Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պապի ողջ արևը քեզ լինի, ո՛րդի,— շշնջաց պապի անդրանիկ որդին։

Երեմիան դիտեց իր հոր փակված աչքերը, ինչպես մեռած օրը, դիտեց նրա երկար և խիտ հոնքերը, երկար մազերը, բաց և լայն ճակատը, կուրծքը ծածկող միրուքը և մի ձեռքը, ուռած երակներով, որ անկախ թևից, հանգչում էր կրծքի վրա։

— Հովնաթա՜ն…— նորից բացականչեց ապշահար հայրը,— դո՞ւ շինեցիր։

— Այո՛,— պատասխանեց Հովնաթանը և ժպտաց կապույտ աչքերով։

Առաջին անգամ իր կյանքում Անդրեասի որդի Երեմիան անդրադարձավ կավի այդքան ազնիվ օգտագործման։ Նա երբեք չէր մտածել, որ կավը, բացի թասերից, գավերից, փարչերից և աղյուսներից, կարելի էր օգտագործել և անմահության համար։

Երեմիան, իբրև արձան, միայն տեսել էր Քրիստոսի խաչելությունը։

— Ի՞նչ անենք այս…

Երեմիան կանգ առավ, չկարողացավ խոսքը վերջացնել, որովհետև մինչև անգամ չիմացավ, թե ի՞նչ անուն պետք է տալ — ո՛չ աման էր, ո՛չ գավ և ո՛չ էլ կուժ։

— Արձանը,— ասաց Հովնաթանը։

— Այո, արձանը,— շշնջաց Երեմիան։

— Տանե՛նք և թրծե՛նք։

Եվ հայր ու որդի տարին կավը, դրին հնոցի մեջ և գիշերը բոլոր վառեցին հնոցը։

Ո՛չ մի կիրակի իրիկուն հնոցը չէր վառվել։ Երբ ծուխն ամպի նման բարձրացավ, բոլորը զարմացան։

Առավոտյան նրանք վերադարձան տուն և քնեցին։

Նրանք զարթնեցին միջօրեին, զարթնեցին և վազեցին հնոցը, բարձրացան պատերի վրա, հնոցը դեռ տաք էր, բայց տեսան, որ պապի կավը թրծվել էր, կարմրել, ինչպես եփած ճակնդեղը։

— Թո՛ղ մնա, մինչև իրիկնային քամին բարձրանա և սառեցնի,— ասաց հայրը։

— Թո՛ղ մնա,— ասաց որդին։