չափով փոխված։

--Սա ի՞նչ է։