Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այս տան ներքին ընտանեկան և առևտրական գործերին դուք էիք ավելի ծանոթ, Հալետ էֆենդի, օգոստափառ սուլթանը ձեր ցուցմունքներով գլխատել տվեց Տյուզյաններին։

ՀԱԼԵՏ.— Իմ գիտցածի չափով դուք ևս տեղյակ էիք հանցավորների գործերին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ինչ որ էլ լինի, պահված է հարստությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ուրախ եմ, որ գաղտնիքը պարզված է, և չի տուժի կայսերական գանձարանը։

ԻՍԽԵԼ.— (Ներսից բաց է անում մատուռի պատերը, աջ ու ձախ կողմերի վրա: Մատուռը նույնանում է դահլիճի հետ: Մատուռի բոլոր մոմերը վառված են: Տաճարի ֆոնում երևում է ս. կույս Մարիամի մեծադիր նկարը, տաճարի վրա՝ պատարագի բոլոր սարքը: Տաճարի առջև ծնկի են եկած մայրը և հարսը սևեր հագած և կաթոլիկական վարդարանը ձեռքներին, երկուսն էլ մրմնջում են «Ողջույն քեզ, ս. կույս Մարիամ» երգը: Պատերը բացվելուց հետո՝ նրանք անտարբեր շարունակում են երգը: Մատուռի աջ ու ձախ պատերի վրա կախված են Քրիստոսի խաչելության մեծադիր բրոնզե արձանները, առաջները վառվում են մոմերը: Իսխելը ամբողջ մատուռը բանալուց հետո սկսում է մի շնական և երկար ծիծաղ:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Եկեղեցի...

ՀԱԼԵՏ.— Պարզվում է ամեն ինչ։

ԻՍԽԵԼ.— Կաթոլիկ եկեղեցի։ Կաթոլիկ պաշտամունք:

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Պիտի լուր տալ նորին օգոստափառության։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պիտի գլխատել և կանանց։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սրա հեղինակները պատժված են, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պիտի կրկին պատժել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Թեթև ժպիտով) Պիտի վերագլխատել, այո՛, տեր իմ։

ԻՍԽԵԼ.— (Բարձրանում է տաճարը, առնում է սկիհը, բերում է ներքև և արնամարհական արտահայտությամբ մոտենալով Հաջի Չելեբուն ու բարձր հռհռալով) Այս ի՞նչ է, հը՞, թքամա՞ն։ (Թքում է սկիհի մեջ)

ՀԱԼԵՏ.— (Հռհռում է:)