Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրոնի պաշտամունքը։ Այս օրենքը լինելով մեր օրենքներից ամենից...

ՍՈՒԼԹԱՆ.— Կա՛րճ։ Հոգնել եմ կաթոլիկ ու լուսավորչական վեճերից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Աճուրդի ընթացքում Տյուզյանների ապարանքում բացվեց մի մատուռ, մի կաթոլիկ եկեղեցի։

ՍՈՒԼԹԱՆ.— Այդ բավական է, որ ես հիմա խորապես համոզվեմ նրանց գլխատելու վճռում։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մատուռի բացվելուց հետո...

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ ցանկանում լսել ավելին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Մատուռի բացումը ցույց տվեց...

ՍՈԻԼԹԱՆ.— (Զայրացած) Բավակա՛ն է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Խոնարհվում է, և նրա հետ՝ բոլորը:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Երկար լռություն: Բոլորը խոնարհված դիրքում) Ծախեցի՞ք մատուռի գույքը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Շտկվում է, նրա հետ՝ մյուսներն էլ) Ո՛չ, օգոստափառ, կարգադրեցի, որ եկեղեցական բոլոր անոթներն ուղարկվեն հայոց պատրիարքին։

ՍՈՒԼԹԱՆ.— Լա՛վ, այժմ գնացեք բոլորդ։ Սենեկապե՛տ, այստեղ ուղարկիր իմ կրետացի հարճին։

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Կկատարվի կայծակի արագությամբ։

Բոլորը դուրս են գնում խոնարհվելով և ետ-ետ քաշվելով։

ՍՈԻԼԹԱՆ.— Խաղաղ է իմ կայսրությունը, պետք է զվարճանալ։

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս: Ետևից կրետացի հարճը:) Կատարված է նորին օգոստափառ կայսեր հրամանը։ (Խոնարհվելով դուրս:)

ՀԱՐՃ.— (Ծունկ է չոքում սուլթանի առաջ:)

ՍՈՒԼԹԱՆ.— Բարձրացիր իմ ծնկներին։

ՀԱՐՃԸ.— (Բարձրանում և նստում է սուլթանի ծնկներին:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Վավաշոտ սիրաբանելով) Այսօր իմ տրամադրությունը բարձր է, խնդրիր ինձանից ինչ որ ցանկանում ես, և ես կշնորհեմ քեզ։