Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգ առավ և տիրեց ծանր լռություն։ Բուրբոն պահ մը խոժոռ նայվածքներ պտտցուց իր շուրջը, կուրծքը ցցեց, ձեռքը դարձյալ բարձրացուց, աչքերը հառեց երկնքին և պոռաց․

—Ցրվեցե՛ք։

Ժխոր, աղմուկ: Թափորին մեջ մինչև անգամ կարելի էր նշմարել տարիքոտ մարդիկ։

Փոքրիկ Բուրբոն ներս մտավ ծանր քայլերով, քույրերը հավաքվեցան իր շուրջը, մեկը գրկեց, մյուսին տվավ։ Երջանկությունը անչափ էր իր ծնողներուն համար։ Բուրբոն խոսելով թափորի մասին՝ ըսավ․

— Ես կազմակերպեցի․․․

Փոքրիկ Բուրբոն հետզհետե սկսավ իր հեղինակությունը տարածել ծխական վարժարանի մեջ։ Փոքրիկ տղոց մեջ ծագած բոլոր վեճերը կը լուծվեին Բուրբոնի հեղինակավոր վճիռովը։

Անիկա շուկայի մեջեն կանցներ հեծանիվի պես արագ։ Խանութպանները կը դառնային իրարու և մատով Բուրբոնը ցուցնելով՝ կըսեին։

— Բուրբոնը․․ կանցնի։

Բուրբոն չէր քալեր, կսուրար․․․

Օր մը երբ ճանապարհի վրա մեկը անզգուշությամբ իրեն զարնվեցավ՝ կեցավ Բուրբոն, ոտքեն մինչև գլուխը լավ մը դիտեց արհամարհական նայվածքով և․․․ անցավ։

Իր անցքը փողոցներուն մեջ երբեք աննշմարելի չէր։

Ծխական վարժարանը տակավին չավարտած՝ իր ծնողները մտածեցին Բուրբոնը ուղարկել կոլեջ։ Այո որոշումը անմիջապես գործադրության դրվեցավ։ Բուրբոնը կուղարկվեր Խարբերդ, Եփրատ Կոլեջ մեծ և ահավոր հույսերով, իբրև գիշերօթիկ աշակերտ։ Փոքր Ասիայի այդ կողմերը այն ատեն, ինչպես այժմ, կանոնավոր շոսեներ չկային և գավառի զանազան գյուղերե և քաղաքներե կենտրոն գալու համար պետք էր տաժանելի և երկար ճամփորդություն մ'ընել ձիերու, էշերու և ջորիներու վրա նստած։

Բուրբոնի ճամփորդությունը որոշված օրեն օր մը ուշացավ, որովհետև խեղճ հայրը, առանց նկատի առնելու իր